Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին անդրադարձավ դպրոցներում արձանագրված խնդիրներին։
«Մտնում եմ դպրոց, տեսնում եմ՝ թենիսի սեղանը դրած է բասկետբոլի վահանակի տակ, ասում եմ՝ հարգելինե՛րս, ինչո՞ւ եք այստեղ դրել, հասկացանք, թենիս կխաղան, բա բասկետբոլ ո՞նց խաղան»,- կառավարության այսօրվա նիստում պատմեց Փաշինյանը։
Նա նշեց, որ իր արձանագրած թերությունները չեն շտկվում, 2-րդ, 3-րդ անգամ գնում ու տեսնում է, որ նույն սեղանը նույն տեղում դրված է։
Փաշինյանը խնդիրներ է արձանագրել նաև դպրոցներում գործող լաբորատորիաներում։
«Սկզբում տեսնում եմ սպիտակ խալաթներ են, փաթեթների մեջ է, ասում եմ՝ ինչո՞ւ է փաթեթի մեջ դրած, հաջորդ օրը գնում եմ, տեսնում եմ՝ հանած է, բայց էլի օգտագործած չէ, ես այստեղ խնդիր եմ տեսնում»,- ասաց նա։
Վարչապետը հայտարարեց, որ, այսօրվանից սկսած, պատահականության սկզբունքով պետք է գնալ նորակառույց դպրոցներ ու մասնակցել դասալսումների։
«Պետք է գնանք, մտնենք քիմիայի դասին, տեսնենք լաբորատոր գույքն օգտագործվո՞ւմ է, թե՞ չէ»,- ասաց նա։
Փաշինյանն իրենց տնից օրինակ բերեց, մասնավորապես, Իջևանի իրենց տանը սերվիս կա, որ իր ծնված օրից չի օգտագործվել, միշտ պահարանում դրված է։
«Ուրիշ տեղեր էլ եմ տեսել, աչքի տակով տեսել եմ՝ նույնից է ու էլի նույն տեղում դրած»,- նշեց նա։
Վարչապետը խոսոտվանեց՝ իրենց ժամանակ դասագրքերը, որ ստանում էին, դպրոց չէին տանում հետները։
«Սա պրոբլեմ է, այս պրոբլեմը պետք է լուծվի»,- ընդգծեց նա։


