Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պատճառ չկա վախենալու, որ եթե մեր հարևան երկրի միջուկային օբյեկտներին են հարվածել, մեզ մոտ ռադիացիոն ֆոնը կբարձրանա, նման բան չկա, ՀՀ-ում հիմա ռադիացիոն ֆոնը գտնվում է նորմալ վիճակում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի» գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին.«Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,- գրել է նա:
Իրանի շուրջ իրադարձությունները ծավալվում են դեռ հունիսի 13-ից, երբ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ, որի ընթացքում հարվածներ է հասցրել ռազմական և միջուկային օբյեկտներին։ Ի պատասխան՝ Իրանը հարձակվել է Իսրայելի վրա հրթիռներով և ԱԹՍ-ներով։
Վահրամ Պետրոսյանի խոսքով՝ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ Իրանը այս կենտրոններից տարհանել է հարստացված ուրանը.«Այնտեղ որպես այդպիսին միջուկային պրոցես չի եղել, օրինակ ինչպիսին տեղի է ունենում ատոմակայանի ռեակտորում, որը կարող էր ռադիացիոն ֆոնի բարձացման բերել: Մյուս կողմից էլ այդ տարածքները բավականին խորն էին, գումարած դրան այնտեղ հարստացված ուրանի այնպիսի քանակություն չկա, որ դա բերեր ֆոնի բարձացման, ազդեցության դեպքում էլ այն կլիներ տեղային: Կարծում եմ՝ այնտեղ առավելապե շարքից դուրս են եկել թանկարժեք սարքավորումները, որոնք ոչ 10 օրում, ոչ էլ 2 տարում էին հասել այդ վիճակին, թե ժամանակ է պետք, թե ռեսուրս դրանք վերականգնելու համար»,- բացատրեց նա և ընդգծեց, որ ճառագայթային ամպերի սպասելու հիմքեր էլ չկան:
Միևնույն ժամանակ, մասնագետի խոսքով, Իրանը մինչև 235 իզոտոպով հարստացրել է ուրանը, որը բնության մեջ քիչ է հանդիպում, և գիտական այս հաջողություններն արդեն իսկ մեծ արժեք են ներկայացնում, սակայն ինչպես Իրանն է պնդում, դա օգտագործում են խաղաղ նպատակներով, ոչ թե միջուկային զենք ստեղծելու համար.«ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ 18-20 տոկոս է թույլատրվում ուրանը հարստացնել, որը կրկին օգտագործվում է միջուկային էներգետիկայում, բայց Իրանը շարունակում է այդ տոկոսներն ավելացնել»:

Իսրայելն իր հարվածների ֆոնին պնդում էր, որ Իրանը մոտ է միջուկային զենք ունենալուն,Պետրոսյանի խոսքով, այս ինֆորմացիան լայն հանրության համար հույժ գաղտնի է և դրա հետ կապված փաստական հիմքեր չկան.«Խոսակցություններ են շրջանառվում, որ Իսրայելն էլ ունի միջուկային զենք: ՄԱԿ-ում, ՄԱԳԱՏԷ-ում հայտնի է՝ որ երկրներն ունեն միջուկային զենք, Իրանի մասին չի նշվում: Հնարավոր է Իսրայելի հետախուզությունը ստացել է ներքին ինֆորմացիա, որ արդեն պատրաստ են բաղադրիչները և Իրանում կարող են հավաքել- ունենալ»:
Մեր զրուցակցի խոսքով, ի թիվս պատճառահետևանքային տարբեր կապերի, Իսրայելի ու ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին ինչ-որ առումով ունեին զսպելու և հակակշիռ ստեղծելու նպատակ՝ նաև ծրագրերը հետաձգելու մասով.«Բալանսի հարցն է դրված», - ընդգծեց նա:
Վահրամ Պետրոսյանի դիտարկմամբ, խուճապի մեջ կարելի է հայտնվել այն դեպքում, երբ «խելագարություն» թույլ տրվի և հարվածեն Իրանի 1000 Մվտ հզորությամբ ԱԷԿ-ին.«Այն գտնվում է աշխատանքային վիճակում, արտադրում է էլեկտրաէներգիա, այ այնտեղ եթե փորձեն հարվածել, դա վտանգ է ամբողջ մարդկությանը, և Իրանից բացի շատ այլ տարածաշրջաններ կտուժեն»:



