Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցը խոսքից գործի է վերածվում։ Հանրությունն արդեն մի քանի օր քննարկում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի և ֆինանսական միջոցների աստղաբաշխական թվերը։ Դատախազության ներկայացրած տվյալով Քոչարյանի ընտանիքից բռնագանձվելու մոտ 100 մլն դոլարի հասնող ապօրինի ծագում ունեցող գույք և ֆինանսական միջոցներ։ Իհարկե սա ընդամենը կաթիլ է այն հսկա կարողության, որը Ռոբերտ Քոչարյանը կուտակել է նախագահության տարիների ընթացքում։ Սակայն նույնիսկ այս «կաթիլի» չափը ցույց է տալիս թե ինչպես է կեղեքվել երկիրը։ Իսկ Քոչարյանը դեռ մեկն է այն շատերից, որոնք «ելել էին պետության շալակը»։
Ռոբերտ Քոչարյանը, որը Հայաստանում զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ, իր ստացած աշխատավարձով չէր կարող կուտակել տասնյակ, նույնիսկ հարյուր միլիոնավոր դոլարներ, դառնալ տասնյակ բնակարանների, տարածքների ու շինությունների սեփականատեր։ Բնականաբար այդ հարստությունը Քոչարյանը կուտակել է երկրի և քաղաքացիների հաշվին։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները, մասնավորապես նրա որդիները, որոնք համարվում են դոլարային միլիոնատերեր, մասնակցությունն են ունեցել և այսօր էլ ունեն մի շարք ընկերություններում:
Մինչ Քոչարյանի նախագահության տարիներին սովորական մարդկանց միջին ու խոշոր բիզնեսները փակվում էին, կամ սնանկանում, Քոչարյանի որդիների բիզնեսները ծաղկում էին։ Իսկ պատճառը մեկն էր, 2000-ականների առաջին տասնամյակում և մինչև 2018 թվականը՝ բիզնեսով զբաղվելու իրավունք ունեին միայն Քոչարյանի և Սարգսյանի ընտանիքի անդամները, կամ նրանց հետ փոխկապակցված մարդիկ։
Այդ տարիներին Հայաստանում գործում էր հայտնի ասացվածքը՝ «ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի Յուպիտերի ցլին»։ Հենց այս տրամաբանությամբ էլ Քոչարյան-Սարգսյան զույգը ավելի քան երկու տասնամյակ ղեկավարում էին երիկիրը։
Կիսատ կառուցված աղետի գոտի, Արցախի հարցի անորոշ վիճակ, հանքային և էներգետիկ ռեսուրսների հանձնում օտարին, խոսքի ազատության սահմանափակում, բռնաճնշումներ, քաղաքական հետապնդումներ և այլն։ Սա էր Քոչարյանի կառավարման տարիների հետևանքը։
Բանակը զինում էին 80-ականների զենքով, իսկ իրենք շրջում էին գերթանկարժեք մեքենաներով։ Զինվորներին պահում էին անպաշտպան առաջնագծում, իսկ իրենց համար կառուցում էին գերպաշտպանված և ճոխ դղյակներ։ Պատերազմական վիճակում գտնվող երկրում Ռոբերտ Քոչարյանը ձևավորեց կուռ քրեաօլիգարխիկ համակարգ, որի նպատակը սեփական իշխանությունն ու հարստությունը պահելն էր։
Այսօր հայր և որդի Քոչարյանները հանդես են գալիս փրկիչների դիմակով, խոստանում են փրկել երկիրը, մինչդեռ երկիրը պետք է փրկել հենց քոչարյաններից։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։