Եվրամիությունը պետք է կանգնի հայ ժողովրդի կողքին ոչ միայն խոսքով, այլ նաև գործով. Տոմաշ Ֆրոյլիխ Zarkerak - Եվրամիությունը պետք է կանգնի հայ ժողովրդի կողքին ոչ միայն խոսքով, այլ նաև գործով. Տոմաշ Ֆրոյլիխ
Zarkerak Zarkerak - Եվրամիությունը պետք է կանգնի հայ ժողովրդի կողքին ոչ միայն խոսքով, այլ նաև գործով. Տոմաշ Ֆրոյլիխ
Եվրամիությունը պետք է կանգնի հայ ժողովրդի կողքին ոչ միայն խոսքով, այլ նաև գործով. Տոմաշ Ֆրոյլիխ

Եվրամիությունը պետք է կանգնի հայ ժողովրդի կողքին ոչ միայն խոսքով, այլ նաև գործով. Տոմաշ Ֆրոյլիխ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական խորհրդարանում Գերմանիան ներկայացնող պատգամավոր Տոմաշ Ֆրոյլիխը կարծում է, որ Եվրամիությունը պետք է կանգնի հայ ժողովրդի կողքին ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրախորհրդարանի պատգամավորը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը էներգետիկ սխալ  քաղաքականության հետևանքով կախվածության մեջ է ընկել ադրբեջանական գազից, ինչի հետևանքով էլ ԵՄ-ն չի կարողանում լիարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստանին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ 

ԵԽ պատգամավորն այս առումով նշում է նաև Թուրքիայի դերը, որը շարունակում է կարևոր երկիր մնալ Եվրամիության համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի դեմ ԵՄ-ի ցանկացած քայլ առաջացնելու է Թուրքիայի հակազդեցությունը, ինչը ԵՄ-ի համար ցանկալի չէ։ 

Ֆրոյլիխն այն կարծիքին է, որ ԵՄ-ի արտաքին քաղաքականությունը թելադրվում է դրսից, Եվրոպան ինքնիշխան չէ, ուստի այն նախ պետք է դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները, վերականգնի իր ինքնիշխանությունն ու անկախությունը, թուլացնի կախվածությունն ադրբեջանական գազից, ինչից հետո միայն կկարողանա իրական դեր խաղալ դիվանագիտության և խաղաղության կառուցման մեջ։ 

-Մի խումբ հայ զինծառայողներ, քաղաքացիական անձինք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարներ արդեն երկու տարի է՝ ապօրինաբար պահվում են Ադրբեջանի բանտերում։ Դուք Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի համակարգողն եք և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ։ Ինչպե՞ս կգնահատեք այս հանձնաժողովների ներգրավվածությունը նման հրատապ հումանիտար խնդրի լուծման առումով։ Ինչո՞ւ մինչև այժմ չեն ձեռնարկվել նպատակային քայլեր իրավիճակը փոխելու համար։

-Կարծում եմ՝ խնդիրը հետևյալն է... այստեղ երկընտրանք, դիլեմա կա Եվրոպական միության համար։ Մի կողմից Եվրոպական միությունը քարոզում է իր արժեքները ողջ աշխարհին, մյուս կողմից չի կարողանում դրանք իրականացնել։ Եվ այս ամենի մեջ մեծ կեղծավորություն կա։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։
Ես այն մարդը չեմ, ով սիրում է միջամտել այլ երկրների ներքին գործերին, ես այդպիսի մարդ չեմ։ Կարծում եմ՝ Արևմուտքի խնդիրն այն է, որ փորձում ենք մեր արժեքները պարտադրել ամբողջ աշխարհին, բայց դա չի ստացվում, որովհետև մարդիկ չեն ցանկանում, որ մենք նրանց սովորեցնենք։ Բայց, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, ես կարծում եմ՝ մենք բարոյական պարտավորություն ունենք։ Հա ժողովուրդն ամենահին ժողովուրդներից մեկն է. Դուք ավելի լավ գիտեք ձեր մշակութային ժառանգությունը, քան ես։ Դուք առաջին երկիրն եք, որն ընդունեց քրիստոնեությունը։ Ուստի, մեզ համար դա բարոյական պարտավորություն է՝ աջակցել ձեր երկրին, հատկապես Ադրբեջանի հետ հակամարտության պարագայում, որտեղ քրիստոնյաները հալածվում են, իսկ քրիստոնեական մշակութային ժառանգությունը ոչնչացվում է Լեռնային Ղարաբաղում։

Կարծում եմ՝ այս առումով մենք բարոյական պարտավորություն ունենք միջամտելու։ Մի քանի ամիս առաջ մենք ընդունեցինք բանաձև Հայաստանի վերաբերյալ՝ հստակ համերաշխության ուղերձ հղելով հայ ժողովրդին։ Եվ, ինչպես Դուք նշեցիք, այդ բանաձևի կենտրոնական կետը եղել է Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող 23 գերիների անհապաղ ազատ արձակման պահանջը։

Մենք պետք է գործենք։ Իհարկե, մենք պետք է օգնենք ձեր ժողովրդին և անենք ամեն բան այդ 23 գերիներին ազատ արձակելու համար։ Բայց մյուս կողմից մենք կախված ենք ադրբեջանական գազից։ Ես այստեղ չեմ՝ Ձեզ գեղեցիկ պատմություններ պատմելու համար․ խնդիրը իրական է։ Մեր կախվածությունն ադրբեջանական գազից սխալ էներգետիկ քաղաքականության հետևանք է։ 

-Ճիշտ է։ Ձեր հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը ոչ իրատեսական է՝ պայմանավորված Ադրբեջանի դերակատարությամբ։ Դուք շեշտել եք Ադրբեջանի աճող ազդեցությունը Բրյուսելում, հատկապես այն բանից հետո, երբ Եվրոպան էներգետիկ մատակարարումների հարցում Ռուսաստանին փոխարինեց Բաքուն։ Այս երկրի ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը բոլորին պարզ է նույնիսկ առանց խորը ուսումնասիրության։ Ինչպե՞ս կբացատրեք ԵՄ-ի այս երկակի ստանդարտների քաղաքականությունը։ 

-Սա կառուցվածքային երկընտրանք է Եվրոպական միության համար։ Ինչպես արդեն ասացի, նրանք անընդհատ քարոզում են ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, բայց իրականում կանգնում են բռնապետական ռեժիմների կողքին։ Ադրբեջանում բռնապետական ռեժիմ է, և դրա մասին պետք չէ լռել։ 
Սա ցույց է տալիս, որ ԵՄ-ի մոտեցումն անհաջող է։ Ես կնախընտրեի, որ ԵՄ-ն ուղղակի ասեր. «Մեզ հետաքրքրում են մեր շահերը, ոչ թե մարդու իրավունքները»։ Դա գոնե ազնիվ կլիներ՝ իրական քաղաքականություն։ Բայց երբ քարոզում ես մարդու իրավունքներ ու ժողովրդավարական արժեքներ, իսկ հետո կաշառքներ ես վերցնում կամ ընդունում ես բռնապետական ռեժիմների քարոզչությունը, դու կեղծավոր ես։ Եվ սա է Եվրոպական միության համակարգի խնդիրը։ Ցավում եմ, որ այսպես կոշտ եմ ասում, բայց այնտեղ պարզապես կեղծավորների խումբ է։ 

-Սա նաև վստահության հարց է։

-Ճիշտ է։ Սա վստահության հարց է, և մենք այն կորցնում ենք։ Իհարկե, մենք կարող ենք տասը բանաձև ընդունել՝ ասելով. «Մենք հայ ժողովրդի կողքին ենք, մենք պաշտպանում ենք քրիստոնեական ժառանգությունը, մենք պահանջում ենք գերիների ազատ արձակում», բայց եթե իրական քայլեր չենք ձեռնարկում, դա պարզապես անիմաստ է, դրանք դատարկ խոսքեր են։
ԵՄ-ն պետք է կանգնի հայ ժողովրդի կողքին ոչ միայն խոսքով, այլև գործով։ Ցավոք, Եվրոպական խորհրդարանից դուրս ԵՄ-ն շատ է խոսում, բայց շատ քիչ բան է անում։ Ահա սա է խնդիրը։ 

-Եվրամիությունը հաճախ դժվարանում է հանդես գալ մեկ ձայնով Հարավային Կովկասում։ Ի՞նչ կփոխեիք ԵՄ արտաքին քաղաքականության գործիքակազմում, որպեսզի այն գործի ավելի արագ և վստահելի կերպով՝ ավելի շատ հատուկ ներկայացուցիչնե՞ր, ավելի խիստ պայմանավորվածություննե՞ր, թե՞ Եվրոպական խաղաղության հիմնադրամի ավելի ակտիվ օգտագործում։ 

-Սա շատ բարդ հարց է։ Իմ կուսակցությունն աջակցում է հայ ժողովրդին, բայց միևնույն ժամանակ մենք պետք է գործ ունենանք իրական քաղաքականության (realpolitik) հետ։ Ինչպես արդեն ասացի, մենք կախված ենք ադրբեջանական գազից։ Անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ աղբյուրները, բայց դա միանգամից հնարավոր չէ անել։ Այս պահին մենք պարզապես ռուսական գազը փոխարինել ենք ադրբեջանականով, այսինքն՝ պարզապես փոխել ենք կախվածության ուղղությունը։

Նախ մենք պետք է դիվերսիֆիկացնենք էներգամատակարարումը։ Երբ ավելի քիչ կախված լինենք Ադրբեջանից, կարող ենք սկսել ճնշում գործադրել նրանց վրա։ Ներկայում պարզապես գործիքներ չունենք դա անելու համար։ 
Մենք նաև շատ ենք կախված Թուրքիայից։ Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ բարդ են, բայց Թուրքիան մնում է կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև, կարևոր երկիր առևտրի տեսանկյունից։ Եթե մենք կտրուկ քայլեր ձեռնարկենք Բաքվի դեմ, Անկարան կարձագանքի։ Ահա երկընտրանքը։ Նախ պետք է դիվերսիֆիկացնենք առևտուրը և նվազեցնենք էներգետիկ կախվածությունը, և միայն դրանից հետո կունենանք ազատություն՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի իշխանությունների վրա։
Այս պահին Եվրոպան իրական ուժ չունի. մենք կարող ենք բանաձևեր ընդունել, բայց դրանք ոչինչ չեն փոխում, որովհետև զրկված ենք ազդեցության լծակներից։ Սա կառուցվածքային խնդիր է՝ քաղաքական ուժի և ինքնուրույնության պակաս։

-Խոսելով Թուրքիայի մասին՝ դուք Թուրքիայի հարցով ստվերային զեկուցողն եք, այն երկրի, որը ՆԱՏՕ-ի դաշնակից է և ունի վճռական ազդեցություն Հարավային Կովկասում։ Որտե՞ղ եք տեսնում ԵՄ-Թուրքիա կառուցողական համագործակցության հնարավորությունները հանուն խաղաղության, և ո՞րտեղ պետք է ԵՄ-ն անցկացնի հստակ սահմաններ։

-Սա ևս շատ բարդ հարց է։ Թուրքիան և Ադրբեջանը ունեն շատ սերտ հարաբերություններ։ Եվ, ինչպես արդեն ասացի, ներկայում մենք չունենք որևէ գործիք՝ ճնշում գործադրելու Անկարայի կամ Բաքվի վրա։

Թուրքիան անփոխարինելի գործոն է ցանկացած եվրոպական քաղաքականության մեջ, որը վերաբերում է Հարավային Կովկասին. դա փաստ է։ Բայց միևնույն ժամանակ դա արտաքին քաղաքական երկընտրանք է ստեղծում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և թեև ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սառեցված է, մեր տնտեսական կապերը մնում են շատ ուժեղ։ ԵՄ-ի ցանկացած նախաձեռնություն, որը կարող է ընկալվել որպես հակաադրբեջանական, կբերի Անկարայի արձագանքին։

Պետք է նաև հիշենք տարածաշրջանում այլ ազդեցիկ ուժերի ներկայությունը՝ Իրան և Ռուսաստան, և աշխարհաքաղաքական հնարավոր փոփոխությունները կարող են ապագայում և՛ հնարավորություններ ստեղծել, և՛ նոր խնդիրներ առաջացնել։

-Բեռլինն առանցքային դեր ունի Հայաստան-Ադրբեջան գործընթացում։ Ի՞նչ պետք է Գերմանիան այլ կերպ անի՝ ավելի տեսանելի միջնորդությո՞ւն, մարդու իրավունքների վերաբերյալ ավելի հստակ կարմիր գծե՞ր, թե՞ վստահություն կառուցող աջակցություն։ 

Իմ կուսակցության համակրանքը միանշանակ Հայաստանի կողմն է՝  հիանալի երկիր՝ հարուստ մշակույթով և քրիստոնեական ժառանգությամբ։ Սակայն, որպես գերմանական կուսակցություն, մեր գործելու հնարավորությունները սահմանափակ են։

Ռուսաստանը չկատարեց իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Ինձ հաճախ մեղադրում են, թե իբր ռուսամետ գործիչ եմ, բայց դա այդպես չէ. ես գերմանամետ եմ։ Սակայն մենք պետք է վերադառնանք Ռուսաստանի նկատմամբ ռացիոնալ քաղաքականությանը և միաժամանակ հարգենք Իրանին՝ որպես տարածաշրջանային ուժ, որպեսզի կարողանանք իրական դիվանագիտություն վարել։
Այսօր մեր արտաքին քաղաքականությունը ձևավորվում է արտաքին ուժերի կողմից․ Եվրոպան այլևս իրապես ինքնիշխան չէ։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր հարաբերությունները թե՛ էներգետիկ, թե՛ դիվանագիտական, թե՛ դաշնակցային մակարդակներում։ Միայն այդ դեպքում կարող ենք հանդես գալ որպես վստահելի միջնորդ այս հակամարտության մեջ։ 

Այս պահին, ցավոք, Եվրոպան չափազանց թույլ է։ Մենք պետք է վերականգնենք մեր անկախությունը, նվազեցնենք կախվածությունը ադրբեջանական գազից, և միայն դրանից հետո կարող ենք իրական դեր ունենալ դիվանագիտության և խաղաղության կառուցման գործընթացում։

-Շատ շնորհակալություն ձեր մասնակցության համար։

-Շատ շնորհակալ եմ։

30 Հոկտեմբեր, 2025 10:54
Վեր