2022 թ-ի բյուջեի եկամտային մասի կատարման տեմպի առումով 46 միլիարդ դրամից ավելի հավաքագրումներ ունենք․ դրանք կուղղվեն նոր ծրագրերի իրականացմանը․ Փաշինյան

«2021 թ-ի արդյունքներով պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ի սկզբանե ավել ենք կատարել՝  147 միլիարդ դրամով։ Այսօրվա դրությամբ  2022 թ-ի բյուջեի եկամտային մասի կատարման տեմպի առումով մոտավորապես 46 միլիարդ դրամից ավելի հավաքագրումներ ունենք»,- կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտնեց վարչապետ Նիոլ Փաշինյանը։

«Ապրիլի դրությամբ մենք 30 միլիարդից ավել հավաքագրում ունեինք, բայց ֆինանսների նախարարության հետ խորհրդակցելով եկանք այն եզրակացության, որ այդ գումարները դեռ չներառենք  պետական բյուջե, այսինքն՝ պահուստային հիմնադրամ։ Սպասենք կիսամյակն ավարտվի, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ ենք հասկանում, որից հետո ավելացնենք»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետը նշեց նաև, որ այս փուլում պետական  բյուջեի պահուստային  ֆոնդն ավելացնում են  40 միլիարդ դրամով․ «Հավելված ունենք պետական բյուջեում, որտեղ նախատեսել ենք կապիտալ ծրագրեր, որոնք այդ պահի դրությամբ մեր բոյւջետային շրջանակի մեջ չեն տեղավորվել և մենք պահել եք հենց այդ դեպքերի համար։ Կարծում ենք, արտառոց ոչինչ չպատահելու դեպքում, բյուջեի եկամուտները ավելին կլինեն և մենք հիմա նախարարություններից սպասում ենք, որ նոր ծրագրեր ներկայացնեն» ։

Փաշինյանը հիշեցրեց, որ բյուջեի քննարկումների ընթացքում նախարարություները պնդում էին, որ անհետաձգելի ծրագրեր կան․ «Այս անհետաձգելի ծրագրերը կբերեք և կտեսնենք»։

Խոսելով նախատեսվող ծրագրերից, Փաշինյանը նշեց, որ Երևանում պատրաստվում են ստեղծել Արթուր Աբրահամի բռնցաքամարտի դպրոցը  և քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծվի Վիկ Դարչինյանի  դպրոցը․ «Պետք է տեսնենք ,թե ինչքանով կարող ենք արագացնել մեր դպրոցների, մանկապարտեզների, ջրամբարների, ճանապարհների կառուցման տեմպերը։ Իհարկե այլ կարևոր ծրագրեր էլ կան, որոնք պատրաստ ենք իրականացնել։ Խոսքը կապիտալ ներդրումների մասին է»,- ընդգծեց վարչապետը։

23 Հունիս, 2022 11:35
Վեր