Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հանդիպման ընթացքում Ադրբեջանը խոսել է այն մասին, ինչը հետաքրքրում է իրեն, Հայաստանն այն մասին, ինչ հետաքրքում է ՀՀ-ին, նման իրավիճակներում առավել ևս երրորդ երկրներում անցկացվող ֆորումների շրջանակներում այլ բան սպասելն իմաստ չունի: Հայաստանն ու Ադրբեջանը չեն ցանկանում միջնորդավորված բանակցություններ, բացի այդ նման հանդիպումները իրավիճակային են և ոչ թե կազմակերպված են խնդիրներ լուծելու համար: Սպասելի էր, որ կողմերից ամեն մեկն իր օրակարգն է փորձելու առաջ տանել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի Անթալիայի դիվանագիտկաան ֆորումին մասնակցությանն ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Ղևոնդյանի խոսքով՝ այս պահին Ադրբեջանի հիմնական օրակարգը խաղաղության համաձայնագիրը ստորագրելը հետաձգելը կամ գոնե այս փուլում խափանելն է և դրա համար նրանք խոսում են Սահմանադրությունից, Մինսկի խմբից, ամեն ինչից բացի ստորագրումից. «Դա իրենց համար գլխավոր խնդիրը չէ, կարելի է ասել՝ իրենց համար դա ընդհանրապես խնդիր չէ, եթե այլ գործոններ տեղի ունենան և նպատակահարմար լինի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, նրանք շատ արագ կմոռանան Սահմանադրության մասին, այստեղ հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է առաջխաղացում ունենալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում: Չստորագրված խաղաղության համաձայնագիրը նշանակում է ավելի շատ լծակներ ունենալ Հայաստանի նկատմամբ, ինչպես օրինակ՝ Հայաստանի ուղղությամբ կրակելը, սադրանքների հնարավորությունը պահպանելը, ռազմական ուժի կիրառման սպառնալիքի հնարավորությունը պահպանելը, քանի որ համաձայնագրում կետ կա, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է ռազմական ուժի կիրառման սպառնալիք մեկը մյուսի նկատմամբ հնչեցնեն, այսինքն՝ գործիքներ են, որոնք Հայաստանի նկատմամբ Ադրբեջանն օգտագործում է և ցանկանում է շարունակել օգտագործել, քանի դեռ այսպես կոչված «Զնագեզուրի միջանցք»-ը՝ չի ստացել»:
Քաղաքագետն ընդգծեց, որ Բաքուն չի կարող հայտարարել այն մասին, որ իր գլխավոր նպատակը միջանցքն է, որովհետև ենթակառուցվածքների հարցն առանձնացվել է խաղաղության համաձայնագրից և առանձին է քննարկվում. «Ադրբեջանն այլ պատճառներ է մեջ բերում՝ այդ գործիքները գոնե այս փուլում չկորցնելու համար»,- նշեց նա:
Խոսելով սահմանին հնարավոր սադրանքների դիմելու մասին՝ Ղևոնդյանը նշեց. «Որոշակի հավանականություն կա, որ կարող են սադրանքներ լինել, ոչ լայնածավալ: Լոկալ սադրանքներ կարող են լինել մեկ դեպքում, եթե Ադրբեջանն այդպես էլ չցանկանա ստորագրել համաձայնությունը, բայց նրա նկատմամբ շատ մեծ արտաքին ճնշում լինի: Ադրբեջանի հնարավորությունները սահմանափակ են՝ նույնիսկ լոկալ սադրանքների դիմելու, էսկալացիա իրականացնելու: Որպես վերջին միջոց Ադրբեջանը կարող է փորձել նման գործողություններ իրականացնել, Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, որովհետև, երբ Ադրբեջանը կարողանա միջազգային հանրությանը ցույց տալ, որ կան կրակոցներ, դրանց արդյունքում վիրավորներ, զոհեր, միայն այդ դեպքում հիմքեր կունենա ևս ինչ-որ մի ժամանակ ձգձգել ստորագրումը: Ինչպես ասացի՝ այդ հնարավորությունները սահմանափակ են և եթե ճնշումը որոշ ժամանակ շարունակվի, Ադրբեջանը գնալու է ստորագրման, իհարկե, ստորագրելուց հետո էլ չի նշանակում, որ մենք ապրելու ենք երջանիկ, դրանից հետո էլ Ադրբեջանը թեև շատ գործիքներից զրկվելու է, բայց մեկ այլ գործիք էլ ձեռք է բերելու, դա լինելու է այն, որ Ադրբեջանը Հայաստանին ժամանակ առ ժամանակ մեղադրելու է այդ համաձանության տարբեր կետեր խախտելու մեջ»:
Անդրադառնալով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի ՀՀ Սահմանադրության վերաբերյալ հայտարարությանը՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Քըլըչը խոսեց այն մասին, որ դա ՀՀ-ի ներքին գործն է, այն ինչի մասին մենք ենք խոսում: Քըլըչը նաև նշեց այն, ինչը Հայաստանից պարբերաբար հասարակական կազմակերպությունները զգուշացնում են Ադրբեջանին, որ Հայաստանի Սահմանադրությունը կարող է երբեք չփոխվել, որովհետև Սահմանադրության փոփոխությունը մեկ մարդ կամ իշխանությունը չի որոշում, դա որոշում է ՀՀ ժողովուրդը, իսկ ժողովուրդը կարող է մոտակա տասնամյակներում կողմ չքվերակել որևէ տեքստի: Քըլըչն այս մասին ակնարկեց, կարծում եմ սա ավելի շատ ուղղված էր Բաքվին»:
Ֆորումի ժամանակ խոսվեց նաև 3+3 ձևաչափի մասին: Մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվեն այդ ֆորմատում՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց. «Չեմ կարծում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարցը հնարավոր է տեղափոխել 3+3 կամ 3+2 ձևաչափ, առաջին հերթին այն պատճառով, որ տարածաշրջայնացման գործընթացներին և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը որոշակի առումով դեմ են, ինչքան էլ զարմանալի է՝ ադրբեջանական կողմը շատ դեպքերում համաձայն չէ, որ ոչ միայն Իրանն ու Ռուսաստանը, այլև Թուրքիան մասնակցի Հայաստան-Ադրբեջան գործընթացներին, որոշ նման դրսևորումներ արդեն նկատելի են: Առանց միջնորդների հարաբերություննեն այս պահին ամենահավանականն են»: