Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ալիևն արտահայտում է իր ընկալումը, որը չի համապատասխանում այն փաստաթղթերին, որոնք ինքը ստորագրել է, որովհետև այդ փաստաթղթերում չկա այդպիսի արտահայտություն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված հայտարարություններին՝ ասաց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանի խոսքով՝ Ալիևի այդ ուղերձն ավելի շատ ուղղված է իր ժողովրդին. «ԱՄՆ-ից առանձնապես ուշադրություն չեն դարձնի Ալիևի հայտարարություններին, որովհետև նրանք ընկալում են, որ Ալիևը դա հայտարարում է իր երկրում ներքին օգտագործման համար: Նա այնքան էր «Զանգեզուրի միջանցք» ասել իր ժողովրդին, հետո երբ գնաց ու ստորագրեց փաստաթուղթ, որտեղ այդ արտահայտությունը չկա, հիմա պետք է ժողովրդին համոզի, որ ինքն այն նույն տրամաբանության մեջ է գտնվում, ինչը տարիներ շարունակ փորձել է իր ժողովրդին ներարկել: Ալիևը դա անում է, որպեսզի իր հեղինակությունը չընկնի ժողովրդի մոտ: Նրա հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք: Չեմ կարծում, որ ամերիկացիները լուրջ կընկալեն նրա հայտարարությունները»:
Անդրադառնալով այս հարցի հետ կապված Թուրքիայի դիրքորոշմանը՝ Սաֆրաստյանն ասաց. «Թուրքիան մի կողմից փորձում է հռետորաբանությունը փոխել՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով, բայց մյուս կողմից այն նախապայմանը, որն ինքը հնչեցրել է ամենաբարձր մակարդակով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից՝ պահպանում է: Թուրքիան շահագրգռված է, որ իսկապես հայ-ադրբեջանական համաձայնագիրը հնարավորինս արագ ստորագրվի: Թուրքիայի համար կարևոր է, որ այն նոր իրավիճակը, որը ստեղծվել է Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմից հետո՝ ֆիքսվի ինչ-որ փաստաթղթի ձևով: Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում ուժեղացան, իսկ Ռուսաստանինը թուլացան, այդ իսկ պատճառով Թուրքիան չի հրաժարվի իր աշխարհաքաղաքական նկրտումներից: Իսկ Ադրբեջանը չնայած գնում ու ստորագրում է, բայց նաև փորձում է ինչ-որ ճնշում գործադրել Հայաստանի վրա: Կարծում եմ տարբերություն կա Թուրքիայի ու Ադրբեջանի մոտեցումներում, Թուրքիայինն ավելի ստրատեգիական է, Ադրբեջանինը՝ ավելի տակտիկական»:
Թուրքագետը չբացառեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի թեման Ալիևը կպահի օրակարգում, որ ձգձգի պայմանագրի ստորագրումը. «Ադրբեջանը ոչ կառուցողական դիրքորոշում ունի, բայց մյուս կողմից այս հարցի հետ կապված ռիսկն օգոստոսի 8-ից հետո որոշակի նվազել է: Այս համաձայնագիրն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Ռուսաստանն ու Իրանը պետք է համոզված լինեն, որ սա իրենց դեմ չի լինի: Ես չեմ բացառում, որ նրանք էլ կարող են ներգրավվել այս գործընթացի մեջ»:
Սաֆրաստյանը նաև ընդգծեց, որ հայկական կողմից պետք է շատ լուրջ աշխատանք կատարվի, որ այն ինչ ստորագրվել է՝ սկսի իրականություն դառնալ:


