Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Առաջին ռեակցիան բնականաբար այն էր, որ պայթյունը հակառակորդի կողմից ուղարկված արկի հետևանք է: Սարսափելի պայթյուն էր, նույնիսկ կիլոմետրեր հեռու շենքերի պատուհաններ են վնասվել, շենքի պայթյունի փլատակների բեկորները մինչև 600-700 մետր շպրտվել են»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Ստեփանյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան համայնքի շենքերից մեկի բնակարանում գազի պայթյունին և դրան հաջորդած հրդեհին:
«Տուժածները ներկա դրությամբ 10 հոգի են, երրորդ զոհն է հայտնաբերվել փլատակներից, այս պահին դեռևս աշխատում են, անհետ կորածներ կան, տուժածների մեջ երեխաներ էլ կան»,-ասաց նա ու հավելեց, որ շենքը վթարային չի եղել:
«Շենքի բոլոր բնակիչները տարհանվել են, շենքի մոտավոր կեսն ամբողջությամբ է վնասվել, փլուզվել է, մյուս կեսն էլ այս պահին առերևույթ ոչ բնակելի է, դեֆորմացվել է ընդհանուր շենքը: Այս պահին օպերատիվ հանձնաժողով է կազմվել համայնքի ղեկավարի որոշմամբ այս պահից սկսած բնակիչների հետ սկսվել են վնասների գնահատման աշխատանքները, տեսնենք ինչ չափի է, ով ինչպես է տուժել, ոնց ենք տեղավորում մնացած բնակիչներին՝ գոնե ժամանակավոր, մինչև վերջնական որոշում կայացվի» ,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կան զոհեր և տուժածներ: