Պետությունը շուրջ 20․000 ընտանիքի 1 միլիոն դրամ լրացուցիչ գումար է տալիս․ Նիկոլ Փաշինյան

«Երբ նշում ենք, թե ինչքան եկամուտ է գնացել պետական բյուջե, պետք է արձանագրել, որ վերադարձված գումարներն այդ թվի մեջ չեն հաշվառվում։ Մենք վերադարձնում ենք ԱԱՀ-ը, որի մասով այլևս բիզնեսին պարտք չունենք։ Մինչդեռ 2018-ին 126 միլիարդ գուցե ավել պարտք ենք ունեցել»,- կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2021 թ-ին մենք 32 միլիարդ դրամ եկամտային հարկ ենք վերադարձրել, մոտ 140 միլիարդ դրամի ԱԱՀ։ Եկամտային հարկի մասով հիմնական մասը հիփոթեքային վարկի մարման համար է տրվում, սա նշանակում է, որ մենք տարվա ընթացքում շուրջ 20․000 ընտանիքի մոտավորապես 1 միլիոն դրամ կամ մի քիչ ավելի գումար վերադարձնում ենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, կան  տարբեր մեկնաբանություններ, որ պետությունը հայտարարվող գումարներում վերադարձի գումարն էլ է ներառում․ «Դա ոչ ճիշտ մեկնաբանություն է, հակառակ դեպքում մենք հիմա պետական բյուջեի պահուստային ֆոնդը չէինք մեծացնի, այլ կվերադարձնեինք գումարները։ Այս ամեն ինչն ասվում է գումարները վերադարձնելուց հետո»։

Փաշինյանն ընդգծեց նաև, որ կարևոր են ոչ միայն համախառն, այլ միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները․ «2022 թ-ի մայիսին այն  կազմել է 237․745, դրամ, որը 2021-ի համեմատ ավել է 12 տոկոսով, 2019-ի նկատմամբ՝ 27 տոկոսով, 2018-ի նկատմամբ՝ ավելի քան 34 տոկոսով։ Հույս ունենք, որ աշխատատեղերի այսպիսի աճի տեմպը կկարողանանք պահպանել»։

23 Հունիս, 2022 12:36
Վեր