Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Միանշանակ Նիկոլան իր հայրիկին այդ արձանի մեջ տեսել է, հավանել է, ամենաշատն իրեն դուր էր եկել, թե ինչպես է կարողացել քանդակագործն այդ շարժման և չափերի մեջ ստանալ նման թեթևություն: Իր առաջին բառն արձանը տեսնելիս հենց դա էր՝ շատ թեթև արձան է ստացվել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազնավուր» հիմնադրամի Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տաթև Ղազարյանն՝ անդրադառնալով Շառլ Ազնավուրի հրապարակում օրերս տեղադրված արձանին, որի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 18-ին:
Շառլ Ազնավուրի արձանը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կտեղադրվի երգչի 100-ամյա հոբելյանի շրջանակում: «Լա Բոհեմ» արձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է, մրցութային հանձնաժողովը հենց նրա աշխատանքն է ընտրել ներկայացված շուրջ 7 տասնյակ աշխատանքներից: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից, արձանի արժեքը կազմել է 85 միլիոն 185.840 դրամ:
Տաթև Ղազարյանը որոշ մանրամասներ հայտնեց լեգենդար շանսոնյեի՝ հենց այս արձանը հաղթող ճանաչելու մասին.«Երևանի քաղաքապետարանը կապ է հաստատել «Ազնավուր» հիմնադրամի հետ և մենք առաջին օրվանից սերտ աշխատել ենք: Արձանի ընտրությունն ընթացել է մի քանի փուլով, շատ երկար պրոցես է եղել, որոշվել է, որ պետք է լինի հանրային մրցույթ, որին կարող էին մասնակցել քանդակագործներ և՛ ՀՀ-ից, և՛ ամբողջ աշխարհից: Մրցութային ամբողջ պրոցեսը քաղաքապետարանն է վարել, նախ կազմակերպել է փոքր քանդակների ցուցադրությունը, որի համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է քննարկեր և ընտրեր հաղթող քանդակը»:
Մեր զրուցակցի խոսքով՝ հանձնաժողովը բաղկացած է եղել նկարիչներից, քանդակագործներից, հանրային տարբեր ակտիվ ներկայացուցիչներից,կազմում են եղել նաև Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, վերջինիս կինը, ով «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն է, նաև փոխտնօրենը, Երևանի քաղաքապետը.««Ազնավուր» հիմնադրամը քվեարկության ժամանակ ունեցել է 3 ձայն, ընդհանուր առմամբ 14 հոգի է եղել հանձնաժողովում: Քաղաքապետարանի համար կարևոր էր, որ ընտանիքի կարծիքն էլ հաշվի առնվի: Մրցույթի հիման վրա ընտրվել է Դավիթ Մինասյանի քանդակը, կնքվել է պայմանագիր, իրեն պատվիրվել է քանդակի պատրաստումը, հիմնադրամն արդեն այդ պրոցեսին մասնակից չի եղել, քանդակագործի հոնորարը վճարել է քաղաքապետարանը»:
«Նիկոլա Ազնավուրը և Քրիստինա Ազնավուրը իրենց հավանությունն են տվել թե՛ մանրակերտին, թե՛ գիպսե քանդակին, հիմա էլ արձանը տեսել են և շատ հավանել են: Հիմնադրամի վերաբերմունքը և՛ ողջ պրոցեսին և՛ վերջնարդյունքին շատ դրական է»:
Սոցիալական ցանցերում արձանի տեղադրումն ուղեկցվեց նաև քննադատություններով, օրինակ որ Ազնավուրի կերպարը խեղճ է ստացվել, կամ կյանքում համեստ լեգենդար երգիչի կերպարը փառասիրության նշույլներ ունի: Ըստ Տաթև Ղազարյանի, քանի որ Ազնավուրը շատ սիրված կերպար է, բնական է, որ կարող են լինել քննադատություններ, դրանիցից որոշները պարզապես արձանի գաղափարը լավ չըմբռնելու հետևանք են.«Քանդակագործի հետ շատ երկար աշխատել և շփվել ենք: Արձանի մեջ երկու խորհուրդ է դրվել: Առաջինը՝ թեև Ազնավուրն ունի շատ հայտնի երգեր, բայց իր այցեքարտերից մեկը «Լա Բոհեմ» երգն է, արձանքը ոգեշնչված է երգի՝ իր կատարումից: Թաշկինակն էլ շատ հատուկ խորհուրդ ունի. ամեն անգամ երբ Ազնավուրը կատարում էր այդ երգը, նա իրեն արտիստ էր պատկերացնում՝ իբրև նկարիչ ամբողջ երգի ընթացքում բեմի վրա նկարում էր, և վերջում այդ թաշկինակով սրբում էր իր ներկոտ ձեռքերը և նետում էր դահլիճ ու իր հավատարիմ երկրպագուները գիտեին դա, երբ երգը վերջացնում էր, վազում էին բեմ, որպեսզի բռնեն այդ թաշկինակը: Այդ շարժումը հենց այդ երգից է, ոչինչ չափազանցված չէ»:
_1752747486.png)
«Ինչ վերաբերում է իր ներքևում գտնվող ձեռքերին, քանդակագործի մեկնաբանությամբ այս խորհուրդն ունի՝ ի վերջո արտիստին հանրաճանաչություն են բերում իր հանդիսատեսը և այս արձանի մեջ Ազնավուրը վեր է խոյանում այդ ծափերի շնորհիվ, ինքն իր հանդիասատեսի ծափերով վերևում է, դա է իրեն օդում պահում»:
«Քննադատությունները սուբյեկտիվ ընկալումներ են և նորմալ է, որ ցանկացած արվեստի գործ կարող է տարբեր ձևով ընկալվել, մեկնաբանվել, ոչ ոք չէր սպասում, որ բոլորը միանշանակ սիրելու են այդ քանդակը, կամ չեն սիրելու,նորից եմ ասում՝ հիմնադրամը և ընտանիքը շատ հավանում է, և շատ գոհ է այն արդյունքից, որին քանդակագործը կարողացել է հասնել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Արդյոք չկա՞ մտավախություն, որ այնուամենայնիվ արձանի շուրջ տարընկալումներ և քննդատություններ կշարունակեն լինել, Ղազարյանն արձագանքեց.«Նույն Առնո Բաբաջանյանի արձանի շուրջ այնքան քննարկումներ էին գնում, հիմա այն քաղաքի անբաժան մասն է: Ազնավուրի արձանն արդեն երկրորդ օրն է, որ տեղադրված է, անկեղծ ասած, բացասական կարծիքներ չենք լսել, ընդհակառակը, կարծում ենք՝ արձանը սիրվելու է և՛ մայրաքաղաքի բնակիչների, և՛ հյուրերի կողմից, և վստահաբար դառնալու է Երևանի սիրելի արձաններից մեկը»:




