Այս տարվա առաջին կիսամյակում հարկային եկամուտները կազմել են մոտ 911 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ 30 տոկոսով ավելի է. Տիգրան Խաչատրյան

Կառավարության այսօրվա նիստում քննարկման է ներկայացված 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 մլրդ դրամի չափով ավելացնելու և այդ միջոցները ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու մասին հարցը:

ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, տարվա առաջին կեսը մոտենում է ավարտին և կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին.

«Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 մլրդ դրամ և դա 30 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 մլրդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս»,-նշեց Ֆինանսների նախարարը:

Նրա խոսքով, հարկային աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Դրանց թվում նախ և առաջ հարկային վարչարարությունների բարելավումն է, որի արդյունքում ստացվել է թե՛ մեկանգամյա զգալի լրացուցիչ հարկային եկամուտներ, թե՛ պարբերաբար նաև ավելացված հարկեր:

« Մյուս պատճառն իհարկե խտանյութերի պետական տուրքի գումարն է, որը մենք նախատեսել էինք 2022 թվականի պետական բյուջեում, բայց եղել ենք քիչ զգուշավոր, որովհետև դա ամբողջ առաջին լիարժեք տարին էր, և մենք մտածում էինք, որ հնարավոր է տարվա ընթացքում զարգացումներն ազդեն այդ մեծությունների վրա: Մենք տարվա կտրվածքով պլանավորել էինք 50 միլիարդ դրամ, մինչդեռ այսօրվա դրությամբ արդեն 38 միլիարդ դրամ ունենք»:

Ըստ Խաչատրյանի՝ առաջին կիսամյակում կա որոշակի գնաճային միջավայր, որն ավելի բարձր է, քան տարվա բյուջեի հիմքում դրված բազային ենթադրությունները.

«Սա որոշակի հարկատեսակների դեպքում հանգեցնում է բազաների ընդլայնման, հատկապես՝ ԱԱՀ-ի դեպքում: Առանց այս փուլում տարվա համար սպասվող հարկային եկամուտների վերջնական և ճշգրիտ կանխատեսում կատարելու՝ գնահատում ենք, որ այսօրվա դրությամբ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշները բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշն այս փուլում 40 միլիարդ դրամով ավելացնելու համար: Այս փոփոխությունը կարևոր է նաև հետևյալ պատճառով. 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի քննարկումների շրջանակում, երբ ամփոփում էինք 2023 թվականի անելիքները, արձանագրել ենք, որ տարբեր ոլորտներում ունենք կապիտալ բնույթի ծրագրեր, որոնք ֆինանսավորման աղբյուր ունենալու դեպքում իրագործելի են նաև 2022 թվականի ընթացքում: Քննարկել ենք նաև 2022 թվականի պետական բյուջեով հաստատված ծախսային առաջնահերթությունների, հավելվածում ներառված կապիտալ բնույթի ծրագրերը և նախատեսում ենք դրանց մի մասը նույնպես ներառել առաջիկայում ֆինանսավորվողների թվում»:

Նախարարի խոսքով՝ այս որոշմամբ առաջարկվող փոփոխությամբ եկամուտների ավելացումը թույլ կտա առաջիկա շաբաթների ընթացքում սկսել կրթության, առողջապահության ֆիզիկական ենթակառուցվածքների այնպիսի նոր ծրագրերի իրականացումը, որոնք հակառակ պարագայում պետք է մեկնարկեին 2023 թվականի սկզբում:

Առաջիկա օրերի ընթացքում կամփոփվեն նաև քննարկված ծախսային ծրագրերի հետ կապված անելիքները և հաստատման կներկայացվի դրանց ֆինանսավորման համապատասխան որոշումները:

23 Հունիս, 2022 11:44
Վեր