Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Որքանով հասկանում եմ՝ ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգում մնում է, բայց ինչպես առաջ էր, չի հանդիսանում առաջնային նշանակության հարց»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Խոսելով ցեղասպանության ճանաչման կարևորության մասին՝ Սաֆրաստյանը նշեց. «Ինչ է նշանակում Հայոց ցեղասպանության ճանաչում 100 տարի անց ինչ-որ մի երկրի կողմից, ինչու է դրա անհրաժեշտությունն առաջացել, որովհետև Հայոց ցեղասպանությունը՝ ի տարբերություն հրեական Հոլոքոստի, ճանաչված չի աշխարհի կողմից: Գերմանիան այն ճանաչել է, իսկ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, աշխարհում էլ այնպիսի մարմին չկա, որը կարողանար պարտադրել Թուրքիային, նման բան դեռ տեղի չի ունեցել: Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը չի կորցրել իր արդիականությունը և պատմական արդարության վերականգնման խնդիրը»:
Թուրքագետի խոսքով՝ եթե 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման համար հիմա պայքար է գնում, նշանակում է՝ դա նպաստում է նման հանցագործությունների կանխարգելմանը. «Կարծում եմ՝ պետք է Հայոց ցեղասպասնության ճանաչման խնդիրը մնա ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ հիմա, երբ ՀՀ-ն այսպիսի ծանր գոյաբանական խնդիրների առջև է կանգնած, չի կարող նույն ինտենսիվությամբ դա հետապնդել, ինչպես մինչև արցախյան վերջին պատերազմը: Դրա համար պետք է մեր զինանոցում մնա, որ հետո երբ մենք արդեն գոյաբանական մեր խնդիրները լուծենք, հետո այդ խնդրի առաջ քաշումն ինտենսիվությամբ շարունակենք, բայց հրաժարվել այդ խնդրից չի կարելի: Այս պահին Հայաստանը պետք է ԶՈւ-ն վերականգնի, բանակը նորից մարտունակ դարձնի և այլն, դրանք շատ կարևոր խնդիրներ են: Մենք շարունակում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման գաղափարին հավատարիմ մնալ, բայց այս պահին ավելի իրական, կոնկրետ խնդիրներ ունենք լուծելու»:
Անդրադառնալով այն փաստին, թե արդյոք հավանական է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց. «Այսօրվա քաղաքականության շրջանակներում` ես դա բացառում եմ: Կար մի պահ, մոտ 10-15 տարի առաջ, երբ Թուրքիայում առաջացել էին ինչ-որ շրջանակներ՝ մտավորականներ, ուսանողներ, որոնք այսպես թե այնպես ճանաչում էին Հայոց ցեղասպանությունը, բայց հիմա նման բան չկա, որովհետև վերջին տարիների ընթացքում Թուրքիայում հասարակության վրա ուժեղացավ ճնշումը և թուրքական հասարակությունը, նույնիսկ այն մարդիկ, ովքեր առաջ կարողանում էին շատ թե քիչ օբյեկտիվ գնահատական տալ այդ հանցագործությանը, հիմա վախենում են դրա մասին խոսել: Թուրքիայում այդ վախի մթնոլորտը hամատարած է, մարդիկ ուղղակի չեն էլ խոսում դրա մասին, բայց չեմ բացառում, որ կգա մի պահ, երբ թուրքական հասարակությունը կհասկանա, որ այս ծանր հանցագործությունը ճանաչելով և դատապարտելով Թուրքիայի համար ավելի հնարավորություններ են առաջանում զարգանալու, դառնալու ավելի առաջադեմ երկիր»:
Անդրադառնալով նաև հայ-թուրքական հարաբերություններին և դրա համատեքստում ցեղասպանության ճանաչման հարցին՝ թուրքագետն ընդգծեց. «Երբ իսկապես երկու երկրների միջև կարգավորման գործընթացն առաջ գնա և հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ և հնարավորություն լինի թուրքերի հետ այդ հարցն իսկապես օբյեկտիվ տեսակետից քննարկել, դա շատ կարևոր կլինի: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը շատ կարևոր հանգրվան կլինի: Եթե հարաբերությունները կարգավորվեն և այդ հարցը քննարկման առարկա չդառնա, չեմ կարծում, որ այն կվերանա»: