Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«30 տարվա մեջ այժմ ամենամեծ հնարավորությունն ունենք կայուն խաղաղության: Խաղաղության մասին այսօրվանից արդեն կարող ենք ակնարկել, քանի որ խաղաղության պտուղները տեսանելի են, չկան կրակոցներ, կա միջպետական հարաբերությունների լիցքաթափում, այսինքն՝ արդեն կոնկրետ արդյունքներ ունենք, անկախ նրանից, որ պայմանագիրը դեռ ամբողջապես չի ստորագրվել, այլ նախաստորագրվել է: Պատմական քայլ է արվել խաղաղությանը մոտենալու համար, և դա վաշինգտոնյան համաձայնություններն են»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանը վաշինգտոնյան համաձայնությունները պատմական որակեց. «Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն ներգրավված եղել է, բայց որ իր անմիջական շահերն արտացոլվեր ձեռք բերված պայմանավորվածություններում և դրանով ամրապնդվեր խաղաղության հարատևության հնարավորությունը, այդպիսի բան չի եղել: Այդ առումով առաջին անգամ է, որ ԱՄՆ-ն իր ռազմակաքաղաքական և աշխարհաքաղաքական շահերը գտել է տարածաշրջանում և Հայաստանում ու ամրագրել է դրանք՝ համադրելով Հայաստանի աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական շահերի պաշտպանության հետ: Դա է, որ հիմնավոր հույս է ներշնչում, որ այդ խաղաղության հնարավորությունն ամենաբարձրն է երբևէ եղածների համեմատ»:
Վարչապետի այն հայտարարությունը, թե պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն՝ Խուրշուդյանը համարեց քաղաքական հայտարարություն. «Դա իր մեջ բարի ցանկություն է պարունակում, որովհետև կան հանգամանքներ, որոնք կախված չեն ո՛չ Հայաստանից, ո՛չ Փաշինյանից, նույնիսկ ո՛չ էլ Ադրբեջանից: Օրինակ, եթե Ռուսաստանը որոշի պայթեցնել տարածաշրջանը, ինքը դեռ բոլոր գործիքներն ունի այդ ուղղությամբ: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումը կարող է բերել նաև որոշ էսկալացիաների ՌԴ-ի և Ադրբեջանի միջև, որը հղի է Հայաստանի ներգրավմամբ: Երկրորդը՝ ՀՀ-ում դեռ ակտիվ է հինգերորդ շարասյունը և եթե ՌԴ-ն ուզենա պայթեցնել տարածաշրջանը, կարող է շատ ավելի կտրուկ գործողությունների դիմել՝ ՀՀ-ում հինգերորդ շարասյանն իշխանության բերելու հարցում»:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում հնչեցրած հայտարարությանը՝ կապված ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հետ՝ քաղաքական վերլուծաբանն ասաց. «Ադրբեջանն պետք է ավելի շահագրգռված լինի 200 քկմ-ից իր զորքերը հանելու հարցում: Եթե Ադրբեջանը երկար ժամանակ դուրս չգա օկուպացված տարածքներից, ապա դա կնշանակի, որ խախտում է Խաղաղության համաձայնագիրը, դրանով Հայաստանին թողնում է օրինական հնարավորություն՝ մեզ համար բարենպաստ պահի, լինի դա 10, 20 թե 30 տարի հետո՝ ուժով սեփական տարածքները վերականգնել։ Դա նշանակում է՝ թողնում է օրինական պատուհան ՀՀ-ի համար միայնակ կամ որևէ դաշնակցի հետ միասին Ադրբեջանի դեմ երբևէ ռազմական գործողություններ սկսելու, իսկ դա ՀՀ-ն կանի միայն այն ժամանակ, երբ հաղթելու հնարավորություն կունենա։ Ու եթե այդ պահը գա՝ ոչինչ չի խանգարի Հայաստանին կանգ չառնել օկուպացված տարածքները վերադարձնելու վրա, և խնդիր դնել պատժել օկուպանտին և ագրեսորին, նաև վերացնել Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքները և վերականգնել խախտված միջազգային իրավունքը: Թեև վստահ չեմ, որ Բաքվում ճիշտ հաշվարկ կանեն»:
Խոսելով նաև Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանն առաջնորդելու է Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ՝ Խուրշուդյանը նշեց. «Որպես երկրի ղեկավար այլ կերպ վարչապետը չէր կարող արտահայտվել, եթե իրոք նպատակ ունի այս պահին Հայաստանի համար խաղաղություն շահել: Մենք հասկանում ենք, որ այդ պայմանագիրը ստորագրվում է ուժի կիրառման սպառնալիքի ներքո, ինչը միջազգային իրավունքի խախտում է, բայց քանի որ հիմա միջազգային իրավունքը չի գործում և գոնե այս շրջանում մենք չենք կարող ապավինել դրան, միակ տարբերակը մնում է խաղաղություն շահել՝ նվազագույն կորուստներով, այն, ինչն արեց ՀՀ իշխանությունը: Հիմա Արցախի հարցը ՀՀ իշխանությունը չի կարող բարձրացնել, դա պետք է անեն այլ երկրներ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրները և ԵԱՀԿ-ն, դրանք կառույցներ են, որոնք հիմա չեն գործում, բայց չի նշանակում, որ երբևէ չեն գործելու»:
Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ այսօր կարևոր է Հայաստանի հզորացումը. «Խաղաղությունը մեզ պետք է ժամանակ շահելու համար՝ սեփական ինքնապաշտպանական կարողությունները մեծացնելու և ուժի կիրառման սպառնալիքին արդյունավետ դիմակայելու համար, ինչպես նաև իրական անդավաճան դաշնակիցներ գտնելու համար, որովհետև այս պահին ՀՀ-ն պատրաստ չէ պատերազմի ու նաև փաստացի չունի դաշնակիցներ: Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ Ադրբեջանը չէր համաձայնի խաղաղությանը, եթե Հայաստանի իշխանությունը շարունակեր Ղարաբաղյան շարժման տրամաբանությունը: Որևէ իշխանություն, եթե լիներ ՀՀ-ում, նույնիսկ ամենածայրահեղ ազգայնական իշխանություն, չէր կարողանալու այդ հարցը լուծել, որովհետև այդ հարցը բարձրացնելը մի բան է, հարցը լուծելը՝ մեկ այլ բան: Կարող էին պոպուլիստական նպատակներով բարձրացնել հարցը, որի արդյունքում խաղաղություն չէր լինի Ադրբեջանի հետ և առաջին հարմար պահին Ադրբեջանն ավելի մեծ տարածքային կորուստներ կպատճառեր Հայաստանին, հիմա ավելի ճիշտ է եղածը պահպանելու համար պայմանավորվել, պայմանագիր կնքել և սկսել զարգանալ, որի պոտենցալը Հայաստանում ավելի մեծ է, քան՝ Ադրբեջանում»:


