Հանկարծ որև մեկը հույս չունենա, թե խոտանի համար պետությունը վճարելու է․ դա բացառված բան է․ Նիկոլ Փաշինյան

«Ես չեմ կարծում, որ մեր կապիտալ ինչ-որ ծրագրի իրագործում  ինչ-որ տեմպով է իրականացվում այն պատճառով, որ  ֆինանսավորման խնդիր կա,  ընդհառակը մեր բոլոր կապիտալ ծրագրերը թերակատարվում են։ Դա մեր պրոբլեմն է»,-կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այնպիսի ծրագիր չունենք, որ շինարարը կառուցում է, մենք հետևից չենք հասցնում, ընդհակառակը շինարարները մեր հետևից չեն հասնում և դա պրոբլեմ է»,- ընդգծեց Փաշինյանը։

Ըստ վարչապետի, մամուլում էլ հրապարակումներ են եղել այն մասին, որ ինչ-որ շինարարներ հարցազրույցներ են տվել կամ  բողոքել են, որ իրենց  գումարները չեն տրվում․ «Չեն տրվում գումարներն այն ծրագրերի դեպքում, որոնք որակով չեն իրականացվում,  հանկարծ որև մեկը հույս չունենա,  թե խոտանի համար պետությունը վճարելու է, դա բացառված բան է։ Բացառվում է, որ պատշաճ կարգով ընդունված  որևէ ծրագրի  ֆինանսավորումն իրականացված չլինի։ Իսկ խոտանի համար ինչու՞ պիտի պետությունը վճարի, բացառված է»։

Վարչապետը նշեց, որ պետք է կազմվեն շինարարների սև ու սպիտակ ցուցակներ, պետք է նաև  ռեյտինգավորվեն կապալառու ընկերությունները, որոնց հավաքած ռեյտինգը  լրացուցիչ գործոն կդառնա մրցույթների համար․ «Դեպքեր կան, որ մարդիկ հաղթում են մրցույթները, հետո  պատշաճ ժամանակում ու որակով չեն իրականացնում  և կառավարության լծակները սահմանափակվում են»։

«Տպավորություն են փորձում  ստեղծել, որ կառավարությունը փողը չի տալիս, ֆինանսական խնդիր կա։ Մենք 2018 թվականից մինչև օրս ոչ մի օր որևէ ֆինանսական խնդիր չենք ունեցել։ Բացի 2018 թվականից՝  գործնականում մեր հավաքագրումների տեմպը միշտ եղել է առաջանցիկ»,-ասաց նա։

23 Հունիս, 2022 11:59
Վեր