Երեխաների շրջանում ինչո՞ւ են ակտիվացել շնչառական ուղիների ախտահարումները. ի՞նչ է խորհուրդ տալիս մանկաբույժ Մարի Դարակչյանը՝ ի՞նչ պետք է անել և ինչից խուսափել

Վերջին շրջանում Հայաստանում, մասնավորապես երեխաների շրջանում, ակտիվացել են շնչառական ուղիների ախտահարման դեպքերը: Սովորաբար, նման խնդիրներն ի հայտ են գալիս ցուրտ եղանակին՝ ուշ աշնանը ակտիվանում են և գարնանը նոր մարում է ալիքը:

Հասկանալու համար ինչով կարող են պայմանավորված լինել ամառային շոգ օրերին շնչառական ուղիների խնդիրների տարածվածությունը, Zarkerak.am-ը զրուցել է ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Մարի Դարակչյանի հետ, ով ասում է, որ դրանք կապվում են շնչառական ուղիներն ախտահարող վիրուսների, բակտերիաների շրջանառության հետ: Իսկ թե ինչո՞ւ են թիրախում երեխաները, մասնագետը բացատրում է նրանով, որ այդ միկրոօրգանիզմներն ավելի հեշտությամբ և ավելի հաճախ են վարակում երեխաներին, քանի որ վերջիններիս օրգանիզմը երբևէ շփում չի ունեցել այդ միկրոօրգանիզմների հետ:

«Այցելում են մանկական կոլեկտիվներ, որտեղ կան իրենց պես երեխաներ, որոնք շփում չեն ունեցել այդ միկրոօրգանիզմների հետ և, բնականաբար, միկրոօրգանիզմները գտնում են պարարտ հող՝ իրենց շրջանառությունը կազմակերպելու համար։ Դա նախադպրոցական տարիքի երեխաներն են հիմնականում»,- նշում է Դարակչյանը:

Նրա խոսքով, այս պահին տարբեր վիրուսներ ու բակտերիաներ են շրջանառվում և չկան դոմինանտ շրջանառվող տեսակներ:

«Ամեն մեկն ունի իր սպեցիֆիկ կլինիկան, որոնց մի մասն ընդհանուր է բոլոր շնչառական վիրուսների համար, օրինակ՝ քթահոսությունը, քթով դժվարացած շնչառությունը, կուլ տալու ակտի ցավոտությունը, ջերմությունը, հազը, իսկ որոշներն էլ իրենց սպեցիֆիկ առանձնահատկություններն ունեն, օրինակ՝ կարող են զուգահեռ կոնյուկտիվիտ առաջացնել, որոշները կարող են ախտահարել միջին ականջը, կամ՝ ձայնալարերը և այլն»:

Որքանո՞վ է կապվում քովիդի հետ

Մարի Դարակչյանի խոսքով, նախ և առաջ դժվար է ասել, որ այս տարի դեպքերն ավելի շատ են, քան, օրինակ՝ նախորդ տարի: Սակայն, ամեն դեպքում, ամբողջ աշխարհում կարանտինի հետևանքով ձևավորվել է երեխաների մի խումբ, որն էլ ավելի քիչ է շփվել միկրոօրգանիզմների հետ: Հիմա, երբ այս սահմանափակումների վերացվում են, դա բերում է նրան, որ ամեն անգամ նոր շրջանառվող շտամերի ակտիվացման հետ՝ ավելի շատ է լինում վարակվողների թիվը.

«Դա կարող է հիմնավոր բացատրություն լինել, բայց կա՞ կապ  ունեցած քովիդի հետ, թե չկա՝ ես կդժվարանամ ասել, քանի որ այդպիսի հետազոտությունների տվյալների չեմ տիրապետում»,- նշում է մասնագետն ու հավելում, որ տեղեկությունները, թե քովիդի, մասնավորապես օմիկրոնի հետևանք  է՝ սա վարկածի մակարդակում է դեռ, «ընդ որում վարկածի մակարդակում՝ ոչ պրոֆեսիոնալների շրջանում, որովհետև պրոֆեսիոնալները վարկած առաջ քաշելուց որպես պայման պետք է ունենան ինչ-որ հետազոտական հիմքեր, որոնք այս պահին չկան և լայնորեն հայտնի չեն գիտական շրջաններում»:

Ի՞նչ պետք է անեն ծնողները

Շատ հաճախ երեխաները շարունակում են հաճախել մանկական կոլեկտիվներ հիվանդ վիճակով, ինչն էլ հանդիսանում է վարակի տարածման աղբյուր: Այս առումով և՛ կազմակերպությունը և՛ երեխայի ծնողը պետք է պահպանեն զգոնություն: Մի դեպքում ծնողը չպետք է հիվանդ վիճակում երեխային տանի մանկական կոլեկտիվ, մյուս դեպքում, այդ կոլեկտիվի ղեկավարությունը չպետք է թույլ տա հիվանդ երեխայի մուտքն իր կազմակերպություն:

Մանկաբույժ Մարի Դարակչյանը հորդորում է, որ նախ և առաջ ծնողները երեխային պահեն տանը բոլոր այն դեպքերում, երբ օրինակ երեխան հազում է, կամ քթահոսություն ունի:

«Պետք է տանը պահել, տալ առատ հեղուկներ, տարատեսակ իմունոխթանիչներ ման չգալ, ավելորդ չօգտագործել հակավիրուսային դեղորայքներ, որոնք ունեն հստակ ազդեցություն»,- նշում է նա ու հավելում, որ շնչառական տարբեր վիրուսներին մարդիկ ընդհանրական անվանում են գրիպ, բայց շատ հաճախ, իրականում գրիպի հարուցիչը կարող է ոչ մի դեր չունենա:

«Իրականում, շատ հաճախ հենց գրիպի դեպքում քթահոսություն, քթի փակվածություն չկա՝ կա բարձր ջերմություն, ինչից էլ ամեն ինչ սկսվում է: Այսինքն, մնացած բոլոր հակավիրուսային դեղորայքները, կարելի է ասել,  որևէ ազդեցություն չունեն, և նրանց օգտագործումը որևէ միջազգային ուղեցույցով ցուցված չէ»,- շեշտում է Դարակչյանն ու հորդորում՝ ավելորդ դեղորայք չօգտագործել և միայն ջերմիջեցնող միջոցներ օգտագործել, այն էլ այն դեպքում, եթե 38,5 աստիճանից բարձր է ջերմությունը և երեխայի ինքնազգացողությունը վատ է: Ասում է, պետք է խուսափել երեխայի մոտ դեղորայքից գերդոզավորում առաջացնելուց, և, ուստի, շատ դեպքերում պետք չէ անհանգստանալ բարձր ջերմության երկար պահպանումից, քանի որ հիվանդ երեխայի մոտ մինչև կարգավորվելը բարձր ջերմության պահպանումը նորմալ է: Մասնագետը նաև ընդգծում է՝ ինքնաբուժության փոխարեն պետք է դիմել մանկաբույժին:

Ի՞նչ սնունդ է կարելի և ի՞նչն է հակացուցված

«Երեխային պետք է տալ առողջ սնունդ՝ անկախ նրա հիվանդ կամ առողջ լինելուց»,- ասում է մանկաբույժ Մարի Դարակչյանը: Նա զգուշացնում է, որ պետք է զերծ մնալ «ֆաստֆուդի», շատ քաղցր սննդի օգտագործումից:

«Կարող եմ ասել, որ շատ հեղուկներ են պետք՝ մաքուր ջրի տեսքով: Հյութերը, որոնք վաճառվում են՝ ցուցված չեն երեխաների օգտագործման համար, դրանցում շատ շաքարի պարունակություն կա: Մնացածը՝ միրգ, բանջարեղեն, սպիտակուցներ, ածխաջրեր բոլորը պետք է լինեն երեխայի ռացիոնում, որովհետև հիվանդ երեխան, ավելի քան առողջ երեխան, կարիք ունի կալորիաների ու սպիտակուցների, որպեսզի կարողանա դիմակայել հիվանդությանը»,- ընդգծում է մանկաբույժն ու հավելում, որ իրականում շատ երեխաներ այդ ընթացքում հրաժարվում են սննդից: Շեշտում է նաև՝ պետք չէ պարտադրել, միայն պետք է հեղուկները պահել բավարար մակարդակի վրա:

«Ինչ վերաբերում է կաթ-կաթնամթերքի սահմանափակմանը՝ եթե փորլուծություն չկա, ապա կարելի է նաև տալ կաթնամթերք»,- նշում է մանկաբույժը:

 

Արաքսյա Փաշոյան

23 Հունիս, 2022 16:42
Վեր