Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․
«Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում
ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում
Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը:
Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը նշել է, որ այցի նպատակն է էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության շրջանակներում մոնիթորինգային աշխատանքների իրականացումը՝ ուղղված վարչության կողմից արդեն մեկնարկած գործառույթների վերլուծությանը, ընթացիկ գործընթացների գնահատմանը, ինչպես նաև ապագա քայլերի ավելի արդյունավետ պլանավորմանը։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի կողմից «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին նվիրաբերվել է 100 մեղվաընտանիք, խնամքն իրականացնելու համապատասխան սարքավորումներ, ինչպես նաև,
մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով, ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար իրականացվել է դասընթաց։
Մեղվափեթակների տեղակայման, նախատեսվող աշխատանքների ներկայացման և հետագա համագործակցության քննարկման նպատակով` համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը «Շիկահող» մասնաճյուղում հյուրընկալել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եսոյանին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանին։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ում
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը երկօրյա աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում:
«Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում Վիգեն Չիլինգարյանը և ԲԾԻԳ ՊՀ-ի ղեկավար Արմեն Եսոյանը ծանոթացել են գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Արծվանիկի անտառպետության տարածքում տեղադրված 100 մեղվաընտանիքի պահպանման պայմաններին, խնդիրներին, կարիքներին:
Վիգեն Չիլինգարյանը հանդիպում է ունեցել մասնաճյուղի ղեկավարի և աշխատակազմի հետ, քննարկվել է հարցերի լայն շրջանակ:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է վերջինիս և ՊՈԱԿ-ի միջև պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը:
Արգելոցապարկային Համալիր-ում
ՊՈԱԿ-ի գիտության բաժնի աշխատակիցները հյուրընկալել են Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ուսանողներին:
Ուսանողները մասնակցել են արտադրական պրակտիկայի դասին, որն անցկացվել է «Ջրվեժ» անտառպարկի տարածքում։ Պրակտիկայի ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու անտառպարկի կենսաբազմազանությանը, բնապատկերային առանձնահատկություններին, ինչպես նաև քննարկել այնտեղ նախատեսվող բնապահպանական և բարեկարգման նախագծերը։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Էկոկրթական ծրագրերի շրջանակներում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան են այցելել Նոր Ուղու միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները:
Աշակերտներին ներկայացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմությունը, ջրագրությունը, լանդշաֆտներն և էկոհամակարգերը, բուսական և կենդանական աշխարհը, պատմամշակութային հուշարձանները, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ ֆլորայով ու ֆաունայով:
Arloopa հավելվածի միջոցով նկարվել են ընձառյուծի հետ։
Դիտել են ֆոտոթակարդների կողմից նկարահանված լավագույն դրվագները:
Գիտելիքների ամրապնդման նպատակով կազմակերպվել են թեմատիկ խաղեր»,-ասված է հաղորդագրության մեջ: