Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երեկվանից մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ ԿԽՄԿ-ից կապ են հաստատել Բաքվում պահվող գերիների ընտանիքների հետ և հայտնել, որ այլևս այցելություններ չեն լինելու:
Zarkerak.am-ը կապ հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի կանխարգելման և հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ՝ խնդրելով մեկնաբանել տեղեկության հավաստիությունը:
«Մեր շփումները ընտանիքների հետ առաջնային բնույթ ունեն, տեսակցությունների հետ կապված տեղեկացվում են հենց ընտանիքները: Դրան առնչվող բոլոր հարցերը քննարկվում են հենց ընտանիքի անդամների հետ, ինչ վերաբերում է մեր հետագա աշխատանքներին, դա ևս քննարկում ենք նրանց հետ: Գաղտնիք չէ, որ կազմակերպությունն առաջիկայում դադարեցնելու է իր աշխատանքն Ադրբեջանում, իշխանությունների մտադրությունը պահպանվում է, դրա առնչությամբ ի հայտ եկող խնդիրների վերաբերյալ նախազգուշացումներ ենք անում ընտանիքներին, որպեսզի ակնկալիքների առումով լինեն հստակ և ուղիղ: Ընտանիքիների հետ շատ թափանցիկ ենք կարևոր հարցերի շուրջ»,- ընդգծեց Զառա Ամատունին:
Հիշեցրեց, որ ԿԽՄԿ -ի վերջին տեսակցությունը Բաքվում պահվող հայ գերիներին վերջին անգամ եղել է հունիսին, սակայն կազմակերպությունը Բաքվում դեռևս գործում է.«Ինչ վերաբերում է վերջնական որոշումներին և թե ինչ է հետևելու դրան, խոսելու ենք հետո՝ առանձին պաշտոնական հաղորդագրությամբ: Կարտացոլենք նաև այն հարցերը, որոնք վերաբերում են մեր առաքելությանը և ինչի հանգեցրեց ԿԽՄԿ գլխամասային գրասենյակի և Ադրբեջանի իշխանությունների միջև կոնֆեդենցիալ երկխոսությունը»:
Զառա Ամատունին նշեց, որ չկան գրասենյակի փակման հստակ ժամկետներ: Հարցին, թե հնարավոր է ևս մեկ հանդիպում կամ երկխոսության արդյունքում Ադրբեջանի մտափոխություն, ասաց՝ ամեն ինչ կոնֆեդենցիալ է:


