Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացավ ընկերական հանդիպում Հայաստանի և Մոլդովայի ազգային հավաքականների միջև։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը լարված պայքարում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով՝ 1:1, գրում է armsport.am-ը:
Հանդիպման առաջին կեսն անցավ հիմնականում հավասար պայքարում: Մեր ընտրանին մի քանի հեռանկարային գրոհներ կազմակերպեց, սակայն եզրափակիչ հարվածները նպատակին չէին հասնում: Հյուրերը նույնպես ունեին իրենց պահերը. մոլդովացիները կարողացան ստեղծել մեկ իրական գոլային վտանգ, որի դրվագում Հայաստանի դարպասը վստահորեն և անառիկ պահեց «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևը։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը տիրեց նախաձեռնությանը՝ ստանալով խաղային հստակ առավելություն: Փոխարինման դուրս եկած Հրանտ-Լեոն Ռանոսը երկու նպաստավոր հնարավորություն ունեցավ առաջ մղելու մեր թիմին, սակայն հարձակվողը վրիպեց նպաստավոր դիրքերից։
Հանդիպման հանգուցալուծումը գրանցվեց վերջին րոպեներին: 89-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների հիանալի համագործակցությունը տվեց իր արդյունքը. 33-ամյա պաշտպան Կամո Հովհաննիսյանի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ 22-ամյա եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը՝ առաջ մղելով տանտերերին:
Այնուամենայնիվ, հայ ֆուտբոլիստները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը: Ընդամենը երկու րոպե անց՝ մրցավարի կողմից ավելացված ժամանակում, մոլդովական «Պետրոկուբի» 26-ամյա կիսապաշտպան Վիկտոր Բոգաչյուկը օգտվեց պաշտպանության խոտանից և վերականգնեց հավասարությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նույն՝ 1։1 հաշվով էին ավարտել նաև Ղազախստանի դեմ ընկերական հանդիպումը։ Ներկայումս ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ընտրանին զբաղեցնում է 106-րդ, իսկ Մոլդովան՝ 159-րդ հորիզոնականը:
Ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն աշնանը. սեպտեմբերի 25-ին մեր թիմը Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Լատվիայի ընտրանուն:
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ


