Մշակութային ժառանգությունը ջնջող ադրբեջանական «ձեռքերը հասել են» Դադիվանքի՞ն․ որքանո՞վ է հավանական վանական համալիրի աղվանականացումը և ինչ սպասել․ պարզաբանում է մշակութաբանը

Դադիվանքի հայ հոգևորականներին կփոխարինեն Բաքվի ռուսական թեմի սպասավորնե՞րը։ Օրեր շարունակ շրջանառվող տեղեկությունը դեռ ոչ հերքվել է, ոչ էլ հաստատվել։ Որքանո՞վ են արժանահավատ այս տեղեկությունները, ցույց կտա ժամանակը, մի բան ակնհայտ է՝ կարծես հիմա էլ  մշակութային ժառանգությունը ջնջող ադրբեջանական  «ձեռքերը հասել են» Դադիվանքին։

Հիշեցնենք, որ Քարվաճառ/Քելբաջարը, որտեղ  հայ առաքելական միջնադարյան վանական համալիրն է,Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ  44-օրյա պատերազմից հետո, այժմ այնտեղ տեղակայաված են ռուս խաղաղապահները։

Սպասելի՞ էր, որ  Շուշիի Ղազանչեցոցի, Ամարասի վանական համալիրի, Շուշիի Կանաչ ժամի  և բազմաթիվ այլ  հոգևոր-մշակութային կառույցների պատմական խմբագրումներից հետո հերթը կհասնի Դադիվանքին։ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է․ «Դադիվանքը Գանձասարից հետո Արցախի՝ նշանակությամբ  երկրորդ մշակութային ժառանգության մարմնավորումն է, ամենահայտնիներից է»։  

Համլետ Պետրոսյան

Դադիվանքը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է:

Հաշվի առնելով պատմական այս հարուստ անցյալը՝ Պետրոսյանը պատահական չի համարում, որ հենց Դադիվանքի շրջակայքում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին․ «Ռուսները նկատի ունենալով Դադիվանքի  կարևորությունը,  դրա նշանակությունը ոչ միայն հայկական, այլ միջազգային մշակութային ժառանգության տեսանկյունից, խաղաղապահներ են ուղարկել, խոստանալով, որ համալիրը գտնվելու է իրենց վերահսկողության տակ, և հայ ուխտավորները, ինչպես նաև հայ կրոնավորները ազատ ելումուտ են ունենալու»։

Ուխտագնացություններ դեպի Դադիվանք, առանձապես չկան։ Դրանցից վերջինը և այս տարի դեռ միակը՝ Սուրբ Հարության տոնին էր, որը մինչև վերջին օրը պարզ չէր, կիրականա թե ոչ։ Ուխտագնացությունը թեև տեղի ունեցավ, բայց դրա վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը հաջորդ օրն իսկ ջնջվեց բոլոր հարթակներից։ 

«Ադրբեջանը, ինչպես միշտ, շարունակում է իր քաղաքականությունը, միշտ դնում է շատ մեծ խնդիրներ, որ նույնիսկ իր ուժը չի պատելու, բայց և այդ ուղղությամբ քայլեր է անում։ Ես կարծում եմ հիմնական խնդիրն այն է, որ  քանի որ Դադիվանքն իրենց անցած տարածքում է՝ իրենք են ուզում տնօրինել»,- նշում է Պետրոսյանը և հավելում, որ խոսակցությունները, թե հնարավոր է Դադիվանքում հոգևոր ծառայություն իրականացնող հայ սպասավորները փոխարինվեն ռուս հոգևորականներով անհասկանալի գործընթաց է։  

Փոխարենը, հասկանալի է, որ  ադրբեջանական քարոզչությունն իր առջև խնդիր է դրել ներկայացնել հայկական մշակութային ժառանգությունը որպես աղվանական և ուդիական և ցույց տալ, որ այն միայն հետագայում է  ձևափոխվել հայերի կողմից։ Ինչպես մնացած հոգևոր կառույցների դեպքում, Դադիվանքի վանական համալիրի հավանական աղվանականացումը կամ ուդիականացումն էլ այս նպատակն ունի, հետևաբար, ըստ Պետրոսյանի․ «Ադրբեջանն անընդհատ ճանապարհներ է փնտրում այդ խնդիրը լուծելու համար, և մենք ականատեսն ենք լինում»,- նշում է Պետրոսյանը։

Ընդգծենք, որ Ադրբեջանական քարոզչամեքենան պատերազմի ավարտից անմիջապես հետո դեպի Արցախի գրավյալ տարածքներում գտնվող մի շարք հայկական վանքեր և եկեղեցիներ (Դադիվանք, Սպիտակ խաչ վանք, Ծիծեռնավանք, Տողի սուրբ Հովհաննես եկեղեցի) սկսեց պարբերաբար կազմակերպել ներկայիս ուդիական համայնքի ներկայացուցիչների այցեր, որոնք լայնորեն լուսաբանվում էին ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից: Հայկական եկեղեցիներում «աղվանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր էին կատարում», որոնցից հետո ԶԼՄ-ներին տրվող հարցազրույցներում խոսում էին այն «վնասների մասին», որ ստացել էր «աղվանական մշակութային ժառանգությունը հայկական օկուպացիայի ժամանակ»:

Պետրոսյանը նշում է, որ  այս ամենը հայկական ժառանգությունը բռնայուրացնելու քաղաքականություն է։ Պատմությունը խմբագրող ադրբեջանական քաղաքականությունը, մշակութաբանի խոսքով, աշխատեցնում է միաժամանակ մի քանի մեխանիզմ․ «Ադրբեջանական քաղաքականությունը մի դեպքում հայկական մշակութային ժառանգությանն ուղղակի տիրանալն է,  մյուս դեպքում հռչակելն է ոչ թե հայկական, այլ աղվանական։ Երրորդ դեպքում կեղծված հիմնավորումն է, որ այդտեղ, ակնհայտորեն, եթե  հայկական ինչ-որ բաներ էլ կան, դրանք հայերը հետագայում են արել»։

Նկատի ունենալով  Դադիվանքի աղվանականցման ռիսկերը, Պետրոսյանը նշում է, որ այն հազիվ թե հայտնվի այն իրավիճակում, որում Շուշիի Ղազանչեցոցն է․ «Ղազանչեցոցն արտաքին տեսքով փորձում են նմանեցնել ռուսական Ուղղափառ եկեղեցուն, որի գմբեթը  սուր վեղար չունի ,  այլ կիսակլոր է։  Դադիվանքը որևէ ձևով չեմ  կարծում, որ նման խնդրի առաջ կանգնի։ Այստեղ խնդիրն այն է, որ Դադիվանքը ադրբեջանցիները հռչակելու են որպես աղվանից եկեղեցի,որը  ենթարկվելու է Բաքվում ստեղծվող աղվանական կամ ուդիական համայնքին»։

Մեր զրուցակցի խոսքով, սակայն, հայ հոգևորականների ներկայությունը զսպող մեխանիզմ է, որը  թույլ չի տալիս ադրբեջանական այս հավանական ծրագրերը դարձնել իրականություն․ «Բայց ես չեմ կարծում, որ եթե նույնիսկ հայ եկեղեցականներն այնտեղից տարհանվեն, դրանով Դադիվանքի խնդիրը լուծվելու է հօգուտ ադրբեջանցիների։ Մի խնդիր էլ կա, այնպես չէ, որ հայ հոգևորականներին առաջարկելու են՝ նրանք էլ վեր են կենալու և դուրս գան, խնդիրը այն է ,որ ինչ-որ  ձևով բռնություն պիտի գործադրեն, ինչ-որ տարհանում պիտի կազմակերպեն, պիտի դիմեն ինչ-որ ուժի  սպառնալիքի, որը նույնպես բացարձակապես ընդունելի չէ»։

«Ադրբեջանը  վարում է շատ մտածված, շատ խորամանկ քաղաքականություն։ Դա մշակութային ժառանգությունը միակողմանի, միջազգային կոնվեցիաներին դեմ սեփականացնելու քաղաքականությունն է, ինչի իրավունքն Ադրբեջանը և որևէ մեկը ընդհանրապես չունի, որովհետև մշակութային ժառանգությունը ողջ մարդկությանն է»,-մեր զրուցակիցը վստահեցնում է՝ Դադիվանքի պատմությունը ողջ մարդկության աչքի առաջ է․ «Գիտական հանրույթը բավականաչափ տեղեկացված է  Դադիվանքի մասին, կան միջազգային մի քանի կառույցներ, որ նաև հպանցիկ այդ հարցերին անդրադառնում են»։

Մշակութաբանի խոսքով,  մշակութային ժառանգության վերաբերյալ այս լուրջ  խնդիրների բարձրաձայնումը պահանջում է ոչ միայն անհատական, այլ պետական ջանքեր․ «Կան անհատական նախաձեռնություններ, բայց ասել, որ կա  պետական քաղաքականություն, որի արդյունքում մանրամասնորեն և մասնագիտորեն քննվում է այս իրավիճակը կամ  այս առումով  ունենք որոշակի միջոցառումների ցանկ, գոնե ես տեղյակ չեմ»։

«Արցախի իշխանությունները մի շաբաթ առաջ կազմակերպեցին նման միջոցառում, Արցախի ՄԻՊ-ի, պետնախարարի ներկայությամբ։ Արցախն իր համեստ ուժերով փորձում է որևէ քաղաքականություն մշակել։ Մենք,անկեղծ ասած, լծված ենք այն գործին, թե ինչ անել հիմա, ցանկանում ենք հայեցակարգային մի բան ստեղծել»,- ասում է Պետրոսյանը։

Zarkerak.am-ը կապ հաստատեց նաև Արցախի ՄԻՊ գրասենյակ՝  հասկանալու արդյոք   միջազգային հարթակներում ներկայացվում են  զեկույցներ հայկական մշակութային ժառանգության ձևախեղման հարցերի վերաբերյալ, ի՞նչ արձագանքներ են ստանում դրանք և, առհասարակ, ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծված Դադիվանքի շուրջ։ Մեզ հայտնեցին, որ այս թեմայով տեղեկատվություն տրամադրել դեռ հնարավոր չէ, փոխարենը  հղում արվեց  Հայկական մշակութային ժառանգություն Արցախում (Լեռնային Ղարաբաղ) ՄԻՊ հաշվետվությանը։

 

Մարիամ Մկրտչյան

21 Հունիս, 2022 15:45
Վեր