Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասպանում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ մեր պայմանագրային պարտավորություններին՝ եղավ անմիջապես: Փաստահավաք առաքելությունը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ միանգամից ուղևորվեց դեպքի վայր, ներկայացրեց օպերատիվ զեկույց և կոնկրետ պրակտիկ առաջարկություններ այն մասին, որ պետք է ՀԱՊԿ դիտորդների առաքելություն ուղարկել այնտեղ՝ իրավիճակը կայունացնելու համար»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով 2022 թվականին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակմանն ու ՌԴ-ի արձագանքին՝ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքով՝ նախանշվեց դիտորդների թիվը, զինատեսակների կազմը. «Այդ հարցը քննարկվեց նույն տարվա հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում, դրանից առաջ եղել էր կառավարությունների հանդիպում, աշխատում էին արտգործնախարարները և պաշտպանության նախարարները: Մենք հասանք կոնսենսուսի ամբողջ տեքստի վերաբերյալ և տեսքտը ներկայացվեց պետությունների կառավարությունների ղեկավարների քննարկմանը, բայց այդ իրավիճակում արդեն համաձայնեցված տեքստը տարբեր պատճառներով հայկական կողմն առաջարկեց հետաձգել, կոնսենսուս չեղավ: Մենք տվեցինք մեր համաձայնությունը և որոշ ժամանակ անց 2022-ի նոյեմբերին հայտարարվեց ԵՄ առաքելության մասին և Պրահայում հայտարարվեց այն մասին, որ ԼՂ պատկանելության հարցում դիրքորոշումն այժմ արդեն երկկողմ հիմունքներով որոշվելու է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, որի համաձայն ԼՂ ինքնավար մարզն Ադրբեջանի մաս է:
Դա բավական անսպասելի էր, որովհետև 2020 թվականի նոյեմբերին թեժ մարտական գործողությունների ընթացքում, որոնք ընթանում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև, ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ միասին գիշերը բառացիորեն անձամբ խմբագրեցին հրադադարի մասին պայմանավորվածության տեքստը: Այդ փաստաթղթում ԼՂ պատկանելութան հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս, պայմանավորվածություն կար այդ հարցում, որ Ղարաբաղի հարցը ենթակա է երկրների միջև հետագա համաձայնեցման, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ես չեմ վիճարկում մեր հայ բարեկամների հնարավորությունը՝ քննադատություն հնչեցնելու այն ժամանակ ինչ-որ մեկի ցուցաբերած դիրքորոշման կապակցությամբ»: