Վերին Լարսի անցակետի մոտակայքում կբացվի 2-րդ մաքսազերծման զոնան. Քերոբյան

Այս տարվա զարգացումներին զուգընթաց կտրուկ ավելացել է Լարսի անցակետի վրա ճնշումը և բազմաթիվ բեռնատարներ, որոնք նախկինում ուղիղ Եվրոպայից մտնում էին Ռուսաստան, այժմ պետք է շրջանցեն այդ ամբողջ տարածաշրջանը և ամենամոտ անցակետը՝ Լարսն է: Գիտեք նաև, որ ես հունիսի 11-ին Վերին Լարսի անցակետում հանդիպել եմ ռուս գործընկերոջս հետ, որպեսզի միասին տեսնենք, թե ինչ լուծումներ կարող ենք տալ, որպեսզի խնդիրը լուծվի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Կարող եմ ասել, որ մեր պայմանավորվածության արդյունքում հունիսի 20-ին արդեն ՌԴ-ի կառավարությունը որոշում է ընդունել՝ 2-րդ մաքսազերծման զոնա բացել Վերին Լարսի անցակետի մոտակայքում, որն ըստ մեր գնահատականի պետք է 30 տոկոսով ավելացնի թողունակությունը: Դա օրական 400-450 ընդհանուր մեքենաների փոխարեն՝ 650-700 մեքենա է»,- նշեց Քերոբյանը և հավելեց, որ վերջերս արտահանողներցի մեկի մոտ առաջացած խնդրով պայմանավորված վրացի գործընկերների հետ քննարկում են ունեցել, որի արդյունքում ծաղիկները և թարմ ձուկը ևս մտցվել է արագ փչացող ապրանքների կատեգորիայի մեջ և դրանք կկարողանան առանց հերթի անցնել Վրաստանի տարածքով և հնարավորինս արագ մոտենան Վերին Լարսի անցակետին:

23 Հունիս, 2022 13:00
Վեր