Օրենսդրական նախաձեռնությունը միտված է ընտրական համակարգը լավարկելուն. Վահագն Հովակիմյան

Օրենսդրական փաթեթը միտված է լուծելու Ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումներից հետո ի հայտ եկած խնդիրները: Այս մասին ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը հունիսի 23-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: Քննարկվել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ներկայացնելով օրենսդրական նախաձեռնության հիմնական դրույթները` Վահագն Հովակիմյանը նշել է, որ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ մեկ ընդհանուր քվեաթերթիկով կազմակերպվող ընտրությունների ժամանակ անվավեր քվեաթերթիկների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան տարբեր քվեաթերթիկներով (Ազգային ժողովի ընտրությունների մոդելով) կազմակերպվող ընտրությունների դեպքում: Ուստի եւ, առաջարկվել է ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում ներդնել տարբեր քվեաթերթիկներով կազմակերպվող մոդելը: Առաջարկվել է նաև ՏԻՄ համամասնական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից ապահովել ուղիղ հեռարձակում:

Զեկուցողի խոսքով` համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցությունների նախընտրական հիմնադրամները մասնավոր բանկերում ձևավորելու փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել նախընտրական հիմնադրամների կառավարման, ֆինանսական վերահսկողության, թափանցիկության ապահովման, ինչպես նաև օրենսդրության միատեսակ կիրառումն ապահովելու տեսանկյունից: Նախաձեռնությամբ առաջարկվում է նախընտրական հիմնադրամները բացել Կենտրոնական բանկում, ինչն էապես կդյուրացնի կուսակցությունների նախընտրական ֆինանսավորման կառավարման և կազմակերպման գործընթացները:

Ավագանիների առաջին նիստերի ընթացքում ծագող խնդիրները լուծելու համար առաջարկվել է կիրառել «ԱԺ առաջին նստաշրջանի ինստիտուտը». առաջին նստաշրջանում նիստի վարման իրավունքը կտրվի առավել քվե ստացած քաղաքական ուժին:

Ըստ Վահագն Հովակիմյանի` հրաժարվել են ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների համար նախատեսված շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից, ինչը պարունակում է չարաշահման մի շարք ռիսկեր: Այն կկիրառվի բացառապես քվեարկության օրը ձերբակալման վայրում գտնվող անձանց համար:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, կարևորելով հանրային քննարկումը կարծիքների հավաքման տեսանկյունից, ներկայացրել է գործադիրի դիտարկումները: Նա անդրադարձել է Կառավարության կողմից ընտրված մասնագիտացված կազմակերպության ընտրության կարգի սահմանման անհրաժեշտությանը` հետագայում չարաշահումներից և շահարկումներից զերծ մնալու համար: Նա խնդրահարույց է համարել ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումն ու միաժամանակյա համացանցային հեռարձակումը` նշելով, որ բոլոր տեղամասերն ապահովված չեն համապատասխան տեխնիկայով և հնարավորություններով:

Առաջիկայում տեղի են ունենալու ԿԸՀ ընտրություններ և արդյո՞ք հավակնում եք դառնալ ԿԸՀ նախագահ` հարցին ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանը նշել է, որ ԿԸՀ նախագահի և անդամի թեկնածուներին առաջարկում է խմբակցությունը:

Այս պահին խմբակցությունը չունի որևէ որոշում կամ առաջարկություն:

23 Հունիս, 2022 17:54
Վեր