Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Անշարժ գույքի շուկայում իրավիճակը ստաբիլ է, կտրուկ փոփոխություններ չկան»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը:
Հարությունովի խոսքով՝ օգոստոսի սկիզբը տուրիստական սեզոն էր, հիմնականում մարդիկ օրավարձով էին վարձում բնակարաններ, իսկ օգոստոսի կեսից արդեն սկսում են ուսանողների համար բնակարաններ փնտրել. «Գներով հիմնականում տարբերվում են Կենտրոն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանները: 1-2 սենյականոց բնակարան վարձակալելը Կենտրում միջինացված արժե 300-700 հազար դրամ, Արաբկիրում՝ 200-400 հազար, իսկ Դավթաշենում 180-300 հազար դրամ: Մնացած վարչական շրջաններում տատանվում է 120-250 հազար դրամի սահմաններում՝ կախված բնակարանի կենցաղային հարմարություններից և վերանորոգումից: Շատ կարևոր են նաև կենցաղային պայմանները, օրինակ՝ մարդը կարող է 150 հազար դրամով Արաբկիրում տուն վարձել, բայց ապրելու ենթակա չլինի»:

Ըստ Անդրանիկ Հարությունովի՝ սեպտեմբերին վարձով տների գների աճ չի նկատվի. «Ուսանողների գալն էական ազդեցություն չունի շուկայի վրա, բոլորն էլ գիտեն, որ սեպտեմբերին մարդիկ բնակարաններ են վարձում ուսանողների համար, հիմա ուսանողների քանակն էլ ահագին նվազել է: Նոր ուսանողներն են հիմնականում վարձում, մնացածը ամռանը չեն էլ հանձնել, որ նորից նոր բնակարան չփնտրեն: Կյանքը փոխվել է, փողն արժեզրկվել է, շատ դեպքերում մարդիկ ասում են՝ տները թանկանում են, բայց իրականում փողն է արժեզրկվել: Վարձակալության հանձնողները գույք են գնել, ներդրում են արել ու փորձել են վարձակալության հանձնել, որ գումարը կոմպենսացնեն: Գնաճն էլ միանշանակ իր ազդեցությունն ունենում է»:
Հարությունովը նաև ընդգծեց, որ առհասարակ գնային նվազում կարելի է նկատել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին. «Այդ ժամանակ տուրիստական սեզոնը վերջանում է ու այն բնակարանների տերերը, որոնք օրավարձով էին հանձնել, սկսում են երկարաժամկետ վարձակալներ գտնել, այդ ժամանակ գների որոշակի նվազում է լինում»:

Հարությունովը նաև նշեց, որ շուկայում սթրեսային իրավիճակ և գների աճ նկատվել է հատկապես 2022-23 թվականներին. «Այդ տարիներին երկու հոսք ունեցանք, մեկը՝ Ռուսաստանից, մյուսը՝ Արցախից: Ամեն մի հոսքը տարբեր ազդեցություն է ունեցել շուկայի վրա: ՌԴ-ից եկած մարդկանց մեծ զանգված մնաց, ովքեր արդեն զբաղեցնում էին բնակֆոնդում առկա բնակարանները, հետո արցախահայերը եկան, այսինքն՝ այս հոսքերն իրենց ազդեցությունը թողել են և բնակֆոնդը ծանրաբեռնվել է: Մինչև այդ իրադարձությունները, եթե մարդիկ այս սեզոնին տուն փնտրելիս կարողանում էին 4-5 տարբերակ դիտարկել, այս պահին մաքսիմում կարողանում են իրենց նախընտրած բյուջեի մեջ մեկ կամ երկու տարբերակ նայել, և մինչև որոշում են կայացնում՝ դրանք վարձակալության են հանձնվում: Իրականության մեջ շատ բարդ է բնակարան գտնել, որովհետև պահանջարկ կա: Մեր մարզերից մեծ հոսք կա դեպի Երևան, մարդիկ գյուղական համայնքներից տեղափոխվում են քաղաքներ, մարդկանց կյանքի պահանջմունքները են փոխվում»:


