Մուկուչյանը պարզաբանել է, թե ինչ գործընթաց է սպասվում Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, թե ինչ գործընթաց է սպասվում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մուկուչյանը հարցին անդրադարձավ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Եթե լիազորությունները դադարեցվում են, ապա մանդատը փոխանցվում է տվյալ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե հերթական հաջորդ թեկնածուն սահմանված կարգով ներկայացնում է ինքնաբացարկ, ապա մանդատը փոխանցվում է հաջորդ թեկնածուին, որն ինքնաբացարկ չի ներկայացրել: Հետևաբար` խմբակցությունը, որն ԱԺ-ում արդեն ունի անվանում, հանդես է գալիս այդ անվամբ, այդ անվանումը պահպանվում է»,-ասաց Մուկուչյանը:

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ, եթե ընտրական ցուցակում այլևս չկա թեկնածու, որին կարող է փոխանցվել այդ մանդատը, ապա այն մնում է թափուր:

Կարգն այսպես է՝ ԿԸՀ-ում ստացվում է լիազորությունների դադարեցման վերաբերյալ արձանագրությունը, այս պահի դրությամբ ԿԸՀ-ում նման դիմում չի ստացվել, ստանալուց հետո ԿԸՀ-ն մեկշաբաթյա ժամկետում, եթե լինում են հերթական հաջորդ թեկնածուների հետ կապված ինքնաբացարկների հարց, քննում է, եթե չեն լինում, ապա մանդատը միանգամից փոխանցվում է հերթական հաջորդ թեկնածուին:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե օրինակ երկու ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորները մանդատներից հրաժարվեն՝ Մուկուչյանն ասաց՝ օրենսգիրքը սահմանում է, որ, եթե ընտրական ցուցակի հերթական բոլոր հաջորդ թեկնածուները հրաժարվում են, ու ընտրական ցուցակում այլևս չկա թեկնածու, ապա այդ դեպքում այդ մանդատը թողնվում է թափուր, չի փոխանցվում որևէ այլ անձի: Նշված պայմաններում խորհրդարանը, ըստ առկա օրենսդրական կարգավորումների՝  այդ թափուր մանդատով շարունակում է գործունեությունը: «Եթե մնում է միայն մեկ խմբակցություն և այդ խմբակցությունն ունի 50 տոկոսից ավել պատգամավորներ, մյուսները բոլորը հրաժարվել են, չկա որևէ այլ անձ, որ մանդատ փոխանցվի, ապա խորհրդարանը շարունակում է գործել այդ խմբակցությամբ»,-ասաց ԿԸՀ նախագահը:

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հայտնել էր, որ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը:

23 Հունիս, 2022 17:06
Վեր