Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քըլըչի այցն ավելի շատ իրավիճակային էր՝ պայմանավորված օգոստոսի 8-ից հետո Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում ձևավորված իրողությունների հետ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի վերջին բանակացություններով, հետևաբար նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտություն կար վերաքննարկելու նաև Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, կանխատեսելի այց էր»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի Երևան այցին՝ ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ Պետրոսյանի՝ տեղի են ունեցել բանակցություններ և որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա անելիքների հետ կապված, որոնք ոչ կարճաժամկետ հեռանկարին են վերաբերում, այլ առնվազն միջնաժամկետ. «Կա Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթաց, որպեսզի ցույց տրվի, որ այդ գործընթացը փակուղում չէ, դրա համար նման հանդիպում տեղի ունեցավ, շոշափելի քայլեր ակնկալել այս պահին նվազ իրատեսական է: Դեռևս սպասվում են որոշակի գործընթացներ, Թուրքիայի կողմից գուցե կան որոշակի ձգտումներ ներգրավելու «Թրամփի ուղի» նախագծում, դրան գումարած կա ապաշրջափակման բանակցության պրոցես, սահմանազատման գործընթաց, խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ստորագրված չէ, սրանք այնպիսի հանգամանքներ են, որոնք կամա թե ակամա ազդում են Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի վրա: Թուրքական կողմն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը մշտապես պահել է որպես նախապայման Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար»:
Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե խաղաղության համաձայնագիրը կստորագրվի 2026 թվականի առաջին կեսին և դրանից հետո Թուրքիան ևս արագ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ՝ Արմեն Պետրոսյանը նշեց. «Ֆիդանի հայտարարության մեջ որոշակի վրիպակ կա, որովհետև Ադրբեջանը հայտարարում է որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման՝ ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու հարցը, իսկ դա կարող է լինել խորհրդարանական ընտրություններից հետո, հետևաբար այստեղ Ֆիդանի հայտարարությունն այդքան ճշգրիտ չէ, կամ լավագույն դեպքում Ադրբեջանի հետ առանձին ինչ-որ պայմանավորվածություն կա, բայց այս պահին տեսանելի չէ, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել իր նախապայմանից»:
Ըստ Պետրոսյանի՝ Թուրքիան ու Ադրբեջանը միևնույն ուղեգծով են հանդես գալիս. «Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի համաձայնագիր, ապա կամա թե ակամա Թուրքիան էլ է ստորագրում, ասեմ ավելին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն այս պահին ավելի իրատեսական քայլերի հնարավորություն է տալիս, քան Ադրբեջանինը: Գոնե Թուրքիայի հետ կարող ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել, նրանց հետ խաղաղության համաձայնագրի հատուկ փաստաթղթի անհրաժեշտություն չկա, սակայն մինչև չստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, Թուրքիան Հայաստանի հետ վերջնական կարգավորման չի գնա, մինչև այդ հարցը չլուծվի՝ Թուրքիան իր կողմից քայլեր չի կատարի»:


