Երրորդ Հանրապետությունը՝ շանս, որը չօգտագործեցինք Zarkerak - Երրորդ Հանրապետությունը՝ շանս, որը չօգտագործեցինք
Zarkerak Zarkerak - Երրորդ Հանրապետությունը՝ շանս, որը չօգտագործեցինք
Երրորդ Հանրապետությունը՝ շանս, որը չօգտագործեցինք

Երրորդ Հանրապետությունը՝ շանս, որը չօգտագործեցինք

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվեց հույսով, ցավով և մեծ սպասումներով։ 1991 թվականի անկախությունը, որ երկար տարիների պայքարի, փլուզվող կայսրության և ազգային ինքնության վերագտնելու ձգտման արդյունք էր, դարձավ նոր սկիզբ։ Սկիզբ, որը հնարավորություն էր՝ պետություն կառուցելու, ինքնիշխանություն ամրապնդելու, արժանապատվություն վերականգնելու։

Բայց ինչպես հաճախ է պատահում, հնարավորությունը դարձավ չօգտագործված շանս։

Քաղաքական ինտրիգներ՝ Պետության հաշվին

Երրորդ հանրապետության պատմությունը շատ ավելի հաճախ վերլուծվում է ոչ թե պետականության ամրապնդման փորձերի, այլ՝ քաղաքական պայքարի, իշխանափոխությունների, դավադրությունների ու ներքին պառակտումների դիտանկյունից։ Մենք մեծապես տարվեցինք քաղաքական և իշխանական ինտրիգներով՝ երկիր կառուցելու փոխարեն։

Ցավալի է, բայց մեր քաղաքական էլիտայի մի զգալի հատված երբեք ամբողջությամբ չընդունեց պետականության կարևորությունը՝ իբրև արժեք։ Թշնամանքը, ամբիցիաները և անձնական շահը գերակշռեցին հանրային շահից։

Կարող էինք հզորանալ

Երրորդ հանրապետության ընթացքում եղել են պահեր, երբ հնարավոր էր կայունանալ, ուժեղանալ, պետական ինստիտուտներ հզորացնել, բայց շատ հաճախ այդ հնարավորությունները մսխվել են։ Անկախության առաջին տարիներին՝ պատերազմից հետո, Հայաստանի ժողովուրդը ցուցաբերեց անհավատալի դիմադրողականություն։ Տնտեսական ճգնաժամ, անլույս գիշերներ, կոլապսի եզրին հասած համակարգեր, բայց ժողովուրդը կանգուն էր։ Հենց այդ ժամանակ կարելի էր հիմնել ուժեղ պետություն՝ վստահելով հենց ժողովրդին։

Բայց ժողովուրդը փոխարենը ստացավ կոռուպցիա, օլիգարխիա, ընտրակեղծիքներ։ Հետո՝ հիասթափություն։

Ցանկանանք թե ոչ, բայց Երրորդ հանրապետությունը, որպես գաղափար, իր ամբողջ ճնշող բեռով արդեն անցյալում է։ 

Երրորդ Հանրապետությունը ուներ հնարավորություններ, բայց չօգտագործեց դրանք։ Եվ հիմա մենք կանգնած ենք մի իրականության առաջ, որտեղ շատ բան այլևս չկա, կան այլ է։

Ի՞նչ սերունդ թողեց Երրորդ Հանրապետությունը

Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Երրորդ Հանրապետությունը սերունդ թողեց, որն ազատ մտածող է, որը պայքարել է, հավատացել է։ Այս սերունդը հիմա կանգնած է ընտրության առաջ՝ արդյոք վերստին փորձելու է, թե ի վերջո հրաժարվելու գաղափարից, որ Հայաստանն արժանի է լինել ուժեղ, անկախ, արժանապատիվ պետություն։

Երրորդը՝ որպես պատմական փուլ, ավարտված է։ Բայց Հայաստանը՝ որպես տուն և պայքար, դեռ կա։

Որպես ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք դասեր քաղել այդ շրջանից։ Որ չկրկնենք։ Որ չկորցնենք նորից։ Որ չմոռանանք՝ պետություն ունենալու գինը միշտ բարձր է, բայց միշտ արժե։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

22 Սեպտեմբեր, 2025 11:22
Վեր