Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՔԿ-ում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական վարույթ (2024-ին՝ 444), որից 158-ը փոխանցվել է 2024 թվականից:
464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ: Դատարան ուղարկված 78 քրեական վարույթից 5-ը քննվել է սպանության, 1-ը՝ սպանության նախապատրաստության, 2-ը՝ սպանության փորձի, 11-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 4-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 7-ը՝ կողոպուտի, 1-ը՝ գողության, 2-ը՝ շորթման, 7-ը՝ խուլիգանության, 12-ը՝ զենքի, զինամթերքի օրինական շրջանառության դեմ ուղղված, 6-ը՝ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված, 20-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանի խոսքով՝ դեպքերի ավելանալու գլխավոր պատճառը նախ այն է, որ ըստ քրեական դատավարության օրենսգրքի, քննչական մարմիններում այսօր ցանկացած դեպքով վարույթ է նախաձեռնվում։ Բայց սա հարցի միայն մեկ՝ տեխնիկական կողմն է։
«Ընտանիքի ոչ պատշաճ ուշադրություն, ներգործող միջավայր, համացանցի ակտիվացում և ինֆորմացիայի հասանելիություն, քրեական ենթամշակույթի քարոզ, միջանձնային հարաբերություններում խնդիրներ լուծելու անկարողություն: Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների աճը կանխելու համար նախ ընտանիքում պետք է բացառել անտարբերությունը, երեխայի հետ պետք է աշխատել, ընկերություն անել, հասկանալ երեխան ինչ կյանքով է ապրում, գուցե իր հասակակիցների հետ միջանձնային խնդիրներ ունի, գուցե ամեն օր պայուսակում դանակ, կռփազենք է դնում և տանում դպրոց։ Երեխան տան մեջ լրիվ այլ է, դրսում՝ լրիվ այլ, և նրան մշտապես պետք է ուշադրության կենտրոնում պահել, հետևել վարքագծին։ Ընդ որում, հիմա անչափահասների վտանգավոր տարիքը սկսում է շատ ավելի վաղ՝ 10-11 տարեկանում, տարիներ առաջ այդ տարիքը 14-15-ն էր»,- նշում է նա։ Մյուս կողմից, ըստ Դուրյանի, ծնողները պետք է հետևեն, թե երեխան ինչ ինֆորմացիա է սպառում։ Որովհետև դրանք կարող են լինել բռնություն, պոռնոգրաֆիա պարունակող ու քարոզող նյութեր և խաղեր:
Այնուհետև, ըստ մասնագետի, անչափահասների նկատմամբ պատասխանատվությունը տնից դպրոց ճանապարհին պետք է ստանձնեն տարածքային տեսուչները, որոնց դերի բարձրացման խնդիր կա․«Կար ժամանակ, որ տվյալ տարածքի տեսուչի նկատմամբ անցկացվում էր ծառայողական քննություն, եթե իր տարածքում անչափահասը հանցագործություն էր կատարում։ Քննության էր առնվում, գուցե, տեսու՞չն էր թերացել՝ ժամանակին խնդիրները չնկատելով»։
«Ոստիկանը դպրոցում պետք է իրականացնի մեծ աշխատանք՝ աշակերտների հետ պարբերաբար խոսի սառը զենք պահելու վտանգների մասին, ներկայացնի քրեորեն պատժելի արարքները, դրանց հետևանքները։ Բացատրի, որ անչափահաս տարիքում հանցանք գործելը չի ազատում պատասխանատվությունից, որ աշակերտը կարող է հայտնվել անչափահասների գաղութում, հաշվառվել ոստիկանության կողմից։ Երեխան պետք է զգաստանա դպրոցական տեսուչի ներկայությունից», -ասում է մասնագետը։ Նաև նշում է, որ միայն նման զգոնության դեպքում է հնարավոր կանխարգելել կոնֆլիկտներն անչափահասների միջև։
Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանն անչափահասների կողմից կատարված հանցագործությունների ավելացման հարցում ուշադրություն է հրավիրում հատկապես թմրամիջոցների հետ կապված դեպքերին․«Հատկապես՝ թմրադեղերի հետ կապված հանցագործություններում անչափահասներին ներգրավելու միտումը ՀՀ-ում կարծես թե սկսում է զարգանալ, որը չափազանց վատ և վտանգավոր տենդենց է։ Դա պայմանավորված է անչափահասներին հեշտ ու արագ ազդեցության տակ գցելով։ Հանցագործության մեջ ներգրավելու առումով երեխաներն ավելի խոցելի են»։
Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների հիմքում,ըստ Գասպարյանի, տարբեր պատճառներ կարող ենք դնել՝ սկսած ընտանեկան խնդիրներից, մինչև բարձիթողի վիճակ և ինքնռեալիզացման խնդիր։
Նաև հավելում է, որ այս հարցում փոքր չէ նաև մեդիայի դերը, որը հանցագործությունները և դրանց դետալները չպետք է ներկայացնի որպես իրական ֆիլմ՝ բոլոր մանրամասներով․«Կարևոր է, թե մենք ինչպես ենք մատուցում հանցագործության մասին լուրը, քանի որ միշտ էլ հանցագործության, սպանության մասին լուրն ավելի «գայթակղիչ է»։ Այդ գայթակղությունը՝ հատկապես աճում է սեռահասունության տարիքում, չենք կարող այնպես անել, որ չլինի գայթակղություն, բայց պետությունը պետք է կարողանա նաև կառավարել այն, այդ թվում՝ մեդիայի միջոցով»։




