Փարաքարում արձանագրված ցավալի դեպքը միանշանակ պետք է հետաքննվի օրենքի ամբողջ խստությամբ, հրապարակայնորեն ու արդարացի։ Սակայն զարմանալի չէ, որ դեպքից անմիջապես հետո քաղաքական շահարկումների նոր ալիք բարձրացվեց հենց այն շրջանակների կողմից, որոնք տարիներ շարունակ եղել են երկրի ամենածանր հանցագործությունների և ապօրինությունների բուն պատասխանատուները։
Խոսքը՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների և նրանց քարոզչության վարձկանների մասին է։ Այն մարդկանց, ովքեր ոչ միայն սովոր էին կեղծել ընտրություններ, այլ նաև հանդուրժում ու քաջալերում էին քաղաքական բռնությունները։ Նրանք, ովքեր պատասխանատու են Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների համար, Հոկտեմբերի 27-ի քաղաքական կոտորածի, արդարադատության համակարգի քայքայման, քրեական ենթամշակույթի վերածման՝ որպես իշխանության գործիք։
Այս նույն մարդիկ այսօր կանգնում են ու «արդարության» մասին քարոզ են անում։ Իրականում՝ միակ բանը, որ նրանք պաշտպանում են, իրենց սեփական մութ անցյալն է։ Նրանք փորձում են հասարակական ցավը վերածել քաղաքական հնարքի՝ առանց որևէ բարոյական իրավունք ունենալու։
Փարաքարի դեպքը իրական ողբերգություն է։ Դրա բացահայտումը պահանջում է սառնասրտություն, պետականորեն կշռադատված գործողություններ և ամենակարևորը՝ օրինական ընթացք։ Բայց երբ այս ամենը վերածվում է հին ուժերի կողմից իշխանությանը հարվածելու պատրվակի՝ պարզ է դառնում, որ նրանց նպատակը ոչ թե արդարությունն է, այլ քաղաքական ռևանշը։ Նրանք, ովքեր երկար տարիներ լռել են ամենավատ հանցագործությունների ժամանակ՝ հիմա փորձում են դառնալ «մարդասիրության ու արդարության» դրոշակակիրներ։
Այս ողբերգությունը չի կարող վերածվել քաղաքական շանտաժի գործիքի։ Ժամանակն է գիտակցել, որ երբ նրանք, ովքեր տարիներ շարունակ անձեռնմխելի են եղել քաղաքական սպանությունների և բռնությունների մեջ, սկսում են արդարության դասեր տալ՝ իրական վտանգը հենց այդ պահից է սկսվում։ Վտանգը ոչ միայն արդարության խեղաթյուրման մեջ է, այլ նաև հասարակության գիտակցության մանիպուլյացիայի։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


