Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80-ամյակի միջոցառումներըը եզրափակվեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր համերգով:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հանրահայտ մարզիկներ, գիտակրթական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր արտերկրից։
Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, ով ներկայացրեց բուհի անցած ճանապարհը, գրանցած հաջողությունները, Հայաստանում սպորտի զարգացման և մասսայականացման ճանապարհին ներդրած մեծ ավանդը, ինչպես նաև ներկա խնդիրները և ապագայի անելիքները։ Սիմոնյանը, մասնավորապես նշեց, որ ներկայումս բուհում ներդրվում են նորարարական կրթական ծրագրեր, թվայինացվում է ուսումնական պրոցեսը, հաստատվում են նորանոր միջազգային կապեր։ Սիմոնյանը նաև հավաստեց, որ բուհը պատվով կհաղթահարի առկա և ծագող խնդիրները և էլ ավելի հաստատուն քայլերով կշարժվի դեպի ապագա։ «Համոզված եմ, որ մեզ սպասում են նորանոր հաղթանակներ և միջազգային ճանաչում»,- եզրափակեց նա։
Շնորհավորելով լեգենդար ԲՈՒՀ-ի 80-ամյակը՝ վարչապե Փաշինյանը նշեց, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը մի հաստատություն է, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում շատ էմոցիաներ կան, քանի որ այդ ինստիտուտի գործունեության հետ են կապված Հայաստանի սպորտային փառապանծ հաջողությունները: «Ես հասկանում եմ, որ դահլիճում այսօր ներկա են բազմաթիվ մարդիկ, ովքեր համահեղինակ են այդ բոլոր հաջողություններին, և ես ուզում եմ իմ գնահատանքի և հարգանքի տուրքը մատուցել բոլոր վաստակաշատ գործիչներին, որոնք ապահովել են մեր սպորտի փառքը և այդպիսով մեզ բոլորիս լիցքավորել մեծ էմոցիաներով ու էներգիայով: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր կատարած աշխատանքի համար»,- ասել է վարչապետը:
Նա ընդգծեց, որ հաջողությունների ճանապարհն ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում, անցնում է կրթության միջոցով. «Այսինքն, եթե մենք կրթության ոլորտում չունենանք լուրջ հաջողություններ, մրցահարթակներում չենք կարող ունենալ ավելին, քան այսօր ունենք»։
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն շեշտեց, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը ռազմավարական նշանակություն ունի սպորտի բնագավառում, այս համատեքստում խոսել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում անհրաժեշտ մարզական ենթակառուցվածքների ապահովման, մարզերում մարզական կենտրոններ ստեղծելու մասին. «Մենք այսօր մեր բոլոր դպրոցներում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն ֆիզկուլտուրայի դահլիճներին, այլև բացօթյա մարզական ենթակառուցվածքներին: Մենք մասնավորի հետ համատեղ գործունեություն ենք իրականացնում մարզերում մարզական կենտրոններ ստեղծելու համար»։
Խոսելով առողջապահության բնագավառում ինստիտուտի կարևորության մասին՝ վարչապետը նշել է, որ առողջապահության ոլորտում մեծ խնդիրներ կան, այդ թվում՝ այն պատճառով, որ քաղաքացիներին բավարար չափով չի խրախուսվում առողջ ապրելակերպը, սպորտով զբաղվելը, ինչն էլ իր հերթին կապված է ենթակառուցվածքի բացակայության հետ: «Ես ուզում եմ ասել, որ Կառավարությունն այդ ենթակառուցվածքներն ստեղծելու է, և մենք ակնկալում ենք, որ այդ ենթակառուցվածքներն ունենան մասնագետներ, որովհետև այդ ենթակառուցվածքներն առանց պատշաճ մասնագետների չեն տալու այն արդյունքը, որը բոլորս ակնկալում ենք: Հետևաբար, ես ուզում եմ, որ մենք այսօր, նշելով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի 80-ամյակը, նաև արձանագրենք մի նոր 80-ամյա էջի բացումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Իր հերթին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ներկաներին, վստահություն է հայնտնել, որ բուհին սպասվում է էլ ավելի խոստումնալից ապագա, քանի որ կրթության և գիտության մասին նոր օրենքը խթանում է նաև գիտական հետազոտությունների զարգացումը, իսկ սպորտային գիտության զարգացումը, ըստ նախարարի, շատ կարևոր է ոլորտի համար։ Նոր օրենքը, ըստ նրա, խթանում է նաև ուսանողական սպորտի զարգացումը, իսկ Ակադեմիական քաղաքի ծրագիրը բուհի առաջ նոր հնարավորություններ է բացում, քանզի այնտեղ սպորտային ենթակառուցվածքները լինելու են ամենակարևոր բաղադրիչներից մեկը։ Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծեց բուհի մեծ դերը առողջ ապրելակերպի գաղափարի մասսայականացման հարցում։
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է տեսաֆիլմ բուհի անցած ճանապարհի և ապագայի տեսլականի մասին, որից հետո տեղի է ունեցել Պատվո շքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումն ավարտվել է հանդիսավոր համերգով։



