Որոշ ապրանքների մասով գնանկում է տեղի ունեցել․ ՄՊՀ նախագահ

«Գնանկում սկսել է տեղի ունենալ մարտ ամսից»,- կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ի պատասխան լրագրողների հարցին, թե դոլարի փոխարժեքի տատանումները գնանկման պատճառ չե՞ն կարող դառնալ, նշեց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Մարտ ամվա համեմատ հունիսին գրանցված գնանկումը ներկայացնելով՝ Գևորգյանը  նշեց․ «Նորզելանդակական կարագի գինը 4692 դրամից իջել է 4400 դրամ՝ միջին կշռված գնով, Անկոր տեսակի կարագը 5038-ից իջել է 4690-ի»։

«Այն պնդումները, որ դոլարի փոխարժեքի հետ միաժամանակ  գները չեն իջել՝ իրականությանը չի համապատասխանում։ Ինվոյսային արժեքներն էականորեն թանկացել են, մենք ցույց ենք տվել, թե ինվոյսային արժեքը քանի տոկոսով է թանկացել, դոլարի փոխարժեքի նվազեցման և ապրանքի վերջնարդյունքի վրա ինչ ազդեցություն է ունեցել»,- նշեց Գևորգյանը։

«Չեմ բացառում, որ կլինեն տնտեսվարողներ և ոլորտներ, որտեղ կա չարաշահում և այդ դեպքերով գնում ենք։ Պրոցես ենք գերեներացնում»,- ասաց ՄՊՀ նախագահը և հավելեց, որ ցանկանում են այնպիսի մեխանիզմ ներդնել, որ յուրաքանչյուրը տեսնի՝ գների փոփոխությունը և շուկայի վրա ազդեցությունը որքանով է իրավաչափ։  

Գևորգյանի խոսքով, եթե կան կասկածներ  ապրանքների ներմուծման գնի հետ կապված, դրանք կարելի է ստուգել բորսայական արժեքներով․«Հաճախ խոսվում է դիզելի գնի հետ կապված, գնի վրա միայն դոլարի փոխարժեքը չէ, որ ազդում է։ Դիզելի գնի բորսայական արժեքն ամբողջ աշխարհում էականորեն թանկացել է»։

Նա նշեց նաև, որ դիզելի ներկրումների մեծ մասը Ռուսաստանից է, հարևան Իրանը այժմ բենզին և դիզել աշխարհին չի մատակարարում։

Գևորգյանը հիշեցրեց նաև, որ Մրցակցության պաշտպանության  հանձնաժողովը գների կարգավորմամբ չի զբաղվում, ներկայացնում են այն ապրանքները, որտեղ կենտրոնացվածություն կա  և կան գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ։

23 Հունիս, 2022 13:10
Վեր