Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քննադատությունները չեմ հասկանում, ընդդիմությունը ռեակտիվ քաղաքականություն է վարում: Նույն ընդդիմությունը դրա մասին խոսում է այն դեպքում, երբ իրենք էին ֆուտբոլային դիվանագիտության օրերին մեկ գիշերում Արարատի նշանը հանել մարզաշապիկի վրայից»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 1-ից ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում դրվող կնիքից Արարատ լեռան պատկերը հանելու որոշմանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով՝ նպատակն Արարատը հանելը չէ. «Հիմնավորումն այն է, որ պարզապես փոքրացնում ենք կնիքը և քանի որ փոքրացնում ենք՝ Արարատի գծապատկերն է դուրս գալիս: Ինչ իմաստ ունի նոր կնիք ունենալու դեպքում զետեղել Արարատի պատկերն այն դեպքում, երբ մենք վաղուց հայտարարել ենք, որ ճանաչում ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի սահմանները և չունենք ոչ մի տարածքային պահանջ և նպատակներ մեր որևէ հարևանի նկատմամբ»:
Պատգամավորն ընդգծեց, որ վաղուց են այս խոսակցությունը սկսել ժողովրդի հետ. «Ես մի քանի զգացական մեկնաբանություն եմ տեսնում, ոչ մեկը չի խանգարում էլի պաշտել Արարատը, Արարատը շատ սիրուն լեռ է, Երևանից շատ սիրուն երևում է և այսքանը, ինչ իմաստ ունի այս զգացական ֆոնը ստեղծել, սա ընդդիմության գործելաոճն է, ես ժողովրդի ցասում չեմ տեսնում, սուտ օրակարգեր են»:
Հասմիկ Հակոբյանն ընդգծեց, որ Թուրքիայի կողմից նման պահանջ չի եղել. «Մենք ենք հայտարարել, որ մեր բոլոր գործողություններն իրականացնելու ենք իրական Հայաստանի գաղափարախոսության հիմքով, մեր սուվերեն երկրի տարածքներով զարգանալ և հետագայում չունենալ որևէ նպատակ և երազանք՝ մեծացնելու այդ տարածքները, որովհետև տարածքներ մեծացնելն ուղիղ պատերազմի մասին է խոսում: Եթե ինչ-որ մի քաղաքական ուժ ուզում է նման խոսույթով գնալ ընտրությունների, թող հստակ հայտարարի, որ ինքը գալու է և պատերազմ է հայտարարելու օրինակ՝ Թուրքիային և պահանջելու է Արարատ սարը: Մեր հայրենակիցները չեն ուզում պատերազմ, ուզում են խաղաղություն»:
Անդրադառնալով նաև այն հայտարարություններին, որ այս քայլը Թուրքիային հաճոյանալու համար է արվում՝ պատգամավորը նշեց. «Լուրջ չեմ վերաբերում նման հայտարարություններին, ինչ հաճոյանալու խնդիր ունենք, սա մեր մասին է, Թուրքիան սրա հետ ինչ կապ ունի, մենք մեր քաղաքացիների հետ խոսակցություն ենք ունենում, ուզում ենք այդ կենացներից դուրս գալ»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք քննարկվում է նաև զինանշանից Արարատի պատկերը հանելու հարցը՝ Հակոբյանն ասաց. «Այդ մասին քննարկում չունենք»:


