Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կայուն զարգացման խնդիրները և մարտահրավերները հանքարդյունաբերության ոլորտում․ Zarkerak.am-ը ուսումնասիրել է, թե ինչ տնտեսական օգուտներ, ինչ բնապահպանական, առողջապահական վնասներ է հասցնում հանքարդյունաբերությունը, ինչու է դանդաղ զարգանում, հատկապես «Թրամփի ուղու» գործարկումն ինչպես կարող է ազդել հանքարդյունաբերության վրա, ինչպես նաև հանքերի շահագործման անդրադարձն առաջին օղակում աշխատողի վրա։
Պղինձ, ոսկի, մոլիբդեն. ընդերքօգտագործման իրավունք ունեցող հանքավայրերի թիվը Հայաստանում 463-ն է, երկրին օգուտ է տալիս 7-ը: Սյունիքում գործում է 3-ը՝ ԶՊՄԿ-ն, Ագարակի ՊՄԿ-ն, Չաարատ Կապան ՓԲԸ-ն։ Երկու հանքավայր Լոռու մարզում են` Ախթալայի ԼՀԿ և Թեղուտ ՓԲԸ, Գեղարքունիքի մարզում գործում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Ամուլսարն այժմ շինարարության փուլում է:
Տնտեսությունը և հանքարդյունաբերությունը
Երկրի օգուտը․ Հանքագործական արդյունաբերությունը և բացհանքերի շահագործմումը 2024 թվականին կազմել է ՀՆԱ-ի 5.9 տոկոսը, 2023 թվականին եղել է 8.3 տոկոս, գրանցվել է նվազում։
Հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցներ - Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականին միջին ամսական աշխատավարձը կազմում է գրեթե 880 հազար դրամ, 2024 թ-ին գրեթե 800 հազար, 2023 թ-ին գրեթե 950 հազար դրամ։
Միջազգային չափորոշիչներին անհամապատասխանություն, հին տեխնոլոգիաներ, ներդրումային ոչ բարենպաստ միջավայր, կոմունիկացիաների բացակայություն. Zarkerak.am-ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանն առանձնացնում է այն հիմնական խնդիրները, որոնք հնարավորություն չեն տալիս ավելի արագ զարգացնել հանքարդյունաբերությունը:

Արմեն Քթոյան
Ըստ Արմեն Քթոյանի՝ մեր հանքերը միջազգային չափանիշները չեն կարող պահպանել, որովհետև աշխատում են հին տեխնոլոգիայով և նոր տեխնոլոգիայով աշխատելը ներդրումներ է պահանջում. «Բավարար է լինենք Սյունիքի մարզում, կամ այլ մարզերում, և պարզ կդառնա, որ բաց հանքերի շահագործումը հարակից օբյեկտներին լուրջ վնասներ է հասցնում, բնակավայրերին՝ փոշու տեսքով և այլն: Այդ ստանդարտների բավարարումը փող արժե, ո՞վ պետք է ներդրում կատարի, կամ պետք է պետությունը պահանջի բոլորից այդ ստանդարտների բավարարում, այդ դեպքում մի մասը կփակվի, կամ պետք է միայն նորերից պահանջի, ինչպես Ամուլսարի պարագայում է, բայց այս դեպքում անհավասարություն է առաջանում, կամ էլ ոչ մեկից չպահանջի, սակայն արդյունքում նոր ներդրողներ չեն գա»:
Հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ Շուշանիկ Քերոբյանն էլ համակարծիք է, որ ՀՀ հանքարդյունաբերությունը գրեթե ոչնչով չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին. «Այս պահին հանքարդյունաբերության մասով զարգացում գրեթե չկա, նոր ուսումնասիրություններ, նոր հանքեր, նոր ներդրողներ չկան: Ամենամեծ խնդիրն այն է, որ ներդրողների համար չկա միջավայր, որ լինի քիչ ռիսկային: Մեզ մոտ սովետական համակարգի մնացորդները մինչև հիմա պահպանվում են»:
Ըստ Քերոբյանի՝ առաջին հերթին օրենսդրությունը պետք է դարձնել միջազգային չափանիշներին համապատասխան, որպեսզի ներդրողների համար ավելի նպաստավոր լինի. «Մեր օրենսդրությունը շատ ռիսկային է, հաճախ սկզբունքային հարցերի փոփոխություն է տեղի ունենում: Պետք է պետության և տնտեսվարողի շահը հավասարակշռվեն, չի կարելի այնպես անել, որ տնտեսավարողի հաշվին պետությունը շահի, կամ հակառակը»:

Շուշանիկ Քերոբյան
Չնայած այս ամենին՝ Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են, որ ՀՀ-ն որդեգրել է ճկուն ներդրումային քաղաքականություն. «Մենք ունենք «Մեկ պատուհանի» սկզբունքը, գործում է ներդրումների աջակցման կենտրոնը, որտեղ հենց ներդրման առաջին պահից մինչև վերջին փուլն աջակցություն է ցուցաբերվում ներդրողին: Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է ամեն կերպ օգնել մեր ներդրողներին»,- հայտնեցին նախարարությունից:
Հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները
Ինչ վերաբերում է Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններին և հետագայում «Թրամփի ուղու» գործարկման ազդեցությանն արտահանման ծավալների վրա՝ տնտեսագետը նշեց. «Անհրաժեշտ պայմաններից մեկը կապուղիների գործարկումն է, սակայն դա էլ բավարար չէ, որովհետև անհրաժեշտ են ներդրումներ, խոշոր մասնակիցներ, հարակից արտադրանքի իրացման շուկաներ և այլն: Եթե մաքուր պղինձ ես ստանում, այդ ծծմբաթթուն մեծ ծավալներով արտահանելու համար անհրաժեշտ է շուկա և երկաթուղի: Կան գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ շրջափակումը Հայաստանին արժենում է իր արտահանման առնվազն 30-40 տոկոս կրճատում, այսինքն՝ միայն այն պատճառով, որ մենք փակ սահմաններ ունենք, դա հնարավորություն չի տալիս այս պահի դրությամբ 30 տոկոսով ավելացնել մեր արտահանումը»:

Մեր զրուցակիցների դիտարկմամբ՝ ՀՀ-ն տարածաշրջանի երկրների համեմատ դեռ հանքարդյունաբերության զարգացման առումով հետ է մնում:
Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին՝ Շուշանիկ Քերոբյանը նշեց, որ հատկապես մետաղական հանքերում աշխատակիցները լավ են վարձատրվում. «Ոլորտի հետաքրքրությունը մարդկանց մոտ մի տեսակ կոտրվում է բնապահպանական հկ-ների քարոզներից, բայց ամեն դեպքում կարծում եմ՝ ոլորտը գրավիչ է մնում, թեկուզ միայն բարձր աշխատավարձի համար մարդիկ նախընտրում են հանքերում աշխատել»:
Առողջությունը և հանքարդյունաբերությունը
Հանքարդյունաբերությունը որոշ չափով կարող է վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանալ: Առողջապահության նախարարությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ այն ուղղակի ազդեցություն չունի հարակից բնակավայրերի բնակչության առողջության վրա, բայց կարող է բացասաբար ազդել շրջակա միջավայրի վրա, որն էլ կարող է նպաստել բնակչության շրջանում տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկերի բարձրացմանը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հանքարդյունաբերությունը կարող է լուրջ առողջական ռիսկեր առաջացնել, ներառյալ քաղցկեղի մի շարք տեսակներ։
ՀՀ-ում 2023 թվականին ընդհանուր մահացության կառուցվածքում նորագոյացություններից մահերը կազմել են 21 տոկոս, որից չարորակը 20.8 տոկոս: Այն 2020 թվականից հետո արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:
Մարզերում և Երևանում 2023 թվականին չարորակ նորագոյացություններով պացիենտների թիվն ամենաշատը Երևանում է՝ 26445, հետո՝ Կոտայքում, Շիրակում, Լոռիում, Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Տավուշում, Սյունիքում, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 931:
Սակայն, ինչպես հայտնեցին նախարարությունից, ԱՆ-ն բնակչության հիվանդացության և մահացության պատճառահետևանքային կապերի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրում, և այս 2023 թվականից հետո այլ թարմ ցուցանիշներ չկան։
Հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ Շուշանիկ Քերոբյանը նշեց, որ ցանկացած արդյունաբերություն իր բացասական ազդեցությունն ունենում է առողջության վրա, ուրիշ հարց է, երբ կառավարման համակարգն այնպես է կազմակերպված, որ մարդկանց առողջության հետևում են. «Օրինակ՝ հանքերի մեծ մասը բժշկական ապահովագրություն է անում, վտանգավոր մասերում աշխատողներին ապահովում են հագուստներով, կաթնամթերք են տալիս: Եթե մարդը երկու-երեք տուփ ծխախոտ է ծխում և աշխատում է հանքում, չես կարող ասել՝ հիվանդությունը ծխախոտից է առաջացել, թե հանքում աշխատելուց: Հանքերի մեծ մասն աշխատողների առողջությանը հետևում է»,- ասաց նա:
Բնությունը և հանքարդյունաբերությունը
Հանքարդյունաբերությունը կարող է հանգեցնել նաև բացասական հետևանքների՝ վնասելով բնությանն ու շրջակա միջավայրին: Ըստ ՇՄՆ-ի տրամադրած տվյալների՝ մթնոլորտային արտանետումների քանակը նվազել է՝ 2021 թվականի 7.3 հազար տոննայից 2023 թվականին դառնալով՝ 4 հազար տոննա:
2024թ.-ի ընթացքում 87 ստուգում է իրականացվել հանքարդյունաբերական ձեռնարկություններում: Հանքանյութերի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը հասցված վնասը կազմել է 1 միլիարդ 691 միլիոն դրամ։ Հայտնաբերվել է 4.5 միլիոն խմ ապօրինի հանքանյութ։ Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում 2 միլիարդ 360 միլիոն դրամի վնաս է հասցվել:
«Շահագործվող հանքերի ամեն մի միավոր ազդեցություն է ունենում մոտավորապես 10 անգամ շատ տարածքների վրա, քան ինքը զբաղեցնում է: Առաջին հերթին ազդեցությունը ջրերի վրա է»,- մեզ հետ զրույցում նշեց բնապահպան Ինգա Զարաֆյանը:
Զարաֆյանն ընդգծեց՝ վերահսկողական մեխանիզմները խստիվ չեն պահպանվում. «Բավականին մեծ առավելություններ են տալիս հանքարդյունաբերողներին, որպեսզի բիզնեսը զարգանա, բայց եթե դու անում ես շրջակա միջավայրի հաշվին, նշանակում է, որ հաշվի չի առնվում շրջակա միջավայրի շահը, իսկ դա հենց մարդու շահն է: Մեզ մոտ հիմնականում հաշվի են առնվում այն առավելությունները, որոնք տալիս է հանքարդյունաբերությունը, օրինակ՝ հաշվի են առնում աշխատավարձը, հարկերը, կա իհարկե, սոցիալական պատասխանատվություն, բայց ոչ մեկը չի հաշվարկում, թե ինչ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա»,- նշեց նա:
ԶՊՄԿ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն, այս տարվա երկրորդ եռամսյակում վճարած հարկերի հաշվին հայտնվել է խոշոր հարկատուների ցանկում և վճարել է 20.4 մլրդ դրամի հարկեր: Ընկերությունը 2024 թվականին պետական բյուջե է վճարել 102 մլրդ դրամ հարկ և գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը, իսկ 2023 թվականին վճարել է՝ 77,88 մլրդ դրամ։ Այժմ պետությունը՝ ԶՊՄԿ-ի 21.9%-ի բաժնետեր է:

«Այս փաստը դրական է այնքանով, որ ժամանակին կասկածելի սխեմաներով ԶՊՄԿ-ն մասնավորեցվեց շուկայական գնից մի քանի անգամ ավելի ցածր գնով և այստեղ մենք կարող ենք համարել, որ պետությունը վերադարձնում է այն, ինչը ժամանակին պետք է ստանար: Պետությանը պատկանում է մեկ հինգերորդը և պետությունը որոշումների վրա վերջնական ազդեցություն չունի, հետևաբար անարդյունավետության խնդիր այստեղ չկա»,-ասաց նա և նշեց, որ եթե այս երևույթը դառնա զանգվածային, տհաճ իրավիճակների կարող է բերել:
Չշահագործվող Ամուլսար
Ամուլսարի հանքի բնապահպանական ուսումնասիրությունները և բնապահպանական կառավարման նախագծումը սկսել է 2008-ին, իսկ բուն շինարարական աշխատանքները՝ 2016-ին, որը նախատեսվում էր ավարտել 2 տարում: Բնապահպանների բողոքի ակցիաների ու դժգոհությունների ֆոնին, սակայն, շինաշխատանքները դադարեցվեցին: 2018-ին Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց: Կասկած կար, որ «Լիդիան Արմենիան» աղտոտել է շրջակա միջավայրը, իսկ բնապահպանության նախարարության պաշտոնյաները թաքցրել են դա: 2021-ի դեկտեմբերին, սակայն, գործը կարճվեց:
Փետրվարի 27-ին կառավարությունը որոշեց մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրել Հայաստանի բանկերից՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով ՀՀ-ն որպես սեփականություն ունի ընկերության բաժնետոմսերից 12,5 տոկոսը։

Ըստ Արմեն Քթոյանի՝ Ամուլսարի հանքի չշահագործման վնասը ոչ միայն տնտեսական է, այլև ռեպուտացիոն. «Ներդրողներին կարող է ոչ հստակ ազդակներ գնալ, վնասը նաև Կառավարության արդյունավետության նկատմամբ որոշակի թերահավատություն ձևավորեց»:
Քթոյանի կարծիքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ դեռևս չի հաջողվել ստեղծել բոլոր կողմերի արդյունավետ երկխոսության հարթակ. «Մի կողմից ներդրողների իրավունքի պաշպանության խնդիր կա, պետք է շահագործվի, մյուս կողմից էլ կա որոշ թերահավատություն, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը ճիշտ չի արվել: Ակնհայտ է, որ Ամուլսարին առաջադրված պահանջներն ավելի խիստ են, քան մյուս հանքագործական ընկերություններին, ստացվում է, որ Ամուլսարի շահագործման պարագայում առավել խիստ պայմաններ առաջադրելը՝ արդար չէ բիզնեսի տեսանկյունից: Այս պահին ավելի նպատակահարմար է դրա շահագործումը, բայց էլի այստեղ աշխատանք կա տանելու՝ հնարավոր կասկածները փարատելու համար»: