Երբ դիվանագիտությունը հաղթում է, ընդդիմությունը լռում է Zarkerak - Երբ դիվանագիտությունը հաղթում է, ընդդիմությունը լռում է
Zarkerak Zarkerak - Երբ դիվանագիտությունը հաղթում է, ընդդիմությունը լռում է
Երբ դիվանագիտությունը հաղթում է, ընդդիմությունը լռում է

Երբ դիվանագիտությունը հաղթում է, ընդդիմությունը լռում է

Ադրբեջանի որոշումը՝ հանել Հայաստան ուղարկվող բեռների տարանցման սահմանափակումները, դարձավ լուրջ փորձաքար հայկական ներքաղաքական դաշտի համար։ Ոչ թե արտաքին քաղաքական իրադարձության, այլ ներքին մտածելակերպի։

Թե ինչպես ենք արձագանքում դրական փոփոխությանը՝ շատ բան է ասում մեր քաղաքական մշակույթի մասին։ Մինչ իշխանությունը փորձում է փոքր քայլերով, բայց իրական արդյունքով առաջ տանել տարածաշրջանային կայունացման գործընթացը, ընդդիմությունը կրկին հայտնվել է իր ամենաանհարմար վիճակում՝ լռության ու շփոթության մեջ։

Այդ նույն ընդդիմությունը, որը ամիսներով հայտարարում էր, թե Հայաստանը միայն զիջումներ է անում, այսօր չի կարողանում ընդունել պարզ մի փաստ՝ երբեմն քաղաքականությունն արդյունք է տալիս ոչ թե աղմուկով, այլ հետևողականությամբ։

Հիմա, երբ Ադրբեջանը հանել է սահմանափակումները՝ առանց նախապայմանների ու առանց «գաղտնի գործարքների», ընդդիմության մոտ առաջացել է գաղափարական ճգնաժամ։ Ինչպե՞ս բացատրել ժողովրդին, որ այն, ինչ իրենք ամիսներով ներկայացնում էին որպես անհնար, իրականում հնարավոր էր։ Ինչպե՞ս արդարացնել սեփական քարոզչությունը, որը հիմնված էր մաքուր վախերի ու սպառնալիքների վրա։

Այստեղ է երևում տարբերությունը պետական մտածողության և իշխանության ձգտմամբ առաջնորդվող ընդդիմադիր պոպուլիզմի միջև։

Դիվանագիտությունը միշտ էլ բարդ գործընթաց է, որտեղ հաջողությունը չափվում է ոչ թե աղմուկի հզորությամբ, այլ իրական փոփոխություններով։ Իսկ ընդդիմությունը, որը տարիներ շարունակ փորձել է կառուցել իր գոյությունը աղետի սպասման վրա, պարզապես կորցնում է իր գործիքը, երբ լարվածությունը նվազում է։

Այս իրավիճակը ցույց տվեց ևս մեկ կարևոր բան՝ Հայաստանում քաղաքական պատասխանատվության մշակույթ դեռ ձևավորման փուլում է։ Քաղաքական ուժը, որն իրեն ներկայացնում է որպես «ազգային փրկիչ», այսօր նույնիսկ դրական լուրի ֆոնին չի կարողանում վեր հանել պետական շահը՝ իր կուսակցական հաշվարկներից։ Այդ պատճառով էլ մնում է լուռ։ Բայց լռությունը նույնպես խոսում է։ Այն խոսում է ոչ թե արժանապատվության, այլ դատարկության մասին։ Երբ փաստերը չեն տեղավորվում նախապես պատրաստված քարոզչական կաղապարների մեջ, մնում է միայն լռել։

Հայաստանն այս փուլում կանգնած է կարևոր ընտրության առաջ՝ շարունակել կառուցել կայուն տարածաշրջան, թե վերադարձնել երկիրը սուլթանական մտածողությամբ կառավարվող անցյալին, որտեղ որոշումներն ընդունվում էին ոչ թե բանակցային սեղանի, այլ ընտանեկան խոհանոցի շուրջ։ Ժամանակն է ընդունելու պարզ մի ճշմարտություն․ խաղաղությունը և փոխշահավետ գործակցությունը պարտություն չեն։ Դրանք պետության հզորացման գործիքներն են։ Իսկ նրանք, ովքեր այս ամենը փորձում են ներկայացնել որպես սպառնալիք, պարզապես վախենում են այն ապագայից, որտեղ չկա լարվածություն և որտեղ իրենց աղմկոտ կեղծ հայրենասիրությունն այլևս տեղ չունի։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

23 Հոկտեմբեր, 2025 11:43
Վեր