Որ 20 տարի թալան եղել է` նույնիսկ լուրջ հետաքննության առարկա էլ չէ․ իշխանությունը հաստատակամ է այդ գործերն առաջ տանելու հարցում․ մեկնաբանություններ՝ հերթական բացահայտման և նախկին կոռուպցիոն գործարքների մասին

Օրեր առաջ կայքերից մեկը նյութ էր հրապարակել «2 մլն դոլարանոց գույքը ԴԱՀԿ աճուրդում գնել են 10 հազար դոլարով․ գնորդը փոխկապակցված է Միհրան Պողոսյանի հետ» վերնագրով։ Կայքը պարզել էր գույքի օտարման ամբողջ շղթան, դերակատարներին, գույքը փաստացի ձեռք բերողին, հարկադիր աճուրդի ժամանակ իրականացված կասկածելի գործարքները։ Նշվում էր, որ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված Արա Հակոբյանը ԴԱՀԿ ծառայության աճուրդից ընդամենը 5 միլիոն դրամով ձեռք է բերել 1 միլիարդ դրամ արժողությամբ արտադրամաս։ Գործարքն իրականացվել է Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ։

Տխուր է պատկերացնելը, թե որքան ավելի շատ դեպքեր են եղել, և սա ընդամենը մեկ կաթիլ է օվկիանոսում. «Հիմա նախկին իշխանություններն իրենց դնում են խիստ իրավական ֆորմալիստների տեղ՝ չքմեղանալով և ասելով, որ իրենց օրոք ոչինչ չի եղել, իրենք ոչնչի համար պատասխանատու չեն կամ իրենք ոչինչ չեն արել, սա պարզապես ծիծաղելի է: Անհերքելի է, որ նախկինների օրոք թալան եղել է»,-, Zarekrak.am-ի հետ  զրույցում նշեց  քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով վերը նշված բացահայտմանը և  նախկին իշխանությունների ներկայացուցիչների այն հայտարարություններին՝ որ իրենց կառավարման տարիներին թալան չի եղել։   

«Երբ Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ նման բան է տեղի ունենում՝ 1 միլիարդ դրամ արժողությամբ գույքը 5 միլիոն դրամով ձեռք է բերվում Պողոսյանի հետ փոխկապակցված անձի կողմից, ապա սա նշանակում է, որ նախկին իշխանության օրոք տարբեր բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից տեղի են ունեցել քրեորեն հետապնդելի արարքներ: Իհարկե կարևոր է իրավական փաստերի առկայությունը, բայց առանց դրանց էլ բոլորը գիտեն, թե այս երկրում ինչ է տեղի ունեցել»:

Թալանի վերաբերյալ նախկին իշխանությունների հերքումները քաղաքագետը  բնական է համարում՝ քանի որ կաշին թանկ բան է. «Իրենք իրենց քաղաքական հետապնդվողի տեղ են դրել, փորձում են միջազգային կառույցներին ապացուցել, թե իրենց հետապնդումների են ենթարկում, բայց իրականում դրանք ընդամենը շարքային քրեական գործեր են»:

 Մեզ հետ զրույցում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն ասաց, որ նախկինների օրոք Հայաստանում ապրող ցանկացած մարդ իր կաշվի վրա զգացել է թալանի գործընթացը. «Որ 20 տարի թալան եղել է, դա նույնիսկ լուրջ հետաքննության առարկա էլ չի: Կան փաստեր, որոնք ավելի խոսուն են, քան հետաքննությունները: Օրինակ, երբ երկրորդ նախագահի երիտասարդ որդիները միանգամից սկսում են նրա պաշտոնավարման օրոք հաջողակ բիզնեսմեններ դառնալ, դա խոսում է հովանավորչության դրսևորման մասին, երբ պետական գույքը վաճառվում է կոպեկի գնով, դա նույնպես խոսում է կոռուպցիոն դրսևորման մասին: Ի վերջո՝ եղել է նաև քաղաքական կոռուպցիա, մենք գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք ձևավորված կոալիցիաները, եկել են ինչ-որ բան կիսելու՝ պաշտոններ, տնտեսության ոլորտներ, եկամտաբեր ճյուղեր»:

Սուրենյանցի խոսքով, նախկիններն ամեն ինչ են հերքում. «Նախկիններին, որ լսեք իրենք ասում են մեր օրոք ընտրություններ չեն կեղծվել, քաղբանտարկյալներ չեն եղել, եթե այսպես շարունակվի մի օր էլ կասեն մեր օրոք մարտի 1 և հոկտեմբերի 27 էլ չի եղել»:

Zarkerak.am-ը նախկինում եղած կոռուպցիոն գործարքների,դրանց բացահայտումների վերաբերյալ  զրուցեց նաև  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի հետ. «Անկախ նրանից, թե իրավական առումով ինչ գործընթացներ են տեղի ունենում և վերջում ինչ արդյունք է լինում, մարդիկ սպասում են ավելի մեծ ու արագ բացահայտումների: Հայաստանում գրեթե բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, թեկուզ եթե գործը ապացուցված չի, բավարար ապացույցներ չկան, կամ դատարանները չեն բավարարում ինչ-որ միջնորդություններ, մարդիկ գիտեն ու տեսնում են, թե օրինակ նախկինում որոշ մարդիկ ինչպես են ապրել, ինչ ունեցվածք ունեն ու համեմատում են: Բոլոր այն մարդիկ, որոնք անաշխատ եկամուտներ են ունեցել, թալանով կամ կոռուպցիոն երևույթներով են զբաղվել, ամեն ինչ կարվի նրանց պատասխանատվության ենթարկելու համար»:

Թունյանի խոսքով նման գործերն ապացուցելը, փաստերը հավաքելը, հետո տվյալ գործն ավարտին հասցնելն այդքան էլ հեշտ չէ. «Այնպես չի, որ նրանք մի տեղից վերցրել, տարել ինչ-որ սնդուկի մեջ են դրել, դրանք բարդ սխեմաներ են, երբեմն մի քանի կոմբինացիաներ են մտածել հետքերը մաքրելու համար, հույս ունեմ, որ այդ գործերն ապացուցելը շատ երկար չի ձգձգվի»,- նշում է Թունյանը և հավելում, որ իշխանությունն հաստատակամ է այդ գործերն առաջ տանելու հարցում:

 

Աննա Բզնունի

23 Հունիս, 2022 15:55
Վեր