Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կարծում եմ՝ «Նոա»-ն այդ երկու խաղերին չկարողացավ ամբողջությամբ իր ներուժը ցույց տալ, այսօրվա խաղին պետք է ավելի լավ հանդես գա: «Ֆերենցվարոշ»-ն ուժեղ թիմ է, համոզված եմ՝ «Նոա»-ն էլ չի զիջում ու մեկը մյուսին արժանի մրցակից են»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Նոա»-ի նախկին մարզական տնօրեն Արթուր Ոսկանյանը:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն կարողացավ առաջ անցնել Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստ»-ից և այժմ պատրաստվում է ընդունել հունգարական «Ֆերենցվարոշ»-ին:
Ոսկանյանի խոսքով՝ այսօր դաշտում նվիրվածության պակաս չի լինի, սակայն՝ ըստ նրա, ֆուտբոլիստները մինչև վերջին րոպեն պետք է կարգապահ լինեն և հավատան իրենց հաղթանակին. «Պետք է նվիրվածություն լինի, տանն ես խաղում, համոզված եմ, որ Հունգարիայում շատ ավելի դժվար կլինի: Պետք է հաշվի առնել, որ տան պատերն օգնում են, առաջին խաղում առավելություն ունենալու դեպքում հյուրընկալվելիս ավելի հեշտ կլինի խաղալ: «Նոա»-ն այսօր պետք է իր շանսը բաց չթողնի, փորձառու թիմերի դեմ խաղալիս ամենակարևորը կարգապահությունն է»:

Մեր տղաներին կօգնի նաև երկրպագուների ներկայությունը՝ նշեց Արթուր Ոսկանյանն ու հավելեց. «Մեր ակումբների խաղերին պետք է ամբողջ ազգը հետևի: Տարիներ առաջ, երբ նույնիսկ տոմսերն անվճար էին, մարդիկ չէին գնում, այսօր մարզադաշտ գնալու ավանդույթ է ձևավորվել, ինչը լավ է և միանշանակ առաջընթաց կարելի է համարել»:

Չնայած այս ամենին՝ Ոսկանյանն ընդգծեց, որ մեր թիմերը դեռ ուժեղագույն թիմերի դեմ խաղերում չեն կարողացել արժանի մրցակից լինել. «Եվրոպական խաղերում նոր կարողանում ես տեսնել թիմի ուժեղ կողմերը: Անցյալ տարի էլ «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ մտավ, բայց մենք դեռ Եվրոպային չենք կարողացել ցույց տալ, որ ուժեղ թիմեր ունենք: Ամեն դեպքում «Նոա»-ն հիմա ամեն ինչ անում է, որպեսզի Եվրոպայում կարողանա մրցունակ թիմ լինել»:
Հիշեցնենք, որ «Նոա»-«Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա այսօր Աբովյանում, մեկնարկը՝ 20:00-ին, իսկ պատասխան մրցավեճը` հուլիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
«Ֆերենցվարոշ»-ի արգելքը հաղթահարելու դեպքում «Նոա»-ն ՉԼ որակավորման երրորդ փուլում կմրցի հետևյալ զույգերից մեկի հաղթողի դեմ.
«Ռիեկա» (Խորվաթիա)-«Լուդոգորեց» (Բուլղարիա)
«Համրուն Սպարտանս» (Մալթա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)
«Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Ստյաուա» (Ռումինիա)
Անդրադառնալով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկ»-ի և «Ուրարտու»-ի մրցելույթներին՝ Ոսկանյանը նշեց. ««Փյունիկ»-ի մրցակիցը շատ թույլ էր և «Փյունիկ»-ն էլ գիտեր, որ մրցակիցը կիսասիրողական ֆուտբոլիստներով թիմ էր: Այսօր ֆուտբոլում այդպես է, եթե դու թերագնահատես նման թիմերին, արդյունքում նման բան է ստացվելու: «Փյունիկ»-ն ինչ-որ չափով երևի հանգիստ էր առաջին խաղում, որ այդ թիմին հեշտ հաղթելու է, և հենց դա եղավ բացթողումը, որ պարտվեցին: Երկրորդ խաղում արդեն «Փյունիկ»-ը ցույց տվեց, որ մի քանի անգամ ուժեղ է մրցակցից ու խոշոր հաշվով հաղթեց: Ինչ վերաբերում է «Ուրարտու»-ին, ապա նրա պարտությունը սպասելի չէր: «Ուրարտու»-ն լավ ֆուտբոլիստներ ունի, ուղղակի երևի «Ուրարտու»-ի ժամանակը չհերիքեց, որովհետև նոր մարզիչ ունեին, մի քանի ֆուտբոլիստներ հեռացել էին: «Ուրարտու»-ն դեռ իր ասելիքը պետք է ասի, որովհետև իմ կարծիքով ամենալավ հայ ֆուտբոլիստներն հենց այնտեղ են հավաքված ու պետք է ժամանակի ընթացքում ավելի լավ խաղ ցուցադրեն»:

Նշենք, որ «Ուրարտու»-ն երկու խաղում էլ զիջել է բելառուսական «Նեման»-ին և դուրս մնացել պայքարից, իսկ «Փյունիկ»-ը կարողացել է առաջ անցնել Սան Մարինոյի «Տրե Ֆիորի»-ից:
Չնայած գրանցված հաջողություններին՝ Ոսկանյանը խոսեց նաև այն խնդիրների մասին, որոնք տարիներ շարունակ առկա են մեր ակումբներում: Ոսկանյանը նշեց, որ իհարկե, լավ է երբ լեգեոներներն օգնում են մեր հայկական թիմերին հաղթանակի հասնել, սակայն միաժամանակ նկատեց, որ պետք է կենտրոնանալ հայ ֆուտբոլիստների վրա. «Երբ ակումբն ունի իր ակադեմիան ու հետո այդ նույն ակումբն ասում է, որ քիչ են ֆուտբոլիստները, պետք է արտասահմանից բերել, հարց է առաջանում՝ ինչ են անում իրենց ակադեմիաները, եթե պետք է վերջում դրսից ֆուտբոլիստներ բերեն: Ամեն ակադեմիայում կան 1000-ից ավել երեխաներ, իրենք պետք է պատրաստեն այդ ֆուտբոլիստներին, դուրս է գալիս, որ ակադեմիաները ճիշտ չեն աշխատում ու նման քանակի ֆուտբոլիստներ չեն կարողանում տալ իրենց ակումբին, դա իմ կարծիքով մեր ֆուտբոլի բացթողումն է»:
Ըստ մասնագետի՝ այս փաստն ազդում է նաև պատանի ֆուտբոլիստների հոգեբանության վրա. «Երբ ֆուտբոլիստը մարզվում է ակադեմիայում ու տեսնում է, որ միևնույնն է բերում են դրսի ֆուտբոլիստին, մտածում է, որ հնարավորություն չի ունենալու խաղալու, կամ ինչքան տաղանդավոր պետք է լինի, որ կարողանա հասնել այդտեղ: Այստեղ նաև ուրիշ խնդիր կա, որ շատ կարևոր է, եթե անգամ տաղանդավոր է, իրեն պետք է կարողանան ճիշտ զարգացնել: Այո, մենք լավ ֆուտբոլիստներ ունենք, բայց տաղանդը պետք է զարգացնել, որ ֆուտբոլիստն ուժեղանա: Պետք է ժամանակի ընթացքում այնպես անենք, որ մեր հայ ֆուտբոլիտներն էլ շատ խաղաժամանակ ստանան»:


