Անհերքելի փաստ է, որ վերջին տարիներին Հայաստանում ռեստորանային բիզնեսը բավական զարգացել է և աճ է գրանցում։ Դրան նպաստել է թե՛ ներքին թե՛, արտքին զբոսաշրջության աճը, նաև որոշակի առումով մարդկանց սոցիալական կյանքի բարելավումը։ Սակայն այս դրական դինամիկային զուգահեռ նկատելի է, որ ռեստորանային բիզնեսով զբաղվողները նաև չարաշահում են հաճախորդների համբերությունը և այսպես ասած «մտնում» են հաճախորդների գրպանը։
Հայկական ռեստորաններում գնային քաղաքականությունը կարելի է ասել ողբալի վիճակում է։ Կան ռեստորաններ, որոնց գնացուցակը բոլորովին չի համապատասխանում մատուցվող ծառայություննեի, սննդի ու խմիչքի որակներին։
Քիչ չեն հաճախորդների կողմից դժգոհությունները, երբ ռեստորաններում վաճառում են որակով ցածր, բայց գնով չափազանց բարձր խմիչք կամ սնունդ։ Նման դեպքերի հավանաբար շատերը հանդիպած կլինեն, երբ տեղական արտադրության գինու հետ մեկտեղ՝ ռեստորաններն առաջարկում են նաև հայկական որակյալ գինիներից եռակի, երբեմն քառակի անգամ թանկ արտասահմանյան ցածրորակ գինիներ։ Իսկ հաճախորդներն էլ շատ հաճախ նայում են խմիչքների լատինատառ անուններին միայն և ոչ թե որակին։ Եվ հենց հաճախորդների այս անտեղյակությունից էլ օգտվում են ռեստորատորները և անհիմն թանկ գնով վաճառում են ցածրորակ ապրանք։
Այսօր թերևս քիչ ռեստորաններ կան, որոնք աշխատում են բարխղճորեն և հարգում են հաճախորդին։ Բացասական մեթոդով աշխատող ռեստորատորները չեն գիտակցում, որ դրանով ոչ միայն գցում են իրենց համբավը հաճախորդների մոտ, այլև վնասում են սեփական բիզնեսին՝ վաղն այլևս հաճախորդներ չեն ունենալու և կանգնելու են կոտրած տաշտակի առաջ։
Ռեստորանային բիզնեսը բավական նուրբ ոլորտ է։ Այստեղ պետք է հաշվի առնել ցանկացած մանրուք։ Սկսած սննդի որկաից, սրահների կահավորման ճաշակից, մատուցողների սպասարկումից և ինչու չէ նաև մատուցողների թեյավճարների չափից։ Եթե այս բոլորը հաշվի չեն առնվում և առավելությունը տրվում է հաճախորդին խաբելով փող աշխատելուն, ապա այդ բիզնեսը ապագա չի ունենալու։ Այս պարզ ընկալումը հայկական շատ ռեստորաններում չեն գիտակցում, ինչն էլ իր հերթին բերում է այս ոլորտի անկմանը։
Հայաստան շատերը գալիս են հենց սննդի ու գաստրոտուրիզմի համար։ Իսկ որպեսզի զբոսաշրջիկները չհիասթափվեն Հայաստանից՝ անչափ կարևոր է, որպեսզի ռեստորատորները աշխատեն բարեխղճորեն և ոչ թե առաջնորդվեն արագ հարստանալու մոլուցքով։
Ռեստորանների գնային «վայրենի» քաղաքականությունը վնասում է նաև Հայաստանի իմիջը։ Ցանկացած հաճախորդ այլևս ոտք չի դնի այն ռեստորանները, որոնք աչքի են ընկնում վատ սպասարկումով և թանկ ու ցածրորակ մենյուով։ Իսկ դա էլ իր հերթին ուղղակիորեն հարվածելու է զբոսաշրջության ոլորտին։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։