Ստեփանակերտի անգործության և Մոսկվայի լռության ծանր գինը Zarkerak - Ստեփանակերտի անգործության և Մոսկվայի լռության ծանր գինը
Zarkerak Zarkerak - Ստեփանակերտի անգործության և Մոսկվայի լռության ծանր գինը
Ստեփանակերտի անգործության և Մոսկվայի լռության ծանր գինը

Ստեփանակերտի անգործության և Մոսկվայի լռության ծանր գինը

2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողություն՝ «հակաահաբեկչական գործողություն» անվանմամբ, որի արդյունքում Արցախի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց։ Այս պատերազմն ավարտվեց բառացիորեն մեկ օրում՝ Հայաստանի պատմության մեջ մի նոր ցավալի էջ բացելով։ Այսօր, երկու տարի անց, անխուսափելի է դառնում մի հարց՝ ովքեր են այս խայտառակ պարտության հիմնական պատասխանատուները։

Արցախի ներքաղաքական կառավարման համակարգը տարիներ շարունակ եղել է անարդյունավետ, փակ ու հաճախ՝ կոռուպցիայի մեջ խրված։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ տարածաշրջանը հայտնվեց ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, Արցախի իշխանությունները չունեցան ո՛չ համարժեք ռազմավարություն, ո՛չ էլ ժողովրդին վստահություն ներշնչող գործողություններ։ Արցախը ղեկավարած մարդիկ ցուցաբերեցին կամ ակնհայտ անգործություն, կամ սխալ առաջնահերթություններ դրեցին իրենց առաջ։ Նրանք իրենց իշխանությունը ավելի շատ օգտագործեցին ներհայաստանյան քաղաքական ինտրիգների մեջ ներգրավվելու համար, քան իրական անվտանգության համակարգ ստեղծելու։ Անգամ 2023-ին, երբ Ադրբեջանի կողմից շարունակաբար արգելափակվում էր Բերձորի միջանցքը և հումանիտար ճգնաժամ էր հասունանում, Արցախի ղեկավարությունը մի կողմից շարունակում էր ձևացնել, թե իրավիճակը վերահսկելի է, իսկ մյուս կողմից՝ մատը մատին չտվեց նույնիսկ միջազգային աջակցության ակտիվ մոբիլիզացման համար։

Ռուսաստանը 2020 թվականի եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնել էր Արցախի անվտանգության հիմնական երաշխավորի դերը։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ 2023-ին, միանշանակ ապացուցեց՝ ռուսական խաղաղապահները կատարում էին բացառապես Ադրբեջանի հետ համահունչ «հսկողության» դեր, ոչ թե պաշտպանողական առաքելություն։ Երբ Ադրբեջանը հարձակում սկսեց, ռուսական կողմը պարզապես անտեսեց զինված բախումը՝ չփորձելով ոչ միայն կանխել, այլ անգամ արձագանքել։ Այս անգործությունը ցույց տվեց, որ ռուսական կողմը կամ անզոր է, կամ բացահայտորեն կողմնակալ։ Շատ վերլուծաբաններ համոզված են՝ Բաքուն նման գործողության չէր դիմի առանց Մոսկվայի լուռ համաձայնության։ Իսկ խաղաղապահների դուրսբերումը Արցախի անկումից ամիսներ անց հաստատեց՝ Ռուսաստանը երբեք էլ նպատակ չի ունեցել երկարաժամկետ անվտանգություն ապահովել հայկական բնակչության համար։

2023-ի սեպտեմբերյան պարտությունն Արցախի վերջնագիրն էր, բայց այդ վերջը վաղուց էր սկսվել՝ Ստեփանակերտի ապաշնորհությամբ, Մոսկվայի դավաճանությամբ ու Հայաստանի նախկին իշխանությունների թուլությամբ։

Արցախի ղեկավարությունը տարիներ շարունակ խաբեց սեփական ժողովրդին՝ հույսեր սնելով, որ ռուսը կփրկի, որ ինչ-որ մեկը կիջնի ու կկանգնեցնի պատերազմը։ Բայց պատերազմը ոչ միայն չկանգնեցվեց, այլև մի ամբողջ հանրապետություն մենակ թողեցին և մեկ օրվա մեջ ծնկի բերեցին։

Ռուսաստանը, որը թղթի վրա խաղաղապահ էր, իրականում գործեց որպես Ադրբեջանի ծրագրերի կամավոր հովանավոր։ Ստեփանակերտը շարունակեց այնպես ինչպես թելադրում էին Հայաստանի ընդդիմաիդր շրջանակները։ Արդյունքում՝ 120,000 մարդ դարձավ քաղաքական հաշվարկների զոհ, իսկ Արցախի Հանրապետությունը՝ ցավոտ հիշողություն։

Այս պատերազմում թշնամին միայն Ադրբեջանը չէր։ Թշնամին նաև մեր ներսում էր՝ կեղծ խոստումներով և ռուսական պատրանքներին հավատացող Արցախի ղեկավարների  և Հայաստանի ընդդիմադիր դաշտի որոշ ուժերի տեսքով։

Արցախի կորստի պատասխանատվությունը մեծապես ընկնում է նրա վերջին ղեկավարների վրա։ Անկայուն, չկշռադատված քաղաքական որոշումները, պետության անվտանգային համակարգի թուլացումը և արտաքին քաղաքական թերացումները բերեցին անդառնալի հետևանքի՝ հազարավոր մարդկանց տարհանման ու հայրենի հողերի կորստի։ Նրանք պարտավոր էին առավել հեռատես ու վճռական լինել՝ սեփական քաղաքացիների ու հայրենիքի շահերը պաշտպանելու համար։

Մինչդեռ այսօր Արցախի ղեկավարների մի մասը փորձում է արդարանալ կամ խուսափել պատասխանատվությունից՝ մոռանալով, որ իրենց անգործության հետևանքով հայաթափվեց և կորսվեց Արցախը։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

19 Սեպտեմբեր, 2025 12:16
Վեր