Ուշագրավ մանրամասներ Ապարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին․ ինչ դեր է ունեցել «Գնթունիք»-ի սեփականատեր, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը

Ապարանում տեղի ունեցած՝ մահվան ելքով  ողբերգական միջադեպի  վերաբերյալ Civic.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։  Մինչ ընդդիմությանը սպասարկող լրատվամիջոցները նպատակաուղղված, հրահանգավորված փորձում են միջադեպը կապել ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի անվան հետ և պնդել, թե միջադեպը արձանագրվել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու պատճառով,  Ապարանի մեր աղբյուրները հերքում ենվերջիններիս կապը տեղի ունեցածի հետ։

«Եթե Ասատրյանն ու Փարվանյանը կապ ունեն, ուրեմն կապ ունեն նաև Արագածոտնի մարզում ապրող մոտ 200 հազար ապարանցիները։  Ո՛չ բարեկամական, ո՛չ արյունակցական, ո՛չ ընկերական, ոչ էլ որևէ տեսակի կապ չկա այդ երիտասարդների և Ասատրյանի ու Փարվանյանի միջև։  Միակ կապող բանն այն է, որ ծնունդով ապարանցիներ են»,- նկատեց մեր աղբյուրն ու  ներկայացրեց միջադեպի նախապատմությունը։

Ըստ այդմ՝ սպանության մեջ մեղադրվող երիտասարդն ու դեպքին ներկա գտնված նրա ընկերները ծնունդով Արագածոտնի մարզի Ձորագլուխ համայնքից են, բնակվում են Երևանում։ «Սպանության նախորդ օրը՝ շաբաթ, ցերեկային ժամին սպանողը՝ Հայկը, իր ընկերների  հետ եկել է Ապարան։ Հրապարակի «կոլցևոյի» վրա նրանց մեքենայի դիմացը կտրել  է ոստիկանության ենթասպաներից մեկը, ինչից հետո, այսպես ասած, «հայկական տրամաբանությամբ» «տղավարի» վեճ է սկսվել, թե՝ ինչու կանգնեցրիր, ինչն է խնդիրը և այլն։ Խոսակցությունն ավարտվում է կողմերի հաշտությամբ՝ բարիշում են,  միմյանցից ներողություն խնդրում, որ ցրվեն, հետագայում խոսքուզրույց չառաջանա։ Սակայն  այդ նույն ժամանակ խոսակցությանը  միջամտում է ոստիկանության սահմանապահ զորքերում  ծառայողներից մեկը, ըստ լուրերի՝ քրեական ենթամշակույթ կրող մի անձ,  որն էլ  սպանվածներից մեկն է։  Նա, չգիտես ինչու, Ապարանը համարում էր իր հոր սեփականությունը, իրեն՝ տեղի «ավտարիտետը»։ Ի դեպ, Արթուր Վանեցյանի միջնորդությամբ է ժամանակին ընդունվել սահմանապահ զորքեր։ Վերջինս, միջամտելով խոսակցությանը,  հարցուփորձ է անում՝ թե ինչու էիք ազդանշան տալիս,  հայհոյանք օգտագործում, երևանաբնակ ապարանցիներն էլ բացատրում են, թե՝ ամեն ինչ հարթվել է, միմյանցից ներողություն են խնդրել,  և կարիք չկա նորից թեժացնելու  հարթված վեճը։ Այդ  ժամանակ տեղի է ունենում քաշքշուկ, ինչ-որ մեկը օդ է կրակում, թե ով՝ հայտնի չէ, ընդհուպ՝ 5-10 րոպեով փակվում է Ապարան-Սպիտակ ճանապարհը»,- պատմեց մեր աղբյուրը։ 
Նա նաև նշեց, որ Ապարանի հրապարակի տարածքում ոստիկանությունը մշտապես հերթապահող  զորակազմ ունի, սակայն միջադեպին նրանցից և ոչ մեկը չի միջամտում, ավելին՝ միջադեպի անմիջական մասնակից ոստիկանության ներկայացուցիչը դեպքի մասին  չի տեղեկացնում նաև իր վերադասին, այն դեպքում, երբ բացի քաշքշուկից՝ նաև դեպի օդ կրակոց էր արձակվել։  «Նման պնդում անելու համար հիմք է տալիս այն, որ մինչև օրվա վերջ ոչ մի արձագանք  ոստիկանության կողմից չի լինում։ Ասեմ, որ Ապարանում թագավորում է քրեական ենթամշակույթը, և դրա կնքահայրը բոլորիդ հայտնի «Գնթունիք»-ի տեր Գնթոն է՝ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը։ Ընդգծեմ՝ Արագածոտնի մարզում քրեական ենթամշակույթի դեմ ոչ մի պայքար չի մղվում, դրա համար էլ այդ մշակույթի կրողները հայտնվում են պագոնի տակ, և տեղի են ունենում նման միջադեպեր»,-միջանկյալ ընդգծեց մեր զրուցակիցը՝ շարունակելով. «Երեկոյան կողմ երևանաբնակ ապարանցի երիտասարդները գալիս են «Գնթունիք»՝ առևտուր անելու, որպեսզի վերադառնան Երևան, էդտեղ Գնթոն, որպես  նախկինների ներկայացուցիչ,  ֆիքսում է այդ տղաներին, որոնք գործող իշխանության համակիրներ են, իր նման՝ հներից չեն։  Գնթոն, որն իր ձեռքի տակ պատժիչ  բանակ է պահում, իր մարդկանցից մի քանիսին ուղարկում է տղաների մոտ, թե՝ իջեք, մի հատ դաս տվեք, ծեծեք-նեղացրեք։  Ստացվում է, Գնթոն պատճառ է ման եկել, որ ձորագլուխցի երիտասարդների հետ կոնֆլիկտ ստեղծի, և առիթն ընձեռվել է։  Գնթոյի մարդիկ կատարում են հրահանգը՝  ծեծում են երևանաբնակ երիտասարդներին,  ծեծվողները թողնում-հեռանում են՝ պայմանավորվելով, որ կհանդիպեն հաջորդ՝ կիրակի օրը։  Ի դեպ՝ նրանց ժամադրողը Գնթոյի «աջ թև»-երից մեկն է, որը լիմոնադի արտադրություն ունի ու որդուն է ուղարկում ժամադրության վայր, ինքն էլ գնում-կանգնում է «շեֆի» կողքը։ Ծրագիրը եղել է հետևյալը՝ գնացեք,  ջահելներով մի հատ լավ ծեծեք էդ երևանցիքին, հետո մենք մեծերով կգանք, կբարիշացնենք։  Կիրակի օրը Նիգավանի աղբանոցոում հանդիպում են Գնթոյի կողմնակիցները՝ մի 40-50 ավտոմեքենա մարդ ու երևանաբնակ երիտասարդները։ Ըստ երևույթին, տեսնելով, որ Գնթոյի մարդիկ շատ են, երևանաբնակ երիտասարդներից մեկը, ենթադրաբար, ինքնապաշտպանական բնազդից, վախից  ելնելով, մեքենայից հանել է որսորդական հրացանն ու, փաստորեն, օդ կրակելու փոխարեն կրակել է իրենց հետ հաշիվներ պարզելու եկածների  ուղղությամբ՝ դառնալով երկու անձի մահվան պատճառ։  Իսկ ժամադրողի որդին, որը երևանաբնակ երիտասարդների ծեծողներից մեկն է,  այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է, տա Աստված՝ կյանքին վտանգ չսպառնա»։ 

Մեր իրազեկ աղբյուրը հատուկ ընդգծեց նաև, որ մարզում հանցավորության բարձր մակարդակի հարցում մեծ է  ոստիկանության մեղավորությունը. «Կիրակի օրվա ողբերգական միջադեպը տեղի չէր ունենա, եթե ոստիկանությունը, որը, վստահ եմ, ահազանգ ստացել է, պատշաճ կատարեր օրենքով սահմանված իր գործառույթները, պարտականությունները, որոնցից մեկն էլ կանխարգելիչ միջոցառումներ իրացնելն է։ Անհապաղ պետք է պաշտոնից հեռացնել Ոստիկանության Ապարանի բաժնի պետին, մարզային վարչության պետին։ Շեշտեմ, որ երևանաբնակ երիտասարդների և «Գնթունիք»-ի տիրոջ կողմնակիցների միջև ոխերիմությունը գալիս է անցյալից, նախորդ տարի ևս միջադեպ է արձանագրվել այս երկու կողմերի միջև, ոստիկանությունում նույնիսկ ծառայական քննություն է եղել,  սակայն ոստիկանության պետ Աշոտ Հայրապետյանը, որը սերտ կապերի մեջ է Գնթոյի հետ, կոծկել է այդ գործը։ Ասեմ, որ Գնթոն, որը Ապարանը վերածել է Չիկագոյի ու որոշել է «մանվելական» բարքերը շարունակել, կաշառել է  Հայրապետյանին՝ հող է տվել, և այսպիսով դարձրել է իր ջեբի թաշկինակը, ոնց ուզում՝ թելադրում է։ Ասեմ նաև, որ Հայրապետյանին կաշառքի գործով բռնել, հեռացրել, հետո նորից վերականգնել են։  

Մի կարևոր հանգամանք էլ՝ սպանվածները, Գնթոյի ուղղորդմամբ,  եղել են միտինգների վայրերում։ Պատերազմի ժամանակ, երբ մենք սահմանին կռիվ էինք տալիս, էդ նույն Գնթոյի երիտասարդները եկել էին Երևան, ցույցերի էին մասնակցում՝ մտածելով, թե հեսա, իշխանություն է փոխվելու։ Գնթոն էլ պահանջում էր Փաշինյանի հրաժարականը»։

Civic.am-ի աղբյուրը հատուկ ընդգծեց մեկ այլ կարևոր հանգամանք էլ. «Մոտ  10  օր առաջ Փարվանյանի և Ասատրյանի մասին  ընդդիմադիր մամուլում վարկաբեկիչ հոդվածներ էին տիրաժավորվում։ Ես հորդորեցի՝ դատի տալ, ինձ չլսեցին։ Ակնհայտ է, որ այս մարդիկ նախապես էին թիրախավորվել, և պատահական չէ, որ միջադեպը տեղի ունենալուց հետո ընդդիմության գրպանից սնվող լրատվականները միջադեպը օպերատիվ կերպով կապեցին նրանց անվան հետ»։ 

20 Հունիս, 2022 18:09
Վեր