Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նվագախմբի տղաները» հայտնի ֆիլմում բավական հայտնի արտահայտություն կա․«Երկրում մոլեգնում է դաշնակցական տեռորը»։ Ֆիլմը, որը պատմում է Հայաստանի առաջին հանրապետության վերջին օրերի մասին, բավական դիպուկ նկարագրում է նաև «Դաշնակցություն» կուսակցության էությունը։ Այդ կուսակցության էությունը վերջին 100 տարվա ընթացքում գրեթե չի փոխվել։ Հակառակը, Հայաստանի վերջին 30 տարվա պատմության ընթացքում, երբ երկրում այսպես ասած մոլեգնել են տեռորները, ապա այդ գործում գրեթե միշտ դաշնակցականների «մատը» խառն է եղել։
Դաշնակցությունը Հայաստանում միշտ փորձել է քաոս և անկառավարելի իրավիճակ ստեղծել, երբ չի եղել իշխանության սեղանի մոտ։ Դաշնակցականները հայհոյում էին իշխանություններին և զինված հեղաշրջման փորձեր էին պլանավորում նույնիսկ Արցախյան առաջին պատերազմի տարիներին և դրանից հետո էլ, հիշենք հայտնի «Դրոի» և «31-ի» գործերը։
Այս կուսակցությունը նույնիսկ փակվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, կալանավորվեցին մեծ թվով մարդիկ, որոնք ուղղակի, կամ անուղղակի կապ ունեին դաշնակցության հետ։
Ավելին, հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործը, Նաիրի Հունանյանը նախկին դաշնակցական էր, թեպետ ինչպես ասում են՝ նախկին դաշնակցական չի լինում։ Ընդ որում, հոկտեմբերի 27-ի ահաբեկությունը դաշնակցության առաջին դեմքերից մեկը՝ Հրանտ Մարգարյանը, վերջերս որակեց, որպես պոռթկում։
Դաշնակցության մեր օրերի առաջնորդները ահաբեկությունը միշտ «փաթեթավորել» են հայրենասիրական խոսքերով և մատուցել ժողովրդին, այն ժողովրդին, որին այդ նույն դաշնակցականների սիրելի «Սրբազան» շարժման առաջնորդները «խորը անասուն են» են համարել։
Ցանկացած հակապետական քայլ և տեռոր դաշնակցականները ներկայացրել են, որպես Հայրենիքի փրկության համար արվող քայլ։ Իրականում այդ կուսակցության նպատակը,
Հայաստանի վերջին 30 տարվա պատմության ընթացքում, միշտ եղել է մեկը՝ իշխանության սեղանի մոտ հայտնվելը։ Երբ ժողովուրդը նրանց այդ սեղանից դուրս է շպրտում, ինչպես դա եղավ 2018 թվականին, նրանք կրկին սկսում են խաղարկել «մահ, կամ ազատություն» լոզունգը։ Իսկ պատմությունը ցույց է տվել, որ այդ լոզունգից դաշնակները ժողովրդին բաժին են հանել միայն մահը, իսկ ազատությունը վայելել են իրենք։
Մկրտիչ Իսրայելյան


