Վանեցյանը չկարողացավ մանդատը ծառայեցնել իր գլխավոր նպատակին և դուրս եկավ. մանդատը վայր դնող պատգամավորները ցույց են տալիս, որ իրենք անօգուտ են և չեն կարող ծառայել ժողովրդին․ քաղաքագետներ

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ հանդես եկավ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարությամբ. «Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում»։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Zarkerak.am-ի հետ զրույցում, անդրադառնալով  այս հայտարարությանը՝ նշեց, որ Արթուր Վանեցյանը մեծ հաշվով խորհրդարանում որևէ հարց լուծել չէր կարող. «Մենք պետք է հիշենք, որ Վանեցյանը խորհրդարանում ուներ ընդամենը մեկ մանդատ, մնացած «Պատիվ ունեմ» դաշինքի մանդատները հանրապետականինն էին: Այստեղից գալիս ենք եզրահանգման, որ Վանեցյանի և ՀՀԿ-ի միջև կային որոշակի տարաձայնություններ, որոնք թույլ չէին տալիս պարոն Վանեցյանին շարունակել մասնակցել խորհրդարանի նիստերին»:

Այն հարցին, թե արդյոք այս որոշումը բխում էր «Դիմադրություն» շարժման ձախողումից՝ Ստեփանյանն ասաց, որ  միանշանակ ասել չի կարող. «Պարզ է, որ այս շարժման մեջ նա այլևս իրեն չէր տեսնում և այն, որ շարժման մնացած անդամների հետ ուներ որոշակի հակասություններ, արդեն իսկ ակնհայտ էր: Արթուր Վանեցյանն իր հետագա անելիքներն արդեն հստակեցրել է և նրա քաղաքական գործունեությունն այսքանով չի սահմանափակվելու»:

Ըստ քաղաքագետի՝ Վանեցյանի առաջ ի սկզբանե խնդիր է եղել դրված՝ ստեղծել շարժում. «Նա կատարեց իր պարտականությունը՝ սկսեց շարժումը, և երբ այդ շարժումը դրվեց ռելսերի վրա, նա իր դերակատարումը համարեց սպառված և քաշվեց մի կողմ: Վանեցյանն  ի սկզբանե գիտեր, որ այդ շարժումն իմաստ չունի, եթե այդքանը հասկանում էինք մենք, հասկանում էր փորձագիտական հանրության մեծ մասը, կարծում եմ՝ դա հասկանում էր նաև ինքը»:

Ստեփանյանի խոսքով և՛ այս շարժումը, և՛ մնացած շարժումները,  որոնց հետևում կանգնած են լինելու  ընդդիմադիրները, հարված են հասցնելու Հայաստանի պետականությանը, հասարակությանը և բանակցային դիրքերին. «Մեր երկրում կան և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, այս ընդդիմությունն այսպիսի դիմադրողականությամբ, այսպիսի շարժումներով որևէ օգուտ այդ պրոցեսներին չի տալիս, վնասից բացի, սա կոնստրուկտիվ ընդդիմություն չի, խնդիրը հենց դրանում է: Ես շատ կուզեի նրանց տեսնել խորհրդարանում և ավելի լուրջ հարցեր քննարկելիս»:

Քաղաքագետի կարծիքով, եթե նրանք նույնիսկ հասնեին իրենց ուզածին և Փաշինյանը հեռանար, միևնույն է՝ ոչինչ չէր փոխվելու, դեռ ավելի էր վատանալու. «Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում, նույնը կարող ենք ասել այս դեպքում: Եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից և նրա տեղը հայտնվի Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Արթուր Վանեցյանը, դրանից որևէ բան դրական կողմ չի փոխվելու, և դա մենք արդեն կարող ենք փաստել: Դա չի կարող տեղի ունենալ առաջին հերթին ընդդիմության տկարության պատճառով և այն գործունեության պատճառով, որը մենք տեսնում ենք: Նրանք չեն կարողացել նույնիսկ փողոցային պայքար կազմակերպել, այդ մարդիկ կարո՞ղ են պետություն ղեկավարել: Մեզ սպասում է, լավագույն դեպքում, վերադարձ Սերժ Սարգսյանական 10 տարիների հետընթացին»:

Անդրադառնալով մամուլում շրջանավող այն լուրերին, որ ընդդիմադիր պատգամավորներից լինելու են մարդիկ, որոնք կրկին վայր են դնելու մանդատները՝ քաղաքագետն ասաց. «Այն պատգամավորները, որոնք մանդատները վայր են դնում, նրանց ընտրողները պետք է հարց տան, թե ինչո՞ւ էին իրենց ձայները նրանց տվել: Նրանք պատասխանատվություն պետք է կրեն հենց իրենց ընտրողների առջև: Ես չեմ հասկանում՝ մանդատ վայր դնելով ի՞նչ նոր արդյունքների նրանք կհասնեն իրենց պայքարում: Ես այդպիսի արդյունքների հեռանկարներ հիմա չեմ տեսնում»:

Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ ընդդիմութունը և Հայաստանի քաղաքական պալիտրան արդեն իսկ պատրաստվում են հերթական ընտրություններին. «Նրանք շատ լավ հասկանում են, որ իշխանությունը չի հեռանալու և արտահերթ ընտրություններ չեն լինելու, այս կոմեդիային վերջիվերջո պետք է վերջ տրվի: Այս խմորումներն ունեն հեռահար նպատակներ, որով այդ մարդիկ պատրաստվում են հերթական խորհրդարանական ընտրություններին»:

Մեզ հետ զրույցում քաղաքագետ Մովսես Հարությունյանը Վանեցյանի մանդատը վայր դնելը համարում է «Դիմադրություն» շարժման այս փուլի տապալումը. «Վանեցյանը երեկ կրկին խոստովանեց, որ իր գլխավոր նպատակը գործող իշխանության հեռացումն  էր, քանի որ նա այս փուլում չկարողացավ այդ պատգամավորական մանդատը ծառայեցնել իր գլխավոր նպատակին, դուրս եկավ: Վանեցյանը սկսեց շարժումը հետո իր ձեռքից խլեցին այն, նա ըստ էության հայտնվեց մեկուսացված կարգավիճակում և իր այդ նեղվածությունն արտահայտեց պատգամավորական մանդատը վայր դնելով»:

Քաղաքագետի խոսքով, մանդատը վայր դնող պատգամավորները ցույց են տալիս, որ իրենք որպես հասարակության կողմից ընտրված ներկայացուցիչներ անօգուտ են և չեն կարող ծառայել ժողովրդին:

Հարությունյանը չբացառեց, որ ապագայում Արթուր Վանեցյանը կնախաձեռնի նոր շարժում, որում արդեն հանդես կգա որպես առաջնորդ և թույլ չի տա, որ կողքից այլ ընդդիմադիրներ միանան ու խոչընդոտեն. «Նա փորձելու է մի քանի ամիս հետո ստեղծել նոր շարժում, որը կարող է իր պատկերացմամբ որևէ արդյունքի հասնել, սակայն դրանք սին պատկերացումներ են»:

Ըստ Մովսես Հարությունյանի`եթե ողջ ընդդիմադիրները միավորվելով չկարողացան որևէ արդյունքի հասնել, Վանեցյանն իր փոքր խմբով ինչպե՞ս կարող է արդյունք գրանցել:

 

Աննա Բզնունի

22 Հունիս, 2022 14:47
Վեր