Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Խաղաղությունն օդ ու ջրի պես պետք է, աղետներից ամենավատը պատերազմն է, ավել ասելու բան էլ չկա։ Եթե մի անգամ էլ կրկնվի, ու ես այդ ամենին ներկա լինեմ, իմ սիրտը երևի չի դիմանա։ Մինչև բանակ գնալը խաղաղություն բառը խորապես չէի գիտակցում, հիմա ամեն տեղ եմ խաղաղություն փնտրում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է 44-օրյա պատերազմի մասնակից Աբիգը։
Սեփական խաղաղությունը գտնելու ճանապարհը նախ պատերազմի թողած խորը հետքերի հետ ապրել սովորելն է․«100-ից 7․ կարող է շատ էլ եմ ասում, պրոգրես այնքանով կա, որ սկզբում 0 էր, բայց հիմա ապրելու համար նորմալ է, չեմ ասում լավ է, այսօրվա ունեցվածն էլ չկոտրվելուս արդյունքն է»,- Աբիգ Մարգարյանը պատմում է, թե պատերազմի հետևանքով կորցրած տեսողությունը վերականգնելու պայքարի արդյունքը քանի տոկոսով է շանս տվել նորից վերագտնելու կորցրածը։
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է 44-օրյա պատերազմի հինգ տարին։ Ըստ պաշտոնական տվյալների, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերածների թիվը մոտ 900 է։ Իսկ թվերից այն կողմ մարդիկ են ու ճակատագրեր։
Սևանցի 24-ամյա Աբիգ Մարգարյանի անցած ճանապարհը շատերին է հայտնի, նրա չհանձնվելու ջանքերը մեկ անգամ չէ, որ հանրայնացվել են։ Հայաստանյան հիվանդանոցներից դեպի Եվրոպա, Ռուսաստան՝ կորցրածը թեկուզ փոքր չափով վերագտնելու հույսով։

Աբիգը վստահ է, եթե ողջ ես մնացել, այն էլ՝ հրաշքով, չապրելու տարբերակ չկա․«Հետպատերազմյան շրջանը իմ մոտ մի քիչ շատ ծանր է եղել, 5-6 ամիս անշարժ եմ եղել, մոտ երեք ամիս հիվանդանոցի ամենածանր հիվանդն էի։ Բայց ասում են՝ ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղացնում է, հենց կոմայից դուրս եմ եկել հասկացել եմ՝ առաջին վայրկյանից: Ինչքան դաժան է փորձությունը, այնքան ավելի կյանքի փորձը շատ է, բայց պիտի կենդանական բնազդ ունենաս, որ այդ փորձությունից հետո նույնը մնաս»։
Հադրութում պատերազմի առաջին օրերին ծանր վիրավորումներ է ստացել, սովորել զրոյից քայլել, զրոյից տարբերել մութն ու լույսը, հիմա ապրում է, ինչպես ինքն է ասում, սովորական հայ տղայի առօրյայով, իսկ կար ժամանակ, երբ սովորական կյանքը երազանք էր․«Աշխատում եմ Սևանի սպորտդպրոցում՝ հաշվապահի օգնական: Բայց ապագայի պլաններս այս մասնագիտության հետ կապված չեն, ապագայից շատ խոսել չեմ սիրում, կյանքը ցույց է տալիս՝ անգամ հաջորդ պահին չգիտես՝ ինչ կլինի»։
Աբիգը գիտի, որ պատերազմով անցած հարյուրավոր տղաներ իրենց ներսի պատերազմը դեռ հաղթահարում են, իրեն էլ հեշտ չի տրվել նորից ապրելը․«Պատերազմին հաջորդող երկու տարում ընդհանրապես իմաստ չկար, բայց հետո արդեն քո կողքի մարդիկ էլ են ապրել տալիս, իմ գլխավոր ստիմուլը փոքր եղբայրս է՝ Արեսը, ինքը ինձ է նայում, ինձնից է սովորում, ինձնով հպարտանում։ Երբ հիվանդանոցում բոլորը կողքս ողբում էին, ինքը «դուխով» գալիս էր, այդ օրերն իրեն էլ հասունացրին։
«2020-ից հետո կյանքս ամբողջությամբ է փոխվել, հենց կյանքն է արժևորում ստացել։ Դու հասկանում ես՝ մի վայրկյանում ինչ կարող էր լինի ու ինչ չեղավ, ու ինչ եղավ այն մարդկանց հետ, որ մի քանի քայլ էին հեռու քեզնից»։
Աբիգը դեմ է պատերազմը ռոմանտիզացնելուն․«Պատերազմը չի կարող մարդուն ինչ-որ բան տալ, ինձնից միայն տարել է, ու առողջականը մի կողմ, մարդկանց է տարել, մի բակի կողքով անցնում ես, ու մտածում ընկեր ունեիր, այսօր չկա։ Իմ մեջ մեղադրանք իմ վիճակի հետ կապված չի եղել, եղել է այն մարդկանց հետ կապված, ովքեր չկան։ Ապրում եմ այն մտքով, որ քանի ես կամ, այդ տղաներին պետք է հիշել՝ բոլոր տղաներին։ Երբ ամեն ինչ շատ է կուտակվում, միակ տեղը, որ կարող եմ գնալ, խոսել ընկերներիս մոտ է, իրենք միշտ կլսեն․ Սևանի գերեզմանատուն, Եռաբլուր, Թոխմախ ամեն տեղ ընկերներ ունեմ։ Ընկերներիս ընտանիքների հետ միշտ կապ ունեմ, պատասխանատվություն իրենց առաջ կա՝ մինչև կյանքի վերջ, Մխոն( նկատի ունի՝ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանին,- հեղ) փոքր եղբայր ունի, դեռ պետք է մեծանա ու հասկանա ինչ հերոս եղբայր է ունեցել, ես էլ պետք է պատմեմ»:
Աբիգը փորձում է պինդ պահել հիշողություններն ու տեսածը, որոնք թե ցավեցնում են, թե ջերմացնում՝ ստիպելով գտնել ուժեր ապրելու, ինչպես ինքն է ասում կայունանալու ու հետո արդեն նաև սեփական ընտանիքը կազմելու մասին մտածելու․«Ժամանակի հետ համակերպվում ես, չես կարող չհամակերպվել: Եթե կյանքը պահի տակ թարս է գնում, ուրեմն դու ստեղծած իրավիճակի մեջ ամենաուժեղ կոմֆորտը պիտի ստեղծես ու ոչ միայն քո համար, նաև՝ շրջապատիդ։ Եթե չմտածեի հետագայի մասին, ամենածանր օրերին ամենավատ քայլին կդիմեի, բայց երբ տեսնում եմ մարդիկ ինչքան են տանջվում քո համար ու ցավում, ամեն ինչ անում եմ, որ դրա հազարապատիկը հետ տամ»:
«Իմ ապրելու քարոզն այն է, որ քանի ես կամ, պետք է ամեն ինչ անեմ, որ դիմացինի համար լավ լինի, որովհետև այսօր ես կամ, որովհետև իմ ընկերները չկան: Ամեն օրը ապրում եմ ոնց որ վերջինը, բայց ոչ անիմաստ՝ ուղղակի գլորելու համար»։
Հայրենիք, հայրենասիրություն, Աբիգը չի սիրում այս թեմաներով ճռճռան բառեր ասել։ Ինքն իր բաժին պատերազմն է տարել, հիմա ամեն օրով փորձում է ապացուցել՝ ապրել է պետք, ու անպայման սեփական հողի վրա՝ անկախ մարմնական ու հոգեբանական վերքերից․«Հող եմ առել, հյուրատուն կառուցելու նպատակ ունեմ։ Մի բան գիտեմ՝ չեմ կարող Հայաստանից դուրս ուրիշ տեղ ապրել, թեև հնարավորություն կա։ Ինձ համար լավը հենց սա է, հիմա՝ որ իմ բակում նստած խոսում ենք, ավելի լավ տեղ չկա այս աշխարհում»:


