«Նման միջոցառումների անցկացումը տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև ոլորտի զարգացման և կայացման համար առանցքային նշանակություն ունի: Այսօր մեկ հարթակում հանդես կգան տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, որպեսզի քննարկեն արդիական թեմաներ, կկիսվեն իրենց փորձով, հաջողության պատմություններով: Սա նաև լավ հնարավորություն է մեզ համար՝ արձանագրելու ոլորտի զարգացումները և հաջողությունները»,- Երևանում անցկացվող Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում իր ելույթում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով, նման միջոցառումները տեխնոլոգիական ընկերությունների, նաև ոլորտի զարգացման և կայացման համար առանցքային նշանակություն ունեն, այն նաև լավ հնարավորություն են արձանագրելու ոլորտի զարգացումները և հաջողությունները:
Նախարարը նշեց նաև, որ պետք չէ խուսափել նաև խնդիրների մասին խոսելուց: Դրանք վերհանելը և քննարկելը, լուծման ուղիներ մշակելը հնարավորություն են տալիս չկրկնել սխալները, խուսափել նոր սխալներ գործելուց:
«Ստարտափ էկոհամակարգի զարգացումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության օրակարգում է»,- Խաչատրյանն ընդգծեց, որ հետևողական աշխատանք է տարվում ստարտափների կայացման և առաջընթացի համար:
«Հայաստանը տեխնոլոգիական մեծ ներուժ ունի, և այդ ներուժը, մասամբ, այստեղ է հավաքված: Համոզված եմ, որ այս գագաթնաժողովի արդյունքները երկար սպասել չեն տա: Վստահ եմ, որ միջոցառումը կանցնի արդյունավետ և կնպաստի, որ միասին գտնենք առաջընթացի նոր ուղիներ»,- նշեց Խաչատրյանը: