Զարգանում է գյուղական տուրիզմը, մեր գլխավոր խաղաքարտերից մեկը հյուրընկալությունն է. Մեխակ Ապրեսյանը՝ զբոսաշրջության զարգացման և գների բարձր լինելու մասին Zarkerak - Զարգանում է գյուղական տուրիզմը, մեր գլխավոր խաղաքարտերից մեկը հյուրընկալությունն է. Մեխակ Ապրեսյանը՝ զբոսաշրջության զարգացման և գների բարձր լինելու մասին
Zarkerak Zarkerak - Զարգանում է գյուղական տուրիզմը, մեր գլխավոր խաղաքարտերից մեկը հյուրընկալությունն է. Մեխակ Ապրեսյանը՝ զբոսաշրջության զարգացման և գների բարձր լինելու մասին
Զարգանում է գյուղական տուրիզմը, մեր գլխավոր խաղաքարտերից մեկը հյուրընկալությունն է. Մեխակ Ապրեսյանը՝ զբոսաշրջության զարգացման և գների բարձր լինելու մասին

Զարգանում է գյուղական տուրիզմը, մեր գլխավոր խաղաքարտերից մեկը հյուրընկալությունն է. Մեխակ Ապրեսյանը՝ զբոսաշրջության զարգացման և գների բարձր լինելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի մայիսին Հայաստան է այցելել՝ 181,436 զբոսաշրջիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ, 2024 թվականի մայիսին զբոսաշրջիկների թիվը կազմել է՝ 167,049։

Ստորև ներկայացնում ենք վերջին 7 տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկներ թիվը.

«Առաջին եռամսյակում, ինչպես նաև ապրիլին ունեցանք նվազում՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, մայիսը մի փոքր աշխուժացել է, դա պետք է համարել խոստումնալից, բայց իհարկե, սա բավարար չէ: Այդ ուղղությամբ աշխատանք ունենք անելու՝ Կառավարություն-մասնավոր հատված միասին պետք է քննարկում անցկացվի և ինչ-որ տեղ նաև վերանայենք մեր քաղաքականությունները»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

2025 թ․ հունվար-մայիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%): Առավել մանրամասն՝ ստորև.

Ապրեսյանի խոսքով՝ բացի վերը նշված երկրները, Հայաստանի նկատմամբ գնալով հետաքրքրությունը մեծանում է նաև արաբական ծոցի երկրներում. «Չինական շուկան էլ է սկսել հետարքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ, ճապոնական շուկան է արդեն վերականգնվում, Սկանդինավյան երկրներից նույնպես ակտիվություն կա, այնուամենայնիվ շուկայի ընդլայնում տեղի է ունենում»:

Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ Հայաստանում բոլոր վայրերն էլ զբոսաշրջիկների համար գրավիչ են, նա դժվարացավ որևէ մեկն առանձնացնել. «Հայաստանի զբոսաշրջային շուկան դիվերսիֆիկացվում է:  Մեզ մոտ զբոսաշրջային սեզոնը, եթե համեմատենք տարիներ առաջվա հետ՝ երկարաձգվել է, եթե տարիներ առաջ մեզ մոտ ապրիլից էր սկսվում և հոկտեմբերով էր ավարտվում ակտիվ սեզոնը, հիմա մարտից սկսվում է նոյեմբերի կեսից ավարտվում: Դեռ մենք անելիք շատ ունենք, որպեսզի տարվա չորս եղանակի զբոսաշրջություն ունենանք Հայաստանում»:

ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման համար արվում եմ բազմաթիվ քայլեր՝ նշեց Ապրեսյանը և հավելեց, որ ենթակառուցածքները զարգացնելու, ընդլայնելու խնդիր ևս կա. «Մեր հյուրանոցային տնտեսությունը, հանրային սննդի ծառայությունները պետք է աճեն: Այլ հարց է, որ շատ դեպքերում մենք պետք է կարողանանք նաև համաչափ տարածքային զարգացումներ ապահովել, վայր կա, որ բավականին զարգացած է, վայրեր կան, որ հյուրանոցային տնտեսությունն ավելի շատ զարգանալու կարիք ունի»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ մարզերում 200 և ավելի համար ունեցող հյուրանոցային տնտեսություն պետք է ունենալ. «Դիլիջանում, Ծաղկաձորում, Ջերմուկում է, որ ունենք քիչ թե շատ մեծ թվով սենյակներ ունեցող հյուրանոցներ, բայց դրանք էլ արդեն ավելանալու կարիք ունեն: Եթե մենք ուզում ենք ապակենտրոնացնել զբոսաշրջությունը դեպի մարզեր, եթե ուզում ենք նաև զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը՝ տարբեր համաժողովների համար, արդեն մեծ թվով սենյակներով հյուրանոցներ պետք է ունենանք: Շատ լավ կլինի, որ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզերում էլ հյուրանոցային տնտեսությունը զարգանա: Կա թյուր կարծիք, որ դրանք Երևանին մոտ են գտնվում  ու հնարավոր է պահանջարկ չունենան, բայց այդպես չէ, եթե մենք այդ մարզերում ունենանք լավ հյուրանոցներ, դրանք անպայման պահանջարկ ունենալու են»:

Ըստ Ապրեսյանի՝ մարզերում խնդիր կա նաև ժամանցի առումով. «Այս առումով մարզերը մի փոքր հետ են մնում, զբոսաշրջիկներն ավելի շատ ժամանցի հնարավորություն ունենում են Երևանում, բայց խմբային այցելությունների դեպքում, կազմակերպված զբոսաշրջության դեպքում, նրանք ժամանցի առումով խնդիր չեն ունենում, բավականին հագեցած ծրագրերով են ժամանում Հայաստան: Մենք շատ փառատոններ ունենք, որոնք միջազգային ճանաչելիություն ունեն և դրանց համար էլ են զբոսաշրջիկները գալիս Հայաստան»:

Ապրեսյանը կարևորեց նաև գյուղական տուրիզմի զարգացումը. «Մենք կարծես թե միշտ կարողանում ենք առաջարկել կոմբինացված զբոսաշրջային փաթեթներ՝ գյուղական, արկածային, գաստրո: Գյուղերում սկսում է կյանքն ակտիվանալ, խոսում ենք գյուղական տուրիզմի մասին, բայց դրան միանում է նաև պատմամշակութային ճանաչողականը, որովհետև այդ գյուղերի շրջակայքում կան նաև  շատ արժեքավոր հուշարձաններ, այնտեղ նաև արկածային զբոսաշրջության էլեմենտներ կարող են լինել, գյուղական զբոսաշրջության հետ նաև գաստրո զբոսաշրջությունն ենք կարողանում առաջարկել, որովհետև այնտեղ ունենք շատ հետաքրքիր ու առանձնահատուկ խոհանոց: Հայաստանն այդ բացառիկ զբոսաշրջային արդյունքներն առաջարկելու հնարավորություն ունի և առաջարկում է»:

Հայաստանը դեռևս շարունակում է հանգստի համար ոչ մատչելի երկրների շարքում լինել: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ շարունակում են Հայաստանի փոխարեն նախընտրել օրինակ՝ հարևան Վրաստանը՝ նշելով, որ այնտեղ ավելի մատչելի է և նույն գումարով հնարավոր է ՀՀ-ում երկօրյա հանգստի փոխարեն անցկացնել յոթօրյա հանգիստ Վրաստանում: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն անդրադառնալով այս հարցին՝ նշեց. «Մեզ մոտ գնաճ կա, հենց սա է շուկայի ահազանգը, որի մասին պետք է մտածենք: Մրցունակ գները մեր կարևոր խնդիրներից  են, բայց զբոսաշրջիկը միայն գնին չի նայում, մենք պետք է վերանայենք մեր քաղաքականությունը և այդ ուղղությամբ առաջարկությամբ ենք հանդես եկել և օրենքի նախագիծ ենք ներկայացրել Կառավարություն, որը շրջանառության մեջ է, որը պետք է ի թիվս այլ հարցերի մեղմի նաև գնաճը: Իհարկե, կարևոր է, որ գնային խնդիրը կարողանանք լուծել, բայց մենք ունենք հրաշալի բնություն, բազմազան խոհանոց, հարուստ պատմամշակութային ժառանգություն և այս բոլորի շարքում մեր լեգենդար հյուրընկալությունն ու հյուրասիրությունը, դա է մեր գլխավոր խաղաքարտերից մեկը»:

Ապրեսյանը նաև շեշտեց, որ կան ինստիտուցիոնալ խնդիրներ, սակայն դրանց մի մասն արդեն իսկ լուծման փուլում են. «Ամենակարևոր խնդիրը հասանելիության հարցն է, մենք ծովին ելք չունենք, մեր ցամաքային սահմանների կեսը փակ է: Ունենք նաև մարքեթինգի խնդիր՝ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու հետ կապված: Այս պահին մի կարևոր խնդիր ևս կա, որը խոչընդոտում է մեր գրավչությանն այն իմաստով, որ մեզ համար նպատակային շուկա հանդիսացող շատ երկրներում՝ ԱՄՆ, Եվրոպա, Ճապոնիա, ՀՀ-ն ներակայացված է կարմիր գծերով, այն է՝ ոչ այնքան անվտանգ երկիր, այս խնդիրը մնում է, այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է տանենք»:

 

Աննա Բզնունի

18 Հուլիս, 2025 13:52
Վեր