Արջերի հարձակումները նախորդ տարվա համեմատ շուրջ 7 անգամ ավելացել են․ ինչու՞ են ակտիվացել արջերը․ ինչու՞ են խախտվել մարդ-վայրի կենդանի համակեցության կանոնները

«22 հատ վելիկան սորտի ճագարներ տարավ, մոտ 2․5 տարեկան էին։ Կարծեմ 2019 թվին էր»,- Zarkerak.am-ի հետ զրույցում Արփի համայնքից Արա Ասատրյանը պատմում է, թե ինչպես արջը մի քանի չստացված փորձերից հետո հաջողացրեց տանել իրենց ճագարները․ «Դրանից մի քանի օր առաջ հարևանության բոլոր թռչուններին, ճագարներին, մեղվի փեթակները ջարդում էր, փշրում էր, տանում էր։ Մի օր իրիկուն գալիս եմ  տուն, կինս գնում է քնելու, ինձ կանչում է, ասում է՝  արի արջը մտնում է ճտանոց, վազում եմ, գալիս եմ մի կերպ արջին ղրգում ենք, մեր բախչի ծառ ու ճյուղ ջարդելով գնում է»,- այսպես Արան առաջին անգամ փրկում է իր կենդանիներին։

«Դրանից 4 օր հետո մայրս տարավ, որ ճագարներին կեր տա, ասաց արի, արջը մտել է գոմ։ 22 ճագարից ոչ մի հատը կենդանի չէր մնացել, մի 4  հատը ներսում էր կերել, որոշ մասը՝ դրսում , բարձրացել էր հարևանի ճագարներ էր կերել, մեղվի փեթակն էր ջարդել, էն մյուս հարևանից  6 հատ հավ կերել ու էս ամենը՝ սաղ արել էր մեր այգում»,- պատմում է Արան և նշում, որ դեպքից մոտ 10 օր հետո էլ արջին կրկին տեսել են իրենց այգում։

Արան ասում է՝ շատ վնաս կրեցին, բայց չի բողոքում, վնասը երկու կազմակերպություն փոխհատուցեց՝ այդ թվում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Հետո որոշեցին գյուղում հերթապահություն անել, վախեցնել գյուղին մոտեցող արջերին՝ օդ կրակելով․ «Մարդ ես էլի, մրգի համար, մսի համար, մարդկանց չվնասեր»։

Այն, որ այս տարի արջերը ակտիվացել են, փաստում են և՛ թակարդ տեսախցիկներից ստացվող տվյալները, և՛ ահազանգերը, և՛ գյուղացիների շարունակական և անհանգիստ գիշերային հերթապահությունները։

«Արայենց այգում արջը իսկական «ռեկետ էր արել»»,- մեզ հետ զրույցում ասում է Արփի համայնքի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանը․ « Ըստ ստատիստիկայի՝ արջի ամիսը սկսվում է հունիսից։ Տարիների կտրվածքով առաջին այցը եղել է հունիսի 15-ին, 18-ին, անցած տարի կարծեմ 25-ին է եղել։ Գալիս է հիմնականում մինչև օգոստոսի վերջ»,- ինչպես նկատում ենք պարոն Հովսեփյանը  հիմնականում խոսում է մեկ՝ արդեն ծանոթ արջի մասին, պարզվում է, ամեն տարի Արփիի այգիներ ու հողամասեր մտնող արջը նույնն է, ժամանակին, ինչպես ինքն է ասում,  եղել է «ձեռքի պահած»՝ գյուաղցիներն են կերակրել քոթոթ եղած ժամանակ․ «Մեզ մոտ եկող արջը ձեռագրով տարբեր է բնության  մյուս  արջերից։ Փեթակի կողքով անցնում է, բայց  չի մոտենում, փոխարենը հավ է ուտում, ճագար է ուտում։ Այս տարի, ի զարմանս բոլորի, դեռ   չի եկել,  պատրաստ սպասում ենք, գիշերները համագյուղացիներով հերթապահություն ենք անում»։

Արփի գյուղը

Հովսեփյանի խոսքով, իրենց ծանոթ արջը փոխել է այցելությունների «աշխարհագրությունը», եթե ժամանակին միայն մեկ թաղամաս էր գնում, հիմա անկանխատեսելի է․«Անցած տարի օգոստոսին Գիտությունների ազգային ակադեմիայից եկան՝ վարքագծի ստուգման համար, պատկերացրեք, ասացին և՛ մեր գյուղում է եղել և Շատին գյուղում՝ 15 -20 կմ հեռու։ Այս արջի հետ դեռ առճակատում չենք ունեցել։ Բայց դե վախ կա, արջ է, վայրի կենդանի է։ Այս  ընթացքում լուսավորության ցանցը կառուցեցինք, գոնե մարդը տեսնի, դիմացն ինչ է, ինչ չէ»։

Պարզվում է՝ գյուղի հողամասերի սահմանագծին վայրի արջեր էլ են հանդիպում․ «Լավ «տեռոր» են անում, մրգեր են ուտում, ծառեր են ջարդում, դա հին ձեռագիր է։ Բայց այս տարի դեռ չեն արել»։  

Վարչական ղեկավարի խոսքով, արջեր նկատելիս պարտադիր  ահազանգում են ԱԻՆ, տեղյակ են պահում բնապահպանական կազմակերպություններին, վնասների մասին տվյալները ներկայացնում են մարզպետարանին՝ բնապահպանական կազմակերպությունների միջոցով փոխհատուցում ստանալու համար։

Արջերի վնասների վերաբերյալ նույն աշխատելաոճով են գործում նաև Եղեգիս խոշորացված համայնքում։ Ի տարբերություն Արփի համայնքի, այստեղ արջեր արդեն իսկ նկատել են, արջերն էլ հասցրել են վնասներ պատճառել գյուղացիներին․ «Եղեգիս համայնքի 12 բնակավայրերի մասով 18 վնասման դեպքեր ունենք։ Մեղուների,  անասունների վնասման դեպքեր են եղել։ Շատին բնակավայրի բնակիչներից մեկին էլ էին վնասել։ Խնդրի լուծման համար համայնքը որպես նվիրատվություն ստացել է էլեկտրական  հովիվներ,նաև լուսավորությունն ենք գիշերը վառ պահում», - Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է   խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղար Աննա Դանիելյանը։

Տիկին Դանիելյանը ևս հավաստում է, որ այս տարի արջերի այցերը համայնքի տարածքում շատացել են, անցնող տարի արջերի վնասման դեպքերով միայն 9-ը դիմում էին ստացել նույն ժամանակահատվածի համեմատ․«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը միայն անասունների մասով որոշակի փոխհատուցումներ տվեց այն բնակավայրերում, որոնց վարչական շրջաններում գտնող համայնքային հողերի հետ կապված վարձակալական պայմանագրեր ունեին»,- նշում է Դանիելյանը։

 

«Արջերի հարձակումների մասով մայիս ամսվա վերլուծությունը  վերջերս ենք արել, հունիս ամսվս տվյալները դեռ ամփոփված չեն։ Գրանցվել է վայրի կենդանիների  հարձակման 35 դեպք, որից 3-ը գայլերի հարձակում է եղել, 32-ը՝ արջերի։ Այս դեպքերից 31-ը գրանցվել է Վայոց Ձորի և 1-ը Արագածոտնի մարզում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նշում է ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ Արսեն Սարոյանը։  

ԱԻՆ պաշտոնյայի խոսքով, այս տարվա մայիսին  արջի հարձակումից վնասվել է 128 մեղվաընտանիք, 4 խոշոր եղջերավոր կենդանի, հոշոտվել է 9  թռչուն, մեկ կենդանի և տուժել է 2 մարդ։

Սարոյանը, համեմատելով 2021 թ-ի տվյալները, ևս փաստում է, որ այս տարի արջերն ակտիվացել են․«Ընդհանուր վայրի կենդանիների կողմից  վնասումների մասով անցած տարի մայիսին ունեցել ենք 5 դեպք՝ մեծ մասն արջերի կողմից։ Արջերի  հարձակումների դեպքերը 6-7 անգամ ավելի են այս տարի»։

Մեր զրուցակիցը վստահեցնում է՝ ԱԻՆ-ը 24/7  ռեժիմով հերթապահություն է իրականանցնում, արձագանքում են  բոլոր ահազանգերին․ «ԱԻՆ-ի գործառույթը արջերի հարձակումների մասով  երկու հատվածի կարող ենք բաժանել։ Դեպք ենք ունեցել, երբ մի քանի տարի առաջ արջը արգելափակվել էր, մեր հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը արձագանքել էր, արջին քնեցրել են, արգելափակումից դուրս են բերել»։  

Սարոյանն ասում է, նման դեպքերում իրենց գերատեսչությունը դիմում է մարզպետարանների համապատասխան վարչություններին, համայնքային մարմիններին։

«Դեպքերի  գերակշիռ մասում, միայն արձանագրում ենք, որ արջը եկել է համայնքին կամ բնակչին վնաս է հասցրել, կամ մեղվի  փեթակներ է վնասել»,- ԱԻՆ պաշտոնյան նշում է, որ իրենք չեն զբաղվում արջերի տեղափոխությամբ, իրենց գործառույթը կենդանիների հայտնվելը արձանագրելն է  և տեղեկատվությունը  համապատասխան մարմիններին և ստորաբաժանումներին փոխանցելը։  

Թակարդ-տեսախցիկների նկարահանումները,փաստել են, որ  արջերի աննախադեպ ակտիվացում է նկատվում․ «Հաշվի առնելով առկա խնդիրները՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն առաջարկում է ստեղծել արագ արձագանքման խումբ՝ կազմված ԱԻՆ աշխատակիցներից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներից, Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցչից և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահներից։ Արագ արձագանքման խումբը պատասխանատու կլինի հնարավորինս արագ հասնելու դեպքի վայր, արձանագրելու և փաստագրելու տեղում հարձակման դեպքերը և հաշվետու կլինի պատկան մարմիններին», - երեկ այսպիսի առաջարկով հանդես եկավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

«Արդեն գրեթե 7  տարի է՝ զբաղվում ենք այս խնդրով, և ականատես ենք լինում, որ տարեց տարի արջերի ակտիվությունը ավելանում է, հատկապես Վայոց Ձորի և Արարատի մարզերում։ Դա, միգուցե, կերի հետ կապված խնդիր է, նույնիսկ կարող է կլիմայի փոփոխության ազդեցության պատճառով լինել»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նշում է հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ռուբեն Խաչատրյան

Խաչատրյանը, սակայն, հատկապես ընդգծում է արջերի ակտիվացման գործում մարդկային գործոնը․ «Շատ դեպքերում աղբը նետում են այն վայրերում, որտեղ պետք չէ նետել, օրինակ ձորերում։ Այս տարվա մարտին Օհանավան գյուղում քաղաքացուն վնասելու դեպքը, երբ եղավ մարդիկ ձորի  ամբողջ երկայնքով աղբ էին նետել  և, իհարկե, արջի համար դա  հասանելի սնունդ  է և  արջն էլ աղբի, այսպես ասած, սննդի հետքերով  գալիս է և մտնում է մարդկանց այգիները»,- ասում է Խաչատրյանը և մտահոգություն հայտնում, որ ոչ մեկն այդ մարդկանց ձեռքը չի բռնում և չի ասում, որ անթույլատրելի է , չի կարելի աղբը թափել ձորը։

Մարդկանց կողմից արջերին ակտիվացնելու հաջորդ քայլն էլ անասնապահության կազմակերպման ընթացքում ի հայտ եկող խնդիրներն են․«Մարդիկ շատ հաճախ բաց են թողնում իրենց երիտասարդ  անասուններին, որոնք արածում են բաց դաշտում՝ առանց հովվի։ Այս դեպքում  կամ պետք է ձևաչափը փոխվի, կամ  մարդկանց պատկերացումները, որ այլևս չթողնեն  այդ կենդանիներին ազատ՝ առանց հովվի։ Կամ էլ պետք է  օգտագործեն նոր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են էլեկտրական հովիվները»,- պարոն Խաչատրյանը նշում է, որ էլեկտրական հովիվները արջերի հարձակումները կանխելու արդյունավետ մեթոդներ են, որոնք կարող են ցանկապատել հսկայական  տարածքներ․ «Այսպես  անում են բոլոր այն երեկրներում, որտեղ կան նմանատիպ վտանգներ, որպեսզի  կարողանան ապահով իրենց  կենդանիներին,  նույնը վերաբերում է նաև մեղավապահությանը»։

«Տարիներ առաջ սկսեցինք համայնքներին և գյուղացիներին նվիրել  էլեկտրական հովիվներ, որոնք արևային  մարտկոցով են աշխատում և կարող են նույնիսկ հեռավոր արոտների ժամանակ օգտագործել։  Հիմա ովքեր օգտագործում են էլեկտրական հովիվներ,  իրենց մեղվի փեթակները, մեղվաընտանիքները ապահովագրված են  արջերի հարձակումներից։ Երկու մարզում ենք աշխատում ՝ Արարատի մարզում և Վայոց Ձորի մարզում, 3 կլաստերների հետ՝ Արենի, Եղեգիս, Զառիթափ, Արարատի մարզում՝  Վեդի խոշորացված համայնքում և մի քանի գյուղերում՝ Լանջառ , Լուսաշող և այլն»։   

Ռուբեն Խաչատրյանը նշում է դեռ 1-2 տարի առաջ, նկատեցին, որ արջեր կային, որոնք պարբերաբար մտնում էին նույն գյուղերը, հարձակում էին գործում, մտնում էին անասանգոմեր․ «Դա որոշակի իմաստով շեղված վարքագիծ է, որովհետև արջերը սովորաբար այդպես անվախ, օրը ցերեկով չեն մտնում գյուղերը։  Խնդրի շուրջ քննարկումներ են եղել Շրջակա միջավայրի նախարարությունում,  մարզպետարաններում, համայնքներում, բայց սայլը տեղից չշարժվեց։ Մենք դեռ այն ժամանակ  էինք առաջարկում թե՛ ֆինանսապես, թե՛ մեր կարողություններով  օժանդակել այս հարցում, որովհետև առաջինն էինք, որ ստեղծեցինք արջերի փրկարար կենտրոնը,տարեկան փրկում ենք 4-5 արջ, մասնագիտացված կազմ ունենք, դեղորայք ունենք, լիցենզավորում ունենք, ունենք թակարդ տեսախցիկները, որոնք կարող ենք մշտադիտարկում իրականացնել»։

Մեր զրուցակցի խոսքով, համապատասխան գերատեսչություններից արագ արձագանքման խումբ ստեղծելու այսօրվա անհրաժեշտությունն էլ բխում է արջերի ակտիվացման հանգամանքից․ «Չենք փորձում պատկան որևէ մարմնի աշխատանքը վերցնել մեզ վրա,  և կատարել այն գործերը, որոնք պետական  մարմինները պետք է իրագործեն, մենք միայն  պատրաստակամ ենք օգնելու, օժանդակելու պետական մարմիններին, որպեսզի աշխատանք արվի  և հարցերին լուծումներ տրվեն։  Մեր նամակով ևս մեկ անգամ փորձ ենք արել հարցին առչնվող կառույցներին միավորել և հասկանալ՝ ինչպես կարող ենք համայնքներում և այն մարզերում, որտեղ արջերի ակտիվությունն ամենաբարձր ցուցանիշն ունենք, խնդիրները լուծել։  Մեր պատկերացումով դա պետք է լինի համատեղ աշխատանք՝ պատասխանատու մարմինների հետ»,-  Խաչատրյանը շեշտում է՝ սա այն դաշտն է, որին պետք է չէ «մատների արանքով նայել»։

«Մենք մեր կողմից մեկ անգամ ևս  ֆիքսեցինք, որ պատրաստ ենք օգնել, բայց մինչև այսօր մեզ ոչ ոք չի դիմել, կամ ցանկութուն հայտնել համագործակցության կամ ֆինանսավորում ստանալու։ Հիմա փորձում ենք ինքներս կազմակերպել այդ աշխատանքը, որ հասկանանք ակտիվության ցուցանիշները, որպեսզի, որտեղ կա ակտիվություն,  շատ խնդրահարույց, անոմալ դրսևորումներ ունեցող արջեր, գոնե առանձնացնենք միջավայրից և այդ ամենը պետք է արվի ՇՄ նախարարության, Կենդանաբանության ինստիտուտի հետ»,- ասում է Խաչատրյանը։

 

 

Մարիամ Մկրտչյան 

22 Հունիս, 2022 16:22
Վեր