Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Անձեռնմխելիությունից զրկելու հոդվածներն ամբողջապես իրավական գործընթացի շրջանակներում են, որևէ քաղաքական ենթատեքստ իշխանության կամ դատախազի կողմից ես չեմ տեսնում: Եթե ապացուցվի այդ մարդկանց մեղքը, հավանաբար նրանք մաս են կազմում ՌԴ-ի կողմից ՀՀ-ում հիբրիդային հարվածներ հասցնելու գործընթացին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցին՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին՝ Ղևոնդյանը նշեց. «Կռիվը, որը տեղի ունեցավ՝ ընդդիմության սադրանքն էր, նրանք կանխամտածված գնում էին դրան, դրանք միջոց են իրենց ֆինանսական և այլ ռեսուրսների ծախսերն արդարացնելու համար: ԱԺ-ում ստեղծված իրավիճակի մեղավորն այն մարդիկ են, ովքեր «Հայաստան» դաշինքին և «Պատիվ ունեմ»-ին գործուղել են ԱԺ և գործուղել են մեկ օրակարգով՝ զբաղվել ոչ նորմատիվ գործունեությամբ, ՀՀ-ի խորհրդարանի փլուզման աշխատանքներով: Իրականում իրենք իրենց ընտրողների առջև շատ բաց են և անում են այն, ինչ իրենց ընտրողներին խոստացել են: Հարցը միայն այն է, թե 2026 թվականի ընտրությունների ժամանակ այն մարդիկ, ովքեր պասիվ են եղել, չեն մասնակցել ընտրություններին, չեն եկել ընտրատեղամաս և քվեարկել, էլի թո՞ւյլ են տալու, որպեսզի նման որակի քաղաքական ուժ լինի ԱԺ-ում: Իրենք կարող են անել սա և իրենց ընտրողները պահանջում են սա»:
Ղևոնդյանն ընդգծեց, որ ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ են գնացել, որ ամեն ինչ փչացնեն և թույլ չտան, որ խորհրդարանում քաղաքական գործընթաց տեղի ունենա. «Նրանք պետք է փորձեն ամեն հնարավորություն օգտագործել իրենց նպատակն իրացնելու համար: Շատ լավ հնարավորություն է սադրանքների միջոցով իշխանություն ունեցող քաղաքական ուժին հունից հանել, որպեսզի նրանք աշխատանքով զբաղվելու փոխարեն նման գործընթացների մասնակցեն, լինեն կիզակետում, եթե կարողանան նրանց այդ կիզակետում նկարել և դրանք տարածել, շատ ավելի լավ, եթե ինչ-որ մեկին կողքից անցնելիս պատահական կկպչեն՝ շատ ավելի լավ, կնկարեն ու կտարածեն: Սրանք բոլորը համակարգված, պլանավորված գործողությունների իրականացման մասեր են»:
Խոսելով հնչած բառամթերքի մասին՝ քաղաքագետն ընդգծեց. «ԱԺ-ն ՀՀ-ի արտապատկերումն է: Մենք գիտենք, որ մեր հասարակությունում այդ արատավոր բարքերն արմատացած են և արմատացած են ոչ վերջին ժամանակներս, կարծել, որ ԱԺ-ում հավաքվածները հրեշտակներ են և նման արտահայտություններ չպետք է անեն՝ միամտություն է, այլ հարց է, որ պետք է փորձել փոխել այդ արմատավորված մշակույթը, առաջին հերթին հասարակությունում, ինչն էլ հետագայում իր արտացոլումը կգտնի ԱԺ-ում»:
Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին և խորհրդարանում հայտնվող հնարավոր ուժերին՝ Ղևոնդյանն ասաց. «Միտումներն այնպիսինն են, որ ԱԺ-ում հայտնվելու հնարավորություն ունենալու են նորից երկու թև, մի թևը ՀՀ իշխանություններն են և նրանց հարող որոշակի ուժերն են, որոնք ժողովրդավարության, արևմտյան արժեքների կողմնակից են, մյուս թևն ակնհայտորեն արմատական ընդդիմադիրն են, ովքեր խոսում են ժողովրդավարության խնդիրների, ՌԴ-ի կարևորության և նմանատիպ արժեքների մասին: Շատ մեծ հավանականությամբ այլ քաղաքական ուժեր 2026 թվականին ԱԺ-ում չեն լինի»:


