Դոլարի արժեքը մոտենում է 400 դրամի սահմանին. ի՞նչ ազդեցություն է սա ունենալու արտահանման ոլորտի վրա և ի՞նչ սպասել փոխարժեքի տատանումներից

Փոխարժեքի շուկայում վերջին ամիսների միտումները շարունակվում են՝ դոլարն ու եվրոն անկում են ապրում, հայկական դրամը շարունակում է արժևորվել:

Այսօրվա դրությամբ 1 դոլարի արժեքն առքի պարագայում կազմում է առավելագույնը 404 դրամ, իսկ նվազագույնը՝ 400 դրամ: Վաճառքի դեպքում 1 դոլարի առավելագույն արժեքը 413 դրամ է, իսկ նվազագույնը՝ 409 դրամ է:

Ինչ վերաբերում է եվրոյին, ապա առքի առավելագույն արժեքը 1 եվրոյի համար կազմում  է 425  դրամ, նվազագույնը՝ 415 դրամ, վաճառքի պարագայում առավելագույն արժեքը՝ 444 դրամ է, նվազագույնը՝ 433 դրամ:

Rate.am կայքի տվյալներով՝ 28.06.2022-ի 16:30-ի դրությամբ

Տնտեսագետ, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է, որ երկու գործոններ են առանձնացվում, որոնք նպաստել են դրամի արժևորմանը դոլարի նկատմամբ: Դրանցից առաջինը Հայաստան եկած արտարժութային բավական մեծ ներհոսքն է, որն հասել էր 200-250 միլիոն դոլարի՝ մարտ-ապրիլ ամիսներին: Երկրորդ գործոնը, ռուսական ռուբլու զարգացումներն են, որոնց դրամն արձագանքում է.

«Ըստ էության ներկա փուլում ռուբլու արժևորումը հանգեցնում է իր հերթին դրամի անժևորման: Բայց, այստեղ պետք է հասկանանք, թե  դրամի արժևորման որ մասն է նաև ընդհանուր շուկայական սպասումների ձևավորման և դրանց թելադրանքով փոխարժեքի փոփոխության հետևանք: Ընդհանրապես, փոխարժեքը և ցանկացած ֆինանսական ակտիվի գին ունի տրենդով շարժվելու հատկություն, այսինքն, երբ սկսում է որոշակի ուղղությամբ շարժընթաց, այդ շարժընթացը շարունակվում է մինչև որոշակի պահի, երբ սպասումներն արդեն իսկ բավարարվում են, չեզոքանում են, և այստեղ որոշակի գերարձագանքի երևույթ կարող է լինել»,- ասում է տնտեսագետը:

Նշում է, որ եթե գերարձագանքի մասին խոսենք, այստեղ նախ պետք է ասել, որ մեր արժութային շուկան բավականին փոքր ծավալներ ունի՝ ընդհանուր առմամբ փոքր իրացվելիություն, չկա արտարժույթի առուվաճառքի միասնական հարթակ, ու ըստ էության, իրացվելիությունը ձևավորվում է ապակենտրոնացված ձևով ու այդ պայմաններում նաև ոչ միշտ է տեղի ունենում արդյունավետ գնագոյացում :

«Այս ընթացքում, երբ փոխարժեքը փոփոխվում է, տեսնում ենք բարձր մարժաներ բանկերում, մենք տեսնում ենք անգամ փոխարժեքի մեծ տարբերություններ ըստ բանկերի, ըստ փոխանակման կետերի: Այսինքն, տեսնում ենք, որ շուկան ընդհանուր առմամբ ոչ այդքան արդյունավետ է գործում, և նաև սա ելնում է միասնական հարթակ չունենաու հանգամանքից»:

Ինչ վերաբերում է ՀՀ Կենտրոնական բանկի արձագանքին, Նարեկ Կարապետյանն ասում է՝ ԿԲ-ի դիրքորոշումն այն է, որ ներկայումս ձևավորվել է փոխարժեքի որոշակի միտում, որն ավելի շատ Հայաստան եկած ներհոսքերի պատճառով է, և քանի դեռ փաստեր չկան, որ այդ հոսքերը կարճաժամկետ են, ԿԲ-ն դրանց չի միջամտելու:

«ԿԲ-ի քաղաքականությունը ելնում է միայն կարճաժամկետ տատանումներին միջամտելու ու սեզոնայնությունը հարթեցնելու, և շուկայում գնագոյացման խեղաթյուրումներ առաջանալու դեպքում՝ դրանց գնագոյացմանը նպաստելու նպատակներից ու տրենդների վրա ազդեցություն ունենալու նպատակ չի ենթադրում։ Իսկ կենտրոնական բանկի գնահատմամբ ներկայումս տրենդ է ձևավորվել փոխարժեքի արժևորման, և վերջինս դրա վրա ազդելու, այսպես ասած, մանդատ չունի, որովհետև, ինչպես գիտենք մեր օրենսդրությամբ ԿԲ-ն ունի գնաճի կարգավորման մանդատ և ոչ՝ փոխարժեքի»,- նշում է Կարապետյանը:

Անդրադառնալով սեզոնայնությամբ պայմանավորված դոլարի արժեզրկմանը՝ տնտեսագետն ասում է՝ այո՛, մեր փոխարժեքը որոշակի սեզոնայնություն ունի, սակայն դա շատ ակնառու և շոշափելի սեզոնայնություն չէ.

«Եթե մենք պատմականորեն նայենք, այդ սեզոնայնությունները որոշ տարիներին դրսևորվել են, որոշ տարիներին չեն դրսևորվել՝ որոշ տարիներին չեն դրսևորվել նաև այն պատճառով, որ ԿԲ -ն է փորձել սեզոնայնությունը չեզոքացնել: Այսինքն, որոշակի սեզոնայնության գործոն ունենք, բայց ասել, որ այս վերջին փոփոխությունները սեզոնայնության հետևանք են՝ ճիշտ չէ»,- նշում է տնտեսագետը:

Ո՞ր արտահանողներն են տուժում. վնասի փոխհատուցումը՝ լավագույն լուծո՞ւմ

Երբ մենք խոսում ենք պետության կողմից, կառավարության կողմից ինչ-որ քայլեր անելուց, պետք է հասկանանք, որ նախ դա հարկատուների գումարներով է իրականացվում: Այս մասին ասաց Նարեկ Կարապետյանը պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է աջակցի արտահանողներին այս հարցում:

«Այստեղ միշտ քաղաքականություններ մշակողները մեծ երկընտրանք ունեն. բոլորի հաշվին որոշակի տնտեսվարողների կամ բնակչության որոշակի խմբի սպասարկելու խնդիր կա: Երբ խոսում ենք արտահանողներին սուբսիդավորելու մասին, այստեղ պետք  է նաև նկատի ունենանք, որ սա նաև կարող է անարդարացի սոցիալական վերաբաշխման հիմքեր ստեղծել»,- նշում է նա ու հավելում, որ պետք է նաև ուշադրություն դարձնել այն բանին, որ փոխարժեքի տատանումներից արտահանման ամբողջ մասը չէ, որ տուժում է: Նրա խոսքով, Հայաստանի արտահանման 25 տոկոսն ուղղվում է  դեպի Ռուսաստան, իսկ ռուբլու նկատմամբ փոփոխություն գրեթե չենք ունեցել:

«Ավելին, եթե նայենք իրական արժեքը, այսինքն, որը նաև ճշգրտվում է հարաբերական գներով՝ Հայաստանում և Ռուսաստանում, իրական փոխարժեքի առումով, անգամ մեր արտահանողների գնային մրցունակությունը բարելավվում է Ռուսաստանում, քանի որ Ռուսաստանում գներն ավելի արագ են աճում, քան Հայաստանում: Այսինքն, ընդհանուր առմամբ արտահանման ռուսական ուղղությունը գնային մրցունակության այս փոխարժեքի գործոնի ազդեցությունից, այսպես ասած վնասներ չի կրում»,- ընդգծում է Նարեկ Կարապետյանը:

Տնտեսագետը ՀՀ-ից  արտահանման որպես երկրորդ կարևոր ճյուղ առանձնացնում է հանքահումքը:

«Մենք գիտենք, որ պղնձի խտանյութի արտահանումը շատ մեծ տեսակարար կշիռ ունի մեր արտահանման մեջ՝ 20 տոկոսը գերազանցում է, բայց գիտենք, որ այստեղ միայն պղինձը չէ, այլ կա նաև մոլիբդեն, ոսկի  և այլն: Եթե ամբողջը գումարում ենք, ստացվում է, որ ընդհանուր հանքահումքային արտահանումները մեր արտահանման մոտ կեսին են հասնում: Ու դրանց հետ կապված կարծում եմ, որ արտահանողները շատ խնդիր չեն ունենա, քանի որ դրանց գները բավականին բարձր մակարդակում են»,- նշում է Կարապետյանը։ Ըստ նրա, պղնձի գները միջազգային շուկայում եթե համեմատենք 2-3 տարի առաջվա հետ՝ կրկնակի աճել են:

Նարեկ Կարապետյանն ընդգծում է, որ փոխարժեքի պատճառով արտահանման հետ կապված խնդիրներ ունի արտահանողների մոտ 30 տոկոսը:

«Լուրջ խնդիրների է բախվում օրինակ ծառայությունների արտահանումը, որն հիմնականում վերաբերում է IT կազմակերպություներին: Այսինքն, խնդիրն հիմնականում այդ դաշտում է, բայց, եթե IT կազմակերպությունների մասին ենք խոսում, իրենք արդեն իսկ օգտվում են բավականին լավ պետական կարգավորման դաշտից, որովհետև իրենք վճարում են ավելի քիչ եկամտահարկ, իրենց որոշ մասը չի վճարում շահութահարկ»,- առանձնացնում է տնտեսագետն ու հավելում, որ բավականին շատ մտածելու տեղ կա, թե որ կազմակերպություններն են, որ աջակցության կարիք կունենան և որոնց հասարակության տեսանկյունից՝ արդյունավետ կլինի կարիքներին ընդառաջ գնալ ու որոշակի մեխանիզմներ կիրառել:

Դոլարն անկում է արձանագրում, սակայն այդպես էլ ապրանքների գները չեն իջնում

Նարեկ Կարապետյանն անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչու Հայաստանի ներքին շուկայում այդպես էլ դոլարի փոխարժեքի նվազմանը՝ զուգահեռ չի նկատվում ապրանքների գների նվազում, ասում է, որ մեր շուկան բավականին փոքր է չափերով ու ոչ բոլոր շուկաներում է, որ բավարար քանակ կա տնտեսվարողների, որպեսզի այնպիսի մրցակցային շուկա ապահովվի, որ գներն արագ ու ճկուն արձագանքեն շուկայական մեխանիզմներով:

Նրա խոսքով, առանձին կարևոր ապրանքների գծով միջազգային շուկայում գնաճի կտրուկ դրսևորումներ կան ներկայում ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով և փոխարժեքի փոփոխությունը, փոխարժեքի արժևորումը թույլ չի տալիս դա այսպես ասած՝ չեզոքացնել, գուցե որոշակի մեղմում է, բայց չեզոքացնելու հնարավորություն չի տալիս.

«Օրինակ, այս սեզոնին մեր քաղաքացիներին շատ է մտահոգում դիզելային վառելիքի գները, որովհետև դա ուղիղ ազդում է գյուղատնտեսության շահութաբերության,գյուղատնտեսական ապրանքների գների վրա: Այսինքն, այսպես շղթայով այս պահին ամենակարևորն այդ գներն են: Բայց, օրինակ վերջերս ՏՄՊՊՀ-ն փոքր զեկույց էր հրապարակել, որում ասվում էր, որ դիզվառելիքի գները միջազգային շուկայում վերջին ամիսներին մոտ 50 տոկոսով աճ են ունեցել: 50 տոկոս աճ, ու այդ պայմաններում փոխարժեքն արժևորվել է 10-15 տոկոսով, բայց այդ 10-15 տոկոսը չի կարող չեզոքացնել  միջազգային շուկայում տեղի ունեցած 50 տոկոս գնաճը»,- ասում է Նարեկ Կարապետյանն ու հավելում, որ հաճախ տնտեսվարողները կարող են կողմնորոշվել իրենց սպասարկող փոխարժեքի մակարդակով, այլ ոչ թե նրանով, որը տվյալ պահին արձանագրված է, «բայց եթե հաշվի առնենք, որ արդեն փոխարժեքի որոշակի տրենդ է ձևավորվել, կարծում եմ, տնտեսվարողների մոտ այդ գործոնը գնանշումներում ներառելու ամուր հիմքեր արդեն իսկ ձևավորում է, և այս առումով, պետք է ապագայում էլ այդ գործընթացներն տեղի ունենան և փոխարժեքի գործոնը առավել տեսանելի լինի գների փոփոխության մեջ»:

 

Արաքսյա Փաշոյան

28 Հունիս, 2022 17:28
Վեր