Դավիթբեկյան խաղերը 2025. երբ հաղթում է միասնականությունը Zarkerak - Դավիթբեկյան խաղերը 2025. երբ հաղթում է միասնականությունը
Zarkerak Zarkerak - Դավիթբեկյան խաղերը 2025. երբ հաղթում է միասնականությունը
Դավիթբեկյան խաղերը 2025. երբ հաղթում է միասնականությունը

Դավիթբեկյան խաղերը 2025. երբ հաղթում է միասնականությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Դավիթբեկյան խաղերը 2025». արդեն 4-րդ տարին է, որ Հայաստանի դարպաս Սյունիքն ընդունում է տարբեր մարզերի 14-17 տարեկան պատանիներին: Տարեցտարի աճող ռազմամարզական փառատոնը ձևավորում է նոր արժեքներ ու կապեր հայերի միջև:

«Մեր նպատակներից է նաև դառնալ հարթակ, որ սյունեցին ճանաչի Տավուշի երիտասարդներին, Տավուշը՝ Արագածոտնի, Լոռին՝ Արարատի, և այդպես շարունակ: Ընկերական հարաբերություներով ու ջերմ ճամբարային մթնոլորտում սովորեն պայքարել, կանգնել ընկերոջ կողքին ու արժանապատվորեն ներկայացնել հայրենիքը»,- ասաց «Դավիթբեկյան խաղերի» ծրագրերի ղեկավար Ալինա Գևորգյանը։

Կարդալ, մարզվել, պարել, վերհիշել հայոց պատմությունը, սովորել և սովորեցնել. վերջին ամիսներին այս գործողություններն արդեն 18-ամյա Գագիկ Թորոսյանի հիմնական ուղեկցիներն են: Արդեն չափահաս Գագիկը այս անգամ խաղերին որպես թիմի մարզիչ է մասնակցում: Բայց վստահեցնում է՝ թե՛ որպես մասնակից, թե՛ որպես մարզիչ կարևորը թիմային աշխատանք է:

«Արդեն 3-րդ անգամ եմ մասնակցում, նախորդ անգամ մեր թիմը հաղթել, հիմա իմ թիմով եմ: Մարզումներ ենք անցկացրել ու ընտրել լավագույններին, որոշումները փորձում ենք միասին ընդունել: Խաղերում ֆիզիակական ու մտավոր կարողություններն իրար զուգահեռ են գնում, պետք է ուժերը հավասարապես բաշխել»,- պատմեց Գագիկ Թորոսյանը.

«Սեր, ուժ, հավատք, միասնականություն» գաղափարախոսությամբ խաղերը հարթակ են՝ սերունդ կերտելու, գիտակցություն ձևավորելու և համախմբվելու։ Իսկ ամենամեծ հաղթանակը՝ միասին ուժեղ պետություն ունենալն է։ Բոլորի թիմերը մեկ գաղափարի են հավատում,- նկատեց Ալինա Գևորգյանն ու վստահեցրեց, որ թեև մրցում են, բայց հայրենիքի սիրելու գաղափարի տարածումը բոլորի հաղթանակն է:

«Մեր բոլոր մասնակիցները դառնում են պետության կերտող, խոսքի փոխարեն ուզում ենք գործել ու դառնալ ուժեղ և կայուն պետության կայացման մասնիկ: Մրցույթը ոչ միայն փաստում է սերնդափոխության կայուն ընթացքը, այլև կառուցում է ռազմահայրենասիրական մշակույթ՝ որպես կրթական, մարզական և հանրային դաստիարակչական գործիք։ Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է կրթված ու պատրաստված երիտասարդներով, իսկ հաղթում են ոչ միայն մարտի դաշտում. հաղթանակ է նաև առողջ սերունդ և տնտեսություն ունենալը»,-շարունակեց խաղերի ծրագրերի ղեկավարը:

Ռազմամարզական փառատոնի հաջողությունը փաստվում է աճող մասշտաբներով: Առաջին անգամ խաղերը կայացան 2022 թվականին՝ Կապանում, մասնակցում էր ընդամենը 8 թիմ, այսօր արդեն 20 թիմ կարող են հյուրընկալել և 18-ն արդեն հաստատել են մասնակցությունը:

«Այս անգամ թիմեր ունենք նաև արտերկրից, ունենք մրցանակային ֆոնդ՝ առաջին տեղը զբաղեցրած թիմը 1 մլն դրամական պարգև կստանա, 2-րդ և 3-րդ տեղերը փոքր-ինչ պակաս: Բայց հաղթանակը գումարը կամ մեդալ չեն, այլ ընկերությունը, փոխադարձ հարգանքն ու միասնականությունը»,-ընդգծեց Ալինա Գևորգյանը:

Ստեղծագործական թիմը ձեռքբերումներով չի սահմանափակվում ու 2025-ին խաղերն առաջին անգամ խաղերն անցկացվելու են երկու փուլով։ Կմեկնարկեն հուլիսի 7-ից, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 3-ին է:

04 Հունիս, 2025 13:57
Վեր