Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը Zarkerak - Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը
Zarkerak Zarkerak - Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը
Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը

Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը։

Ողջունելով պատվիրակությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այցի կարևորությունը Հայաստանի և Օմանի միջև մշակութային համագործակցության խորացման և գործընկերության ամրապնդման համատեքստում։ Նրա խոսքով՝ երկու երկրների պատմամշակութային հարուստ ժառանգությունը և պատմականորեն ձևավորված փոխադարձ կապերը կարող են նոր բովանդակություն ստանալ մշակութային երկխոսության և համատեղ ծրագրերի միջոցով։

Նախարարը կարևորել է Հայաստանի պատմության թանգարանի և Օմանի ազգային թանգարանի միջև մեկնարկած համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես երկկողմ մշակութային գործընկերության ռազմավարական ուղղություն։ Առանձնակի շեշտադրվել է համատեղ ցուցադրությունների կազմակերպումը՝ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման և մշակութային արժեքների փոխանակման արդյունավետ հարթակ։

Այս համատեքստում անդրադարձ է եղել 2025 թ. նոյեմբերի 30-ից մինչև 2026 թ. ապրիլի 30-ը Օմանի ազգային թանգարանում իրականացվող «Խնկի ճանապարհին․ Հայաստան» խորագրով ցուցահանդեսին։ Ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ներկայացված են երկու բացառիկ ցուցանմուշներ՝ 13-րդ դարի Անիի բուրվառներից մեկը և 18-րդ դարի արծաթյա բուրվառը։

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է Օմանի ազգային թանգարանից ցուցանմուշների փոխառման և 2026 թվականին Հայաստանի պատմության թանգարանում համադրված հատուկ ցուցադրության կազմակերպման հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ՀՀ Կառավարությունն իրականացնում է թանգարանային ոլորտի լայնածավալ բարեփոխումներ. ընդունվել է «Թանգարանների մասին» օրենք, որով ապահովվում է մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեություն: 

Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել թանգարանի գործունեության հիմնական ուղղությունները։ Նրա խոսքով՝ Օմանի ազգային թանգարանը կարևոր դերակատարում ունի երկրի մշակութային քաղաքականության իրականացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ միաժամանակ խթանելով միջազգային համագործակցությունն ու մշակութային երկխոսությունը։

Նշվել է նաև, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մասկատի արքայական օպերային թատրոնի հրավերով, համերգային շրջագայության է մեկնել Օման։ Փետրվարի 13-14-ը նվագախումբը կներկայացնի «Ուոլթ Դիսնեյ» ընկերության «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի երաժշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

12 Փետրվար, 2026 19:30
Վեր