Թռչնամսի շուկայի պահանջարկի  38 տոկոսը տեղական արտադրանքն է. ինչու  չի ստացվում դառնալ ինքնաբավ և ինչու է տեղականն ավելի թանկ. մեկնաբանում է մասնագետը Zarkerak - Թռչնամսի շուկայի պահանջարկի  38 տոկոսը տեղական արտադրանքն է. ինչու չի ստացվում դառնալ ինքնաբավ և ինչու է տեղականն ավելի թանկ. մեկնաբանում է մասնագետը
Zarkerak Zarkerak - Թռչնամսի շուկայի պահանջարկի  38 տոկոսը տեղական արտադրանքն է. ինչու չի ստացվում դառնալ ինքնաբավ և ինչու է տեղականն ավելի թանկ. մեկնաբանում է մասնագետը
Թռչնամսի շուկայի պահանջարկի  38 տոկոսը տեղական արտադրանքն է. ինչու  չի ստացվում դառնալ ինքնաբավ և ինչու է տեղականն ավելի թանկ. մեկնաբանում է մասնագետը

Թռչնամսի շուկայի պահանջարկի  38 տոկոսը տեղական արտադրանքն է. ինչու չի ստացվում դառնալ ինքնաբավ և ինչու է տեղականն ավելի թանկ. մեկնաբանում է մասնագետը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Թեև Հայաստանում թռչունների գլխաքանակն ավելացել , սակայն Zarkerak.am-ին Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ թռչնամսի արտադրության ոլորտում ինքնաբավության աստիճանը համեմատաբար  ցածր է և հաշվի առնելով, որ սա պարենային անվտանգությանն առնչվող խնդիր է, ինչպես տավարաբուծության, խոզաբուծության, այնպես էլ թռչնաբուծության ոլորտներում ներդրումային խոշոր ծրագրեր կան, որոնցով փորձ  է արվում նաև զարգացնել «բրոյլեր» տեսակի թռչնամսի արտադրությունը:

Zarkerak.am-ը զրուցել է «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ՝ քննարկելով թե ոլորտի ներկա վիճակը, թե արձանագրվող ցուցանիշները, և թե առավել ինքնաբավ լինելու հնարավորությունները:

Սերգեյ Ստեփանյան 

Թռչնամսի շուկայի ներկան

«Թռչնաբուծության  ոլորտը  վերջին   տարիներին կայուն, դինամիկ  աճ  է  ցուցաբերում՝ այդ թվում  տեղական  թռչնամսի  արտադրությունը:  Նախորդ  10  տարիներին  տարեկան միջին  աճը  կազմել է  8.5%, ի դեպ սա  ԵԱՏՄ   արդյունաբերական թռչնաբուծության լավագույն ցուցանիշներից է»,- հայտնեց Սերգեյ Ստեփանյանը:

«Եթե  2023թ-ին մսի շուկայի պահանջարկի  31  տոկոսն էր   տեղական   թարմ թռչնամիսը, ապա  2024թ  շուկայի պահանջարկի  38 տոկոսը տեղական արտադրանքն է, այսինքն՝ 44  հազար տոննայից 16,8 հազար տոննայի սպառումը տեղական թռչնամսինն է: Հանրապետությունում  օրական  միջինում սպառվող  120-125 տոննա թռչնամսի 45-47 տոննան տեղական թարմ միսն է, որի 92%-ը՝  թարմ-պաղեցվածը»:

Սերգեյ Ստեփանյանի խոսքով, ներկայումս Հայաստանում թարմ թռչնամսի պահանջարկը ապահովում են մասնագիտացված 10 ընկերություններ՝ չհաշված մանր գյուղացիական ֆերմերային տնտեսությունները: Իսկ Հայաստան թռչնամիս հասնում է հիմնականում ՌԴ-ից, Ուկրաինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից:

Տեղականից լավը չկա՞

«Ներկրվող թռչնամիսն իր որակական հատկանիշներով, պահպանման ժամկետով, անվտանգության  ցուցանիշներով  և  մեծաքանակ  արտադրական սառցաջրով անհամեմատելի է տեղական թարմ-պաղեցված թռչնամսի հետ»:

Ներկա գնաճի պայմաններում, Սերգեյ Ստեփանյանի խոսքով,  հայ արտադրողը փորձում է մրցակցային մնալ ներկրվածի հանդեպ՝ բարելավելով արտադրանքի որակական հատկանիշները, քանի որ գնային առումով ներկրվածն առավել մատչելի է.  «Թռչնամիս արտադրող  ընկերությունները իրենց  ռազմավարությունն  ուղղում են  բարձր որակի և  անվտանգ  սննդի  ապահովմանը: Թռչնամիս  արտադրող գրեթե բոլոր ընկերությունները  օգտվելով  պետական աջակցությամբ ծրագրերից՝ նոր տեխնոլոգիաներով են վերազինել սպանդանոցները՝ մասնավորապես  սպանդի վերջնագծում օդակաթիլային եղանակով  պաղեցման և վերջնական ախտահանման հոսքագծով»: 

Ստեփանյանը վստահեցրեց, որ թռչնամսի խոշոր արտադրողների  մոտ  ներդրվել  և գործում  է սննդամթերքի  որակի և անվտանգության, ռիսկերի կառավարման կրիտիկական կետերի վերահսկման միջազգայնորեն ճանաչված  համակարգ:

Ինչու՞ է թանկ տեղական թռչնամիսը

«Ապրանքային թռչնամսի գնագոյացումը  սերտորեն  կապված է  ինքնարժեքի երկու կարևոր և հիմնական բաղադրիչներից՝  համակցված  կերի  և 1 օրական  մատղաշի՝ բրոյլերի կամ  ինկուբացիոն ձվի  ձեռք բերման  արժեքներից, որոնք  համապատասխանաբար  կազմում են  ինքնարժեքի  50-55%-ը և 18- 20%-ը: Պահանջվող հատիկային կերերի և լրակերերի 90%-ը և 1 օրական  մատղաշի  55-60%  ձեռք  են բերվում  արտերկրից,  որոնց արժեքները  և լոգիստիկ ծախսերը  տարեցտարի աճում  են»: 

Մինչդեռ ըստ Սերգեյ Ստեփանյանի, եթե այս բաղադրիչներից առնվազն 25-30%-ը տեղում  ձեռք բերվեր, հնարավորություն կլիներ գնային առումով  մրցակցել  նաև երրորդ  երկրներից  ներկրվող խորը սառեցված  թռչնամսի հետ:

Սակայն մասնագետն ընդգծեց, որ օրինակ  2024-ին և 2025-ին առաջին հինգ ամիսներին  տեղական  թռչնամսի  իրացման միջին գինն  ամենացածրն  էր՝  նախորդ  երեք տարիների  համեմատությամբ.«Վիճակագրությունը նաև վկայում  է, որ նախորդ տարի սննդամթերքի շուկայում ապրանքների ամբողջ տեսականուց  ամենացածր, կամ  աննշան  գնաճն ունեցել  է թռչնամթերքը՝ տեղական  թռչնամիսը  և պարենային ձուն,  վերջինիս  գնանկումը՝  նույնիսկ ինքնարժեքից  ցածր՝ այս տարվա ամռան ամիսներին  պայմանավորված է գերարտադրությամբ»

Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ հետևապես տեղական արտադրողներն  իրենց  ռազմավարության  հիմքում  առաջնահերթ  դնում  են  արտադրողականության  բարձրացումը և դրան զուգահեռ որակի բարելավումը, այլ ոչ  թե  համատարած գնաճին  արագ    արձագանքելը, որքան  էլ այն լուրջ մարտահրավեր լինի.«Շուկայում  երկարաժամկետ  և մշտական  ուսումնասիրությունները  վկայում են, որ ի տարբերություն  այլ  սննդամթերքների, թռչնամսի պահանջարկը միջինում ճկուն է նրա գնի փոփոխության նկատմամբ»:

Ինչպես դառնալ ինքնաբավ

ՀԿ նախագահի դիտարկմամբ, տեսականորեն կան շանսեր, որոնք կարող են հանգեցնել առավել ինքնաբավ դառնալուն: Օրինակ՝ կառավարության Գյուղատնտեսության զարգացման հեռանկարային ծրագրով  նախատեսված  է  մինչև 2030-ի տեղական  թռչնամսի ծավալները հասցնել  30 հազար տոննայի.«Ծրագրի հիմքում  նախատեսվում է մասնագիտացված տնտեսություններում առկա չգործող  արտադրական  կարողությունների  արագ  շահագործում  և արտադրական ցիկլում ընդգրկում, որը ենթադրում  է տարեկան արտադրանքի աճ՝ 20%-ով»:

Ըստ նրա, ոլորտում հայ արտադրողի դիրքերը բարելավելու համար նախ պետք են շուկայի կարգավորման գործուն միջոցներ, իսկ հրատապ քայլերը, որոնք պահանջում է ոլորտը հետևյալն են՝

«Թռչնամսի շուկայում հավասար մրցակցային  պայմաններ  ներկրողների և տեղական  արտադրողների  միջև , ներկրվող  թռչնամսի անվտանգությանը  վերաբերվող  չափորոշիչների պարտադիր և պրոֆեսիոնալ վերահսկում  սահմանին  և  շրջանառության ամբողջ  ընթացքում, թռչնամսի վերամշակման և փաթեթավորման  հավաստագրերի տրամադրում  իրական շահառուներին՝ հատկապես ԱՁ-ներին, որոնք պետք է պարտադիր գրանցված  լինեն   սննդի արտադրությամբ և վերամշակմամբ  զբաղվող   իրավաբանական  անձանց պետական շտեմարանում, որն  էապես  կօգնի  սառեցված  թռչնամիսը հետ բերելու և թարմի տակ վաճառելու արատավոր  պրակտիկայի վերացմանը՝ դիտելով այն քրեորեն հետապնդելի արարք»:

Ստեփանյանի խոսքով, նաև առաջարկել են Էկոնոմիկայի նախարարության կողմից քվոտաների հատկացման գործիքակազմի  կիրառման պարզեցում, քվոտաների բաշխման կամ վերանայման ժամանակ տեղական արտադրողների մասնակցության ապահովում:

 

Մարիամ Մկրտչյան

 

28 Հուլիս, 2025 14:00
Վեր