Կարճաժամկետ հեռանկարում լուրջ տեղաշարժեր չի սպասվում․ Սիրանուշ Սահակյանը՝ գերիների վերադարձի մասին

«Ենթադրում եմ, որ որոշակի աշխատանքներ դիվանագիտական ճանապարհով պետք է ընթանան: Մասնավոր իրավապաշտպան նախաձեռնությունների մակարդակով կարող եմ ասել, ընթանում են իրավական աշխատանքներ: Դատական գործընթացներ էլ են բնականաբար ընթանում, իրավապաշտպան կառույցները զեկույցներ են նախապատրաստում ու ներկայացնում են միջազգային կառույցների և այլ պետությունների ուշադրությանը»,-այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ կարճաժամկետ հեռանկարում լուրջ տեղաշարժեր չի սպասվում. «Արդյունքը կապված է նաև այս ջանքերի ինտենսիվության, պրոֆեսիոնալիզմի և այլ համակցված միջոցառումների հետ, այսինքն միայն խոսել առկա գլոբալ շահերի առճակատման պայմաններում՝ կարծում եմ բավարար չէ: Դրանք պետք է ստեղծեն ընդհանուր հետաքրքրություններ կառույցների հետ կամ իրական սպառնալիքներ Ադրբեջանի նկատմամբ: Սպասենք տեսնենք, թե առաջիկայում այս դիվանագիտական աշխատանքն ինչ պտուղներ կտա և ըստ դրա՝ կգնահատենք  արդյունավետությունը:

Խոսելով Ադրբեջանում որպես գերի պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին Հայաստան  վերադարձնելու մասին՝ իրավապաշտպանն ասաց, որ կարելի է սա որպես տեղաշարժ համարել. «Պետք է նշեմ նաև, որ սա ցուցադրություն էր, այսինքն,որ այդքան կշիռ  չունի միջազգային հանրությունը՝ ի դեմս որոշ կառույցների, որ էապես ազդի հայրենադարձման գործընթացի վրա, հակառակ դեպքում ոչ թե մեկ, այլ տասնյակ գերիներ կվերադառնային»:

Սահակյանի խոսքով՝ գերիների թվի տարբերություն չի գրանցվել, ենթադրյալ գերի երկու կին կա, որոնց վիճակի փոփոխություն և տեղաշարժ էլ չկա. «Ունենք 38 գերի, որոնք հաստատված են և շուրջ 80 անձ, որոնց դեպքերն ապացուցված են, սակայն չեն հաստատվում: Իրականում կա 118 գերի, սակայն Ադրբեջանն  ընդունում է ընդամենը 38-ին»: Ինչ վերաբերում է անհայտ կորածներին, Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իրենց վստահորդների մասով չկան նոր հայտնաբերվածներ, ինչպես նաև  ԴՆԹ-ի նոր հաստատումներ:

Մեզ հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին անդրադառնալով կառույցի ներկայացուցիչների գերիներին այցելության պարբերականությանն ասաց.«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցերը բավականին պարբերական բնույթ են կրում, մոտավորապես դա տեղի է ունենում ամեն ամիս: Տեսակցությունը վերաբերում է բոլոր նրանց, ում գերեվարումը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Տեսակցությունները կրում են անձնական այցելությունների ձևաչափ: Մեր պատվիրակները յուրաքանչյուր գերեվարված անձին տեսակացում են, դրա շրջանակում նաև բացի առողջական, պահման պայմանների վերահսկումից  հնարավորություն են ընձեռում շփվել իրենց ընտանիքի անդամների հետ՝ հաղորդակցման տարբեր միջոցներով»:

Զառա Ամատունու խոսքով՝ Կարմիր խաչի ներկայացուցիչների վերջին տեսակցությունը եղել է մայիսի սկզբին. «Բոլոր գերիներին հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Կիրառվող կապի միջոցները մի քանիսն են՝ և՛ կարմիր խաչի նամակներն են, և՛ հեռախոսազանգերը, և՛ նախապես տեսագրված վիդեոհաղորդագրությունները, որոնք մենք փոխանցում ենք Երևանում հարազատներին, հարազատներից էլ վերցնում ենք նման տեսաուղերձներ  և հաջորդ մեր տեսակցությունների ժամանակ դրանք ցույց ենք տալիս գերեվարված անձանց»:

Նշենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրեր առաջ հանդիպել է հայ ռազամգերիների ծնողների և հարազատների հետ և անցկացրել ՝ քննարկումներ: Միրզոյանը հարցին անդրադարձել է նաև այսօր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով հետ հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց վերադարձնելու ուղղությամբ։

Աննա Բզնունի

09 Հունիս, 2022 13:55
Վեր